Նոյեմբերյանի հարկային տեսչությունը Նոյեմբերյանի Երեւանյան փողոցի 6-րդ շենքում վերջերս դրոսելների արտադրամաս գործարկած «Արտամետ» ՍՊԸ-ին տուգանել է 2,3 միլիոն դրամով: Մեր տեղեկություններով, ընկերությունը թեւեւ գրանցված է հարկային տեսչությունում, սակայն հայտարարություն չի տվել արտադրություն սկսելու մասին: Հարկային տեսչության աշխատակիցները պարզել են, որ արտադրամասը 21 աշխատող ունի, իսկ նրանց արտադրած դրոսելները տեղադրվում են ռազմական եւ բժշկական սարքավորումներում՝ նախատեսված են հոսանքի ինդուկտիվությունը կայունացնելու համար:
Խորհրդային տարիներին Նոյեմբերյանի Երեւանյան 6 շենքում գործել է դրոսելների գործարան: Սակայն գործարանի լուծարումից հետո, 90-ական թվականների երկրորդ կեսին տնազուրկ նոյեմբերյանցիներն այդտեղ տարածք են գնել եւ բնակարան դարձրել: Նրանք ունեն բնակարանի սեփականության վկայականներ: Շենքի 11 բնակիչներ նամակով դիմել են Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանին եւ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանին ու մտահոգություն հայտնել, որ երկու շքամուտքով իրենց բազմաբնակարան շենքում գործում է «թունավոր եւ աղմկոտ արտադրամաս, որը բնակելի շենքի ներսում անթույլատրելի է»:
Բացի «Արտամետից» եւ բնակարաններից, այս շենքում կան նաեւ երկու խանութ, վարսավիրանոց եւ օբյեկտների պահպանության ոստիկանական ծառայություն:
Ու մինչ հարկայինը տուգանում է «Արտամետին», մարզպետը բնակիչներին խորհուրդ է տվել արտադրամասի թունավոր լինելը պարզելու համար դիմել ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ: