Հարցազրույց Գիտության եւ առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի նախագահ Հարություն Կարապետյանի հետ
– Որո՞նք էին գիտության բնագավառի ձեռքբերումները 2010-ին:
– Սովորական տարի էր, եթե հաշվի չառնենք, որ Հայաստանի բնակչությունը պետբյուջեի հաշվին համալրվեց ՀՀ ԳԱԱ եւս 4 ակադեմիկոսներով եւ 16 թղթակից անդամներով: Չեմ կարծում, որ մեր դիրքերն ավելի են բարելավվել «մեկ շնչին ընկնող գիտությամբ», էլ տեղ չկա. չէ՞ որ առաջին տեղում էինք գլոբուսի վրա: Այս հարցով ավելի տեղեկացված կլինի ՀՀ ԿԳՆ ԳՊԿ-ն, քանի որ այդ դատարկաբանության հեղինակային իրավունքը իրենն է: Հակառակը, կարող եմ ստույգ տեղեկացնել գոնե մեկ կորուստի՝ «Հայկական վիրտուալ գիտական գրադարան»՝ ՀՎԳԳ ծրագրի մասին: Այսպես, ԳՊԿ-ի «դե յուրե» ղեկավարը, իր խիստ «պետականամետ» դիրքորոշմամբ, անտեսելով նույնիսկ իր վերադասի՝ ԿԳ նախարարի կարծիքն ու հրահանգները (որոնք հիմնված էին նաեւ ՀՀ նախագահին եւ վարչապետին ուղղված հիմնավորումների վրա), ՀՀ գիտական համայնքին զրկեց խիստ անհրաժեշտ ՀՎԳԳ ծրագրի ռեսուրսներից: Հնարավորություն էր ստեղծվել մոտ 85 մլն դրամ ներդրումով ձեռք բերել այդ ծրագրով նախատեսվող ռեսուրսների փաթեթն ու հարակից տեխնիկական հնարավորությունները: Այն ներառում էր. ա) SpringerLink-ի (մոտ 2000 աղբյուր), բ) Elsevier-ի «ScienceDirect» (մոտ 2500 աղբյուր), գ) Ամերիկյան եւ միջազգային մասնագիտական միությունների կողմից հրատարակվող (մոտ 250 աղբյուր), դ) Elsevier-ի «Scopus» վարկանիշային, ե) Thomson Reuter-ի «ISI Web of Knowledge» վարկանիշային տեղեկատվական շտեմարանների ռեսուրսները, ինչպես նաեւ՝ զ) Մեկ պատուհանի միջոցով փնտրման տեխնիկական հնարավորությունները: ԳՊԿ-ի ղեկավարն իր «ազգանվեր» կեցվածքով նախընտրեց ձեռք բերել (ըստ բյուջեի՝ 60 մլն դրամով) միայն ու միայն SpringerLink-ի ռեսուրսները, որոնք նույնիսկ քանակական առումով, մի կողմ թողնելով որակականը, շատ ավելի համեստ են:
– Բայց եւ այնպես, ՀՀ վարչապետն իր Ամանորի շնորհավորանքում առանձնացրեց նաեւ գիտության ձեռքբերումները:
– Ավելին, նա նշեց, որ 2010թ.-ն բնութագրվել է նաեւ գիտության բնագավառում «նկատելի ձեռքբերումներով»: Պարզ չէ, թե ինչի մասին է խոսքը՝ այն էլ հոգնակիով, որոնք հիշարժան լինեին վարչապետի մակարդակի համար: Մի բան է պարզ. 2010թ. մեր հետազոտողները միջազգային ճանաչում ունեցող ամսագրերում տպագրել են 595 հոդված, իսկ 2009-ին՝ 720: Եթե այս նվազումը նվաճում է, ապա, իհարկե, դրանք նկատելի ձեռքբերումներ են: Տվյալները վերցված են «Web of Knowledge» շտեմարանից: Ոչինչ, որ նույն 2009թ. Թուրքիան տպագրել է 25688 հոդված: Վերահաշվարկենք մեկ շնչի կտրվածքով՝ ամեն ինչ կկարգավորվի: Բայց ինչ անենք այն փաստի հետ, որ թուրքական «HACETTEPE» համալսարանը նույն 2009 թ. տպագրել է 1529 հոդված (մոտ 2,5 անգամ շատ, քան Հայաստանի ամբողջ համալիրը): Ես չգիտեմ՝ որքանով սա կօգնի «մեկ շնչի կտրվածքով գիտության» հեղինակներին՝ ԳՊԿ-ի գիտունիկներին: Միգուցե ձեռքբերումները քարանձավներից մեկում հայտնաբերված 5000-ամյա տրեխն է: Բայց այն եզակի էր՝ մեկ զույգն էր միայն: Միգուցե մյուսն էլ ավիակիրների եւ ատոմային սուզանավերի հետ «զոռոցի» կպած եւ համաշխարհային օվկիանոսի ջրերը խարխուլ մակույկով ակոսող ամենայն հայոց նավապետի աշխարհագրական նոր հայտնագործություննե՞րն են: Չգիտեմ: Եթե սրանք են «նկատելի ձեռքբերումները», ապա 2012թ. Ամանորի շնորհավորանքն էլ է արդեն ապահովված՝ 6500-ամյա գինու ոչ ստվերային արտադրամասով: Իսկ ավելի լուրջ, եթե ՀՀ վարչապետի «նկատելի ձեռքբերումներ» հայտարարությունը հիմնված լիներ 2010թ. ՀՀ պետբյուջեի ուղերձով գիտության բնագավառի համար նախատեսված աշխատանքների վերլուծության վրա, ապա այդ դեպքում կարձանագրվեր, որ պետբյուջեի սուղ միջոցները հերթական անգամ քամուն են տրված:
Բայց դե ոլորտի առաջընթացի խոչընդոտների բացահայտման առումով 2010թ.-ն հետաքրքիր զարգացումներով տարի էր: Ստեղծվել է շատ յուրօրինակ իրավիճակ, որի հանգուցալուծումը բնորոշ կարող է լինել նաեւ ոչ միայն գիտության բնագավառի համար: Նախ, ՀՀԿ 20-ամյակի հանդիսավոր նիստին ՀՀ նախագահի ելույթից դեռեւս շատ առաջ, որտեղ նա ճշմարտացիորեն փաստեց, որ «Այսօր մեր առաջընթացի թիվ մեկ խոչընդոտներն են կաշառակերությունն ու կոռուպցիան», հանրապետական ԶԼՄ-ներում բազմաթիվ հրապարակումներ եղան գիտության բնագավառում տեղ գտած նույն խոչընդոտների մասին: Իհարկե, եղան նաեւ այդ քննադատությունը որպես վայրահաչություն որակման փորձեր՝ ինչպես քննադատվող ՀՀ կառավարության անդամի, այնպես էլ նրա ձեռքից կերակրվող պնակալեզ երկրպագուների կողմից: Բայց…: «Բայցն» էլ եկավ տարեվերջին եւ ստեղծվեց շատ ինքնատիպ վիճակ, երբ առկա իրավիճակի եւ դրա հանգուցալուծման ամբողջ պատասխանատվությունը մնաց արդեն ոչ թե ԿԳ նախարարի կամ վարչապետի, այլ հենց ՀՀ նախագահի վրա: Նկատի ունեմ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության բացահայտումները ԳՊԿ-ի չարաշահումների մասին, որոնք, ըստ ծառայության ղեկավարի. «Նախագահն ամեն ինչի մասին տեղյակ է, ոչինչ առանց հետեւանքի չի մնա, ոչ ոք անպատիժ չի մնա» (տես «Ոչ ոք արտոնյալ չէ», «ՀՀ» օրաթերթ, 25.12.10): Այսինքն, պարզվում է, որ գիտության բնագավառի առաջընթացի խոչընդոտների վերացումը պետք է արդեն սպասել ՀՀ նախագահից:
– Հանրապետությունում վերջերս տեղ գտած բարեփոխումները հիմք չե՞ն հանդիսանում գիտության բնագավառի դեպքում նույնպես լավատեսության համար:
– Վստահ չեմ, ճիշտն ասած: Քանի որ ամեն ինչ կախված է ազդեցիկ հովանավորների ջանք ու եռանդից: Երկրորդ, նույնիսկ «լավ է ուշ, քան երբեք»-ի տրամաբանությունը քավության նոխազ չի կարող հանդիսանալ տվյալ դեպքում, քանի որ ամեն ինչ պարզ էր դեռեւս անցած տարվա կեսերին, երբ դեռեւս չէր հաստատվել 2011թ. պետբյուջեն, ներառյալ գիտությանը, որը, ինչպես նշվեց արդեն, իրենից ներկայացնում է 2010թ. գիտության մասով պետբյուջեի «Copy-Paste» տարբերակը՝ կոռուպցիոն ռիսկերի տեսակարար կշռի ավելացմամբ, իհարկե:
– Իսկ ի՞նչ կասեիք արդեն ավարտված եւ դժգոհությունների տեղիք տված ակադեմիական ընտրությունների մասին:
– Դրանք «ակումբային» բնույթ ունեն: Վերջինը յուրահատուկ էր միայն նրանով, որ հնարավոր տեղերի մոտ 30%-ը թափուր մնաց, որը ավելի շուտ ՀՀ ԳԱԱ նախագահության սխալ հաշվարկների հետեւանքն էր, քան թե ընտրողների սկզբունքայնության: Իսկ ըստ մասնագիտությունների ընտրություններն ինտրիգների վրա հիմնված բացահայտ հովանավորչական (կոռուպցիոն) խաղեր են: Այդ խաղերին գիտակցաբար մասնակցողների նպատակն է ամեն գնով տիրանալ գիտական հիմքից զուրկ, բայց շատ գայթակղիչ խայծին՝ տիտղոսին ու տիտղոսավճարին, ինչպես նաեւ ապագա ընտրություններում խիստ շահեկան ընտրողի կարգավիճակին: Իսկ դժգոհությունները պարզապես «աբիժնիկություն» են: Թող չմասնակցեին: Իսկ հիմա, հոդվածներ պատվիրելը, կարծես թե, ուշ է: Պետք է արժանապատվություն ունենային ու լռեին, անկախ ներդրված ֆինանսական կամ բարոյական միջոցներից: Եթե շատ էին ուզում, որ ընտրությունները լինեին օբյեկտիվ ու հիմնվեին ռեյտինգների ու հղումների վրա, թող պայմաններ ստեղծեին եւ ոչ թե գիտական համայնքին, ներառյալ ակադեմիայի այդ նույն ընտրողներին զրկեին վերեւում նշված ՀՎԳԳ ծրագրից, որը ներառում էր միջազգայնորեն ընդունված երկու վարկանիշային շտեմարաններն էլ:
Ինչ վերաբերում է ընտրությունների խոհանոցին, ապա շատ հեռու պետք չէ գնալ դրանց բնույթը բացահայտելու համար: Կարելի է քննարկել ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Վիուլեն Հակոբյանի թարմ մեկնաբանությունները («Գիտպետկոմի նախագահին ակադեմիկոսները կտրել են», «Առավոտ», 11.01.2011թ.) եւ շատ բաներ կպարզվեն: Այսպես, ըստ նրա՝ «Բաժանմունքում քվեարկողները ոլորտի մասնագետներ էին, թեկնածուներին իմացող մարդիկ, ….»: Այդ դեպքում, ինչպես հասկանալ, որ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Արամ Շահինյանը «քիմիա» մասնագիտությամբ ակադեմիկոս օծվելու համար քվեարկվել է «Բնական գիտությունների» եւ ոչ թե «Քիմիական եւ Երկրի մասին գիտությունների» բաժանմունքում: Բացի դրանից, ձեռքիս տակ են 1991թ. սկսած «Web of Knowledge» շտեմարանում ներկայացված Հայաստանի բոլոր քիմիկոսներն իրենց հրապարակած հոդվածների թվաքանակով, որտեղ բացակայում է նորընտիր ակադեմիկոս Ա. Շահինյանի անունը: Այնուհետեւ Վիուլեն Պարույրովիչը շարունակում է պարզաբանել ընթերցողներին, այսինքն՝ հարկատուներին. «համապատասխան հանձնաժողովը՝ կազմված ակադեմիկոսներից եւ թղթակից անդամներից, ուսումնասիրում է տվյալ գիտնականի հետազոտությունների գիտական ու հանրապետական նշանակությունը եւ անպայման հասարակական դեմքը ու որոշում՝ որ թեկնածուն է ավելի արժանի. …Ինչ վերաբերում է ռեյտինգին, դա հարաբերական բան է»: Բացարձակապես ճիշտ է, որ «ռեյտինգը հարաբերական բան է», բայց միայն գիտական ձեռքբերումների առումով, որով եւ պետք է, որ ընտրվեին արժանիները՝ այն էլ միջազգային նշանակության աշխատանքների հիման վրա: Այն փաստը, որ Վ. Հակոբյանը նշում է «հետազոտությունների գիտական ու հանրապետական նշանակությունը»՝ պարզ է, որ պատահական չէ: Ըստ ընտրությունների պայմանների, «միջազգայինի» տրանսֆորմացիան՝ «հանրապետականի», պայմանավորված է այն փաստով, որ նորընտիր տիտղոսակիրների մեջ կան նաեւ միջազգային տեսակետից բացարձակապես ներդրում չունեցողներ, որոնց հարկատուների հաշվին պետք է ցմահ «պատվովճար», թե «քծնավճար» կոչվածը հատկացվի: Հակառակն ապացուցելու նպատակով առաջարկում եմ ՀՀ ԳԱԱ կայքում տեղադրել ԳԱԱ գոնե նորընտիր անդամների գիտական հոդվածների ցանկերը: Կարծում եմ, սա լուրջ դժվարություններ չպետք է առաջացնի, քանի որ այդ ցանկերը արդեն ներկայացված են: Դրանք պարզապես պետք են ՀՀ ԳԱԱ ընտրությունների վարկը բարձրացնելու եւ իմ պես չկամների աչքը մտցնելու համար: Հարկ եմ համարում անդրադառնալ խորհրդային «բարոյապես կայուն», իսկ ըստ Վիլեն Պարույրովիչի «եւ անպայման հասարակական դեմքը» հասկացությանը: Պետք է փաստել, որ թեկնածուների «հասարակական դեմքը» ուսումնասիրող հանձնաժողովը, մեղմ ասած, վատ է աշխատել կամ, պարզապես, շրջանցել որոշ փաստեր: Տեղին է հիշեցնել հանրապետական ԶԼՄ-ներում, թեկուզեւ, միայն իմ որոշ հրապարակումների մասին. «Медлить нельзя» (թԸ, 07.09.2006), «Ո՞վ է մեղավոր բլեֆի համար» («Առավոտ», 29.03.2008) եւ «Համազգեստի պատիվը» («Առավոտ», 24.04. 08)։ Չեմ կարծում, որ այդ հանձնաժողովը անծանոթ էր նշված բացահայտումներին (այլապես կոմպետենտ չէր լինի «հասարակական դեմքը» ուսումնասիրելու տեսակետից)։ Ակնհայտ է, որ եթե նրանք հաշվի առած լինեին նշված հրապարակումները, ապա գոնե չէին աջակցի մեքենայությունների վարպետին՝ հերթական մեքենայության համար, այն է՝ ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ, ՀՀ ԳԱԱ քարտուղար Ա. Շահինյանի «քիմիա» մասնագիտությամբ ակադեմիկոսի օծումը «Բնական գիտությունների» բաժանմունքի «փակ, գաղտնի» քվեարկությամբ։ Ի դեպ, ընդհանուր բնույթի հարց էլ է առաջանում։ Օրինակ, թե ինչո՞ւ էին թեկնածուների մասնագիտացումները շրջանցող ընտրությունները դրվել հենց Վ. Հակոբյանի կողմից ղեկավարվող «Բնական գիտությունների» բաժանմունքի ուսերին…