144 հայ դպրոցականներ դարձել են «Ռուսական արջուկ: Լեզվագիտությունը բոլորի համար» մրցույթի մրցանակակիրներ: Ինչպես, ըստ «Մեդիամաքսի», ասել է «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանը, մրցույթն առաջին անգամ է անցկացվել Հայաստանում, եւ դրան մասնակցել է Երեւանի եւ Գյումրիի 49 դպրոցների 2-11-րդ դասարանների ավելի քան 2 հազար աշակերտ: Դավիթ Սահակյանը նկատել է, որ «Ռուսական արջուկը» Հայաստանում «Այբ» հիմնադրամի կողմից անցկացվող «Կենգուրու» մաթեմատիկական մրցույթի, այսպես կոչված՝ «կրտսեր եղբայրն» է:
Դավիթ Սահակյանն ընդգծել է, որ «Այբ» հիմնադրամի մրցույթները օլիմպիադաներից եւ կրթական այլ մրցույթներից տարբերվում են իրենց գրավչությամբ: «Մենք փորձում ենք երեխաների մեջ ներարկել սովորելու ցանկությունը, նրանց շահագրգռել կրթական գործընթացով»,- ասել է նա: Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցիչ Վիկտոր Կրիվոպուսկովը տեղեկացրել է, որ մրցույթի բոլոր մասնակիցները կստանան հուշանվերներ, իսկ հաղթողները՝ Կռիլովի, Տոլստոյի եւ Բուլգակովի գրքեր: Բանակցություններ են ընթանում հաղթողներին Ռուսաստանի բուհերում անվճար սովորելու արտոնությունների տրամադրման շուրջ: