Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՌԵՎՏՐԱԿԱՆՆԵՐԻՆ ՀԱՆՈՒՄ ԵՆ

Հունվար 22,2011 00:00

Բայց նրանք վստացենում են, որ իրենք փողոցային առեւտուր իրականացնողներ չեն, «Մալաթիա» տոնավաճառի ղեկավարությանը տեղի գումար են վճարում եւ որ ամենակարեւորն է՝ ունեն ՀԴՄ ապարատներ:

Երեկ առավոտյան մի խումբ բանվորներ այցելել են «Մալաթիա» տոնավաճառի տարածք եւ սկսել աջ ու ձախ ապամոտաժման աշխատանքներ իրականացնել: Երբ նրանք էլեկտրական կտրիչ սարքերով «հարձակվել» են կանգառի հարեւանությամբ գտնվող երկաթյա տաղավարների վրա, այս տարածքում առեւտուր իրականացնողները դիմադրություն են ցույց տվել եւ դուրս են հրավիրել «քանդող բրիգադին»: Առեւտրականներն այլեւս թույլ չեն տվել, որ բանվորներն ապամոնտաժման աշխատանքները շարունակեն եւ մինի ցույց են կազմակերպել: Որոշ ժամանակ անց բողոքող վաճառականների մոտ է եկել Հարավարեւմտյան վարչական տարածքի ղեկավար Դավիթ Օհանյանը: Նա դժգոհողների բանակին փորձել է հանգստացնել՝ ասելով, որ իր անձնական կապերի միջոցով այլ՝ ավելի լավ տարածք կգտնի այդ տիպի առեւտրի համար, սակայն հենց հայտնի է դարձել, որ դժգոհողներն արդեն դիմել են լրատվամիջոցներին, նա հապշտապ հեռացել է: Սա «Առավոտին» պատմեց տոնավաճառի կանգառի մոտ հավաքված առեւտրականների հոծ բազմությունը եւ ավելացրին, որ քաղաքապետարանի պաշտոնյաներից էլ են ներկա, բայց ցանկություն չունեն իրենց հետ շփվելու եւ հարցերին պատասխանելու:
Մենք տոնավաճառի աշխատակիցներից հետաքրքրվեցինք, թե որեւէ զգուշացում կամ ծանուցում չե՞ն ստացել, որ այդ տարածքում ապամոնտաժման աշխատանքներ են կատարվելու, որին նրանք իրար հերթ չտալով պատասխանեցին. «Ոչ, ոչ մի բան էլ չենք ստացել: Ամեն օրվա պես եկել էինք մեր աշխատանքին եւ ինչ տեսնենք՝ արդեն քանդում են մեր տաղավարները, երբ ձայներս բարձրացրինք ու փորձեցինք ճշտել՝ ինչ է կատարվում, մեզ պատասխանեցին, որ փողոցային առեւտուրն արգելվել է, մի բան էլ զարմացան, որ մենք տեղյակ չենք քաղաքապետի հրահանգից: Ասացին, բա տելեվիզորով չե՞ք լսել: Տելեվիզորն ի՞նչ կապ ունի: Մեր առեւտուրը չի կարող փողոցային համարվել, քանի որ մենք փակ տաղավարներում ենք առեւտուր անում, վաճառում ենք հագուստ, տնային ապրանքներ եւ գրենական պիտույքներ, ոչ թե սնունդ: Բացի այդ, մեզ ասում են, որ այս տարածքը տոնավաճառին հարող տարածք է եւ անօրինական, այդ դեպքում ինչո՞ւ են այդ «հարող» տարածքի մի մասը միայն քանդում, անմիջապես տոնավաճառի դիմաց գտնվող խանութները, ըստ նրանց, օրինական առեւտուր են անում, իսկ մենք, որ մի քիչ այս կողմում ենք, անօրինակա՞ն ենք մեր ապրանքները վաճառում»: Սպիտակեղեն վաճառողներից մեկն էլ ավելացրեց, որ քաղաքապետը պետք է հաշվի նստեր իրենց հետ, նոր միայն նման որոշումներ կայացներ. «Ինչո՞ւ է քաղաքապետը մեր հանդեպ սենց վատություն անում: Ջահել տղա եմ, ես ուզում եմ իմն ունենամ, ինչո՞ւ է իմ հացին վայիս լինում: Ես փողոցային առեւտուր չեմ անում,  ասում են՝ գնա այլ տեղ առեւտուր արա, տենց ասելը հեշտ է: Մեր տոնավաճառի տարածքում տեղեր կան, բայց շատ հեռու են եւ խուլ, որտեղ մարդիկ հաստատ չեն մտնի, ո՞նց գնանք այնտեղ աշխատենք, օրական անգամ 1000 դրամ չենք աշխատի: Նրանց չի հուզում մեր պրոբլեմը, փողոցային առեւտրական են մեզ համարում, բա մենք ո՞նց մեր օրվա հացի փողն աշխատենք, գոնե այդ հարցն էլ պետք է լուծեն, նոր անցնեն սենց վտարման աշխատանքների: Մեզ ասում են, որ այս տարածքը պետք է այլ նպատակի ծառայի, հետագայում էլ են այստեղ բիզնես ծավալելու, էլի»:
Մեր հարցին՝ տոնավաճառի այս հարող տարածքում առեւտուր իրականացնելու համար այս աշխատակիցները «տեղի» գումար տվե՞լ են, հավաքված վաճառականներից մեկը պատասխանեց. «Բա ո՞նց չենք տվել, օրական 500-1500 դրամ տալիս ենք, կախված նրանից, թե որքան տարածք ենք զբաղեցնում եւ ինչ ենք վաճառում, սա էլ է տոնավաճառինը, բայց տոնավաճառի ղեկավարությունն ի՞նչ անի, նրա ղեկավարն էլ նրան է հրամայել, որ հարմարվի: Մեր տոնավաճառի ղեկավարին էլ հաճելի չի, քանի որ մենք էլ նրան գումարներ էինք վճարում, բայց ի՞նչ կարող է անել»: Մեկն էլ դժգոհեց. «Մենք մի 1000 հոգի կլինենք, այստեղ 10-20 տարի աշխատել ենք, հիմա դառնում ենք անաշխատունակ եւ սոված: Նման որոշումներ, որ առեւտրականներին քշեն մի տեղից մյուս տեղը եւ ասեն, որ տվյալ տարածքն այլ նպատակի պետք է ծառայի, անում են միայն ապահովված ու քաղաքակիրթ երկրներում, ոչ թե աղքատ Հայաստանում: Մենք վարկեր ենք վերցրել, միայն ես 120 հազար պետք է ամսական բանկին վճարեմ, ո՞նց եմ տալու, չեն մտածում, չէ՞: Մենք կասսովի ապարատներ էլ ունենք, նորմալ, օրինական առեւտուր ենք անում: Հարկայինը ո՞նց է մեզ տվել այդ ապարատները: Բանկի աշխատակիցն էլ եկել է, տեսել է, որ իմ բիզնեսն օրինական է, եւ նոր է տվել, չէ՞, այդ վարկը, հիմա ստացվում է, որ այդ բիզնեսը չկա: Իմ պես շատերը կան»:
Նշենք, որ երբ մենք դիմեցինք տվյալ տարածք եկած Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցներին, որոնց հետ էին նաեւ առեւտրի եւ սպասարկումների վարչության աշխատակիցներ, նրանք հայտարարեցին, որ քաղաքապետարանի աշխատակիցներ չեն եւ խորհուրդ տվեցին դիմել հենց քաղաքապետարան՝ պարզաբանումներ ստանալու համար:
Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը որոշում է ընդունել արգելել փողոցային առեւտուրը՝ դրանով իրականացնելով «Առեւտրի եւ ծառայությունների մասին» վաղուց ուժի մեջ մտած, սակայն չգործող օրենքը: Երեկ տեղի ունեցածի հետ կապված էլ Երեւանի քաղաքապետարանի լրատվական վարչությունից պարզաբանեցին, որ բոլոր փողոցային առեւտրականներին, այդ թվում նաեւ՝ «Մալաթիա» տոնավաճառին հարող տարածքում առեւտուր իրականացնողներին,  պարբերաբար զգուշացումներ արվել են, որ իրենք պետք է իրենց համար հարմար եւ օրինական տեղ գտնեն. «Պարզապես հիմա այդ առնչությամբ իրականացվում է ավելի կոշտ քաղաքականություն: Նրանց անգամ քաղաքակիրթ առեւտրի համար հարմար եւ նպաստավոր պայմաններով տեղեր են առաջարկվել եւ առաջարկվում: Մեր նպատակն է ի կատար ածել օրենսդրության պահանջը, սպառողներին ապահովագրել անորակ, պահպանման անբավարար պայմաններում վաճառվող մթերքի օգտագործումից, կանխել եւ հետագայում բացառել դրանց արդյունքում արձանագրված թունավորման դեպքերը: Պակաս կարեւոր չեն նաեւ մայթերի, անցուղիների, մինչեւ իսկ փողոցների երթեւեկելի մասերի խցանումներից ձերբազատումը, տարերայնորեն կազմակերպված վաճառատների հարակից տարածքների հակասանիտարական վիճակի, բնակելի շենքերի մուտքերի եւ պատուհանների մոտ աղմուկի վերացումը, ինչը արդարացիորեն մշտապես առաջացնում է բնակիչների անհանգստությունը եւ դժգոհությունը»:
Մեր այն դիտարկմանը, որ այս տարածքում առեւտուր անողներն ունեն ՀԴՄ ապարատներ, ուրեմն Պետեկամուտների կոմիտեն համարել է, որ այս տարածքում առեւտուր անելն օրինական է, քաղաքապետարանից պատասխանեցին. «Նրանք առեւտրային գործունեություն ծավալելու իրավունք ունեն եւ կարող են ՀԴՄ ապարատներ վերցնել, բայց իրենց առեւտուրը պետք է կազմակերպեն այդ նպատակով հատկացված օրինական տարածքներում, այլ ոչ թե այնտեղ, որտեղ կամենան»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել