Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՄԱՃԱՐԱԿ ԿԱ, ՎՏԱՆԳ՝ ՈՉ

Հունվար 22,2011 00:00

Ըստ համաճարակաբանների, ծնողների իրազեկվածությունն ու գիտակցությունը բարձրացել են ու հիմա առողջության հարցում վստահում են միայն բժիշկներին:

Ձմեռային արձակուրդներից հետո Արմավիրի մարզի դպրոցներում դասերը վերսկսվեցին ոչ թե հունվարի 10-ից, ինչպես հանրապետության այլ մարզերում ու Երեւանում, այլ մեկ շաբաթ անց՝ հունվարի 17-ից: Պատճառը աշնանային չօգտագործված արձակուրդն էր, որը գումարվեց ձմեռայինին՝ հնարավորություն տալով երեխաներին մեկ շաբաթ էլ ավելի մնալ տանը: «Ես առաջարկում եմ գարնանային արձակուրդն էլ հիմա օգտագործել, որպեսզի բացառվի վիրուսային վարակների տարածումը»,- ասաց Էջմիածնի 3-րդ դպրոցի տնօրեն Հունան Մարտիրոսյանը: Վերջինիս ղեկավարած դպրոցում աշակերտների բացակայությունները շուրջ 50 տոկոս են կազմում: Նրա փոխանցմամբ՝ 21-22 հոգանոց դասարանում առավելագույնը 15-16 աշակերտ կա: Բացակա երեխաների մի մասը վիրուսակիրներ են, մրսածություն կա, մեկի մոտ էլ արձանագրվել է ջրծաղիկ: «Նման դեպքերում մենք ինքներս ենք երեխաներին ասում, որ չգան դպրոց»,- ասաց տնօրենը:
Ջրծաղիկի վեց դեպք էլ Էջմիածնի 9-րդ դպրոցում է հայտնաբերվել: Սրանով, սակայն, բացակաների թիվը ու պատճառները չեն սահմանափակվում: Սեզոնային գրիպով եւ սուր շնչառական վարակներով ախտահարված երեխաների զգալի թիվ էլ կա, որոնք դպրոց չեն հաճախում: Կրթօջախի տնօրեն Վարուժան Հայրապետյանն ասաց, որ օրական երկու անգամ սանէպիդկայանի աշխատակիցը դպրոցի բուժքրոջ հետ ստուգում է դասասենյակների, սանհանգույցի եւ միջանցքների ջերմաստիճանն ու տվյալները ներկայացնում սանէպիդ ծառայությանը: Իսկ 12-րդ դպրոցում, երբ ջրծաղիկի դեպք են հայտնաբերել, երեխային անմիջապես ուղարկել են տուն, դասարանն էլ՝ ախտահանել: Սակայն այս դպրոցում էլ հաճախումների նվազում է արձանագրվել՝ 35 երեխա դասի չի գալիս:
Որոշ դպրոցականների շրջանում էլ այտերին եւ մեջքին կարմիր ցանով արտահայտված եւ քորով ուղեկցվող վիրուս է ի հայտ եկել, որը ինֆեկցիոնիստները ինֆեկցիոն էրիտեմիա են անվանում: «Ինչ աշխատում եմ՝ չէի հանդիպել: Ճիշտ է՝ ծանր ընթացք չունի, բայց երեխային մեկուսացնելը պետք է: Ի վերջո՝ գործ ունենք վիրուսի հետ, որը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով»,- ասաց ինֆեկցիոնիստ Լուսինե Եղիազարյանը:
Համաճարակային պատկերը՝ մի քիչ ավել, մի քիչ պակաս, նույնն է Էջմիածնի գրեթե բոլոր դպրոցներում: «Վաղարշապատի պոլիկլինիկա» ՓԲԸ մանկական բաժանմունքում, սակայն, իրավիճակը համարեցին նորմալ եւ վերահսկելի: «Անցած տարի վիճակն ավելի բարդ էր: Այն ժամանակ էլ՝ քութեշն ու կարմրախտն էին գլուխ բարձրացրել, բայց դասարաններ, առավել եւս՝ դպրոցներ չփակվեցին»,- ասաց մանկական բաժանմունքի վարիչ Սուսաննա Խաչատրյանը:
Բուժաշխատողները վստահ են, որ իրենց արձանագրած բոլոր դեպքերը լիարժեք արտացոլում են դասերից բացակայող երեխաների իրական թիվը, որը, ըստ իրենց՝ այնքան էլ մեծ չէ: Նրանց խորին համոզմամբ՝ ծնողների իրազեկվածությունն ու գիտակցությունը այնքան են բարձրացել, որ առողջության հարցում վստահում են միայն բժիշկներին: «Երեխայի մոտ եթե մի բան նկատեն՝ անմիջապես վազեցնում են բժշկի մոտ: Այնպես որ, թաքնված վիրուսակիր երեխա չկա»,- ասաց «Վաղարշապատի պոլիկլինիկա» ՓԲԸ տնօրեն Լիլիթ Գասպարյանը:
Պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության Արմավիրի մարզային կառույցի պետի տեղակալ Հասմիկ Հարությունյանը եւս համաճարակային իրավիճակը ներկայացրեց մեղմ գույներով: Ասաց, որ մշտական կապի մեջ են դպրոցների հետ, որտեղ իրենց ամենօրյա մոնիտորինգն են իրականացնում համաճարակաբան մասնագետները: Ըստ նրա՝ այօրվա արձանագրված պատկերը սեզոնային վիրուսներ են, եւ վտանգավոր ոչինչ չկա:
Բարեբախտաբար, այս օրերին չեն աշխատում քաղաքի մանկապարտեզները,  այլապես՝ դժվար չէր լինի կռահել, որ համաճարակային համապատկերում գույները կխտանային:

Հ. Գ. Համաճարակաբաններն ու վարակաբանները բժշկության ու առողջապահության ոլորտի ամենաթիրախային մասնագետներն են, սակայն պետության կողմից  այնքան էլ ուշադրության չեն արժանանում: Չնչին վարձատրությունը թեեւ վիրավորում է նրանց մարդկային ու մասնագիտական արժանապատվությունը, բայց գործից չեն հրաժարվում՝ միայն ի պատիվ Հիպոկրատին տված երդման:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել