Լրահոս
Օրվա լրահոսը

Պարտքերը մարում են ընտրություններին ընդառա՞ջ

Հունվար 22,2011 00:00

Ըստ ՀՀ տարածքային կառավարման նախարարության, 2008 թվականի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ բոլոր համայնքները (912 քաղաք եւ գյուղ) միասին չէին վճարել 2,321 միլիարդ դրամ աշխատավարձ, իսկ 2011-ի հունվարի դրությամբ, աշխատավարձի պարտքի մեծ մասը արդեն վճարվել է եւ մնացել է ընդամենը 390,547 միլիոն դրամ պարտք:
Ամենամեծ պարտք ունեին Գեղարքունիքը՝ 590,217 միլիոն, Շիրակը՝ 481,558 միլիոն եւ Արագածոտնը՝ 545,776 միլիոն: Աշխատավարձի պարտք ամենաքիչը կուտակվել էր Արարատում՝ 9,926 միլիոն դրամ:
Անցած երեք տարում Հայաստանի 10 մարզերից ութի գյուղերն ու քաղաքները հաջողել են այնպես աշխատել, որ ընթացիկ պարտքեր չեն կուտակել եւ միայն Շիրակի ու Արագածոտնի համայնքներն են, որ 2010 թվականը աշխատավարձի պարտքով են փակել: Շիրակում 1,516 միլիոն դրամ աշխատավարձի պարտք ունի Սիզավետ, իսկ 642,5 հազար դրամ՝ Բավրա գյուղը, Արագածոտնում՝ 1,573 միլիոն դրամ՝ Սաղմոսավան գյուղը: Ողջ Հայաստանում այս երեք գյուղերն են 2010 թվականին պարտքեր կուտակել, երեք գյուղի երկուսի ղեկավարը Հանրապետական կուսակցության անդամ են:
Իսկ անցած տարիներից եկող 390,547 միլիոն դրամ պարտքի կեսից ավելին Գեղարքունիքի համայնքներինն է՝ 189 միլիոն, հետո՝ Շիրակի համայնքներինը՝ 67,535 միլիոն, Արմավիր՝ 60,899 միլիոն, Արագածոտն՝ 43,382 միլիոն, Սյունիք՝ 15,723 միլիոն, Լոռի, Տավուշ, Վայոց ձոր՝ յուրաքանչյուրը՝ 4-6 միլիոն: Արարատն ու Կոտայքը աշխատավարձի պարտքեր չունեն:
Ուրախալի է, որ մարդիկ վերջապես վարձատրվել են, ցավալի է, որ այդ ընթացքում շուկայում գներն են բարձրացել: Բայց վերջին երեք տարում Հայաստանը վագրային կամ որեւէ այլ կատվազգիի թռիչք չի կատարել, ուստի իրականությունից այնքան էլ հեռու չէ պնդումը, թե 2012-ի ԱԺ ընտրություններից առաջ 912 համայնքապետերը, որոնց կեսը ՀՀԿ-ից են, «լավամարդ» են դառնում՝ խիստ որոշակի նպատակով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել