Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ուղեւորավարձը՝ 200 դրա՞մ

Հունվար 22,2011 00:00

Քաղաքապետն էլ տեղյա՞կ է

«Երեկ երեկոյան ժամը 11-ի սահմաններում նստեցի թիվ 76 երթուղային տրասպորտը եւ նկատեցի, որ ներսում մի ցուցանակ է դրված, որը հուշում է, թե ուղեվարձը 200 դրամ է: Դա ինձ դուր չեկավ ու որոշեցի վարորդին հարցնել, թե ինչու է ուղեվարձը 200 դրամ, այլ ոչ թե 100 եւ արժանացա վարորդի զայրույթին: Նա ինձ ասաց, որ ինքը պարտավոր չէ մեզ սպասարկել, իր գլուխը պայթում է այդքան վարելուց: Նա հայտարարեց, որ մինչեւ 8-9՝ պետք է 100 դրամով իր երթուղայինը վարի, իսկ դրանից հետո՝ ինչքան ուզի կարող է ուղեվարձը թանկացնել, ու դրա մասին տեղյակ են եւ իր ղեկավարությունը, եւ քաղաքապետն ինքը: Բացի վարորդի ասածներից, ինձ վիրավորեց նաեւ այն, որ մեքենայի հետնամասում նստած ուղեւորներից մեկը վարորդին ասաց, որ ինքը կվճարի իմ 200 դրամը, միայն թե վարորդը քշի եւ ինքը տեղ հասնի»,- երեկ նման դժգոհությամբ «Առավոտին» էր դիմել այս երթուղուց հաճախ օգտվող Անահիտ Ակմակժյանը: Նրա խոսքերով, միայն ինքը չէ, որ դժգոհ էր ինքնակամ եւ կրկնակի թանկացած ուղեվարձից. «Ուղղակի ոչ ոք չէր բարձրաձայնում: Ես խոսեցի, կարելի է ասել՝ սխալմամբ, եւ արժանացա վարորդի մուննաթին: Մի բան էլ, ուղեւորներից մեկը որոշեց, որ ես գումար չունեմ, դրա համար եմ բողոքում: Վարորդն էլ ինձ ասաց, որ ես փորձեմ իր փոխարեն Էրեբունիից մինչեւ Զեյթուն ուղեւորներ փոխադրել, այդ դեպքում միայն իրեն կհասկանամ: Ես հասկանում եմ, որ իրենց աշխատանքը շատ դժվար է, բայց ուղեւորն ի՞նչ մեղք ունի»: Նա հատկապես նշեց, որ նման կամայականություններ թիվ 76 երթուղայինի վարորդները հաճախ են անում. «Բայց այս մեկը շատ լկտի գտնվեց եւ իմ բերանը միանգամից փակելու համար հայտարարեց, որ իր վերադասն ու քաղաքապետը շատ էլ լավ տեղյակ են ուղեւորավարձերի նման բարձրացումների մասին»:
Այս առնչությամբ Երեւանի քաղաքապետարանից «Առավոտին» պարզաբանեցին, որ, բնականաբար, քաղաքապետը հրահանգ չի տվել, որ երեկոյան ժամերին երթուղայինները կարող են 200 դրամ ուղեվարձով սպասարկել. «Բարձրացված հարցի առնչությամբ թիվ 76 երթուղին սպասարկող տնտեսվարող սուբյեկտը խստորեն նախազգուշացվել է նմանատիպ բացասական երեւույթները բացառելու վերաբերյալ։ Կրկնվելու դեպքում, օրենքով սահմանված կարգով, համապատասխան պատժամիջոցներ կկիրառվեն՝ ընդհուպ մինչեւ երթուղու սպասարկման իրավունքից զրկելը։ Նմանատիպ երեւույթները բացառելու ուղղությամբ ակնկալում ենք նաեւ մեր ազգաբնակչության աջակցությունը»: 
Նշենք, որ բազմիցս Երեւանի քաղաքապետարանը հայտարարել է, որ մայրաքաղաքի երթուղայինների ուղեվարձը պետք է 100 դրամ լինի, անկախ նրանից, թե որ ժամերին են երթուղայինները «գիծ» դուրս գալիս:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել