Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գնաճն են քննարկել

Հունվար 22,2011 00:00

ՀՀ ԿԲ խորհրդի հունվարի 21-ի նիստում քննարկվել է գնաճի հարցը։ Ինչպես տեղեկանում ենք ՀՀ Կենտրոնական բանկի հաղորդագրությունից՝ նիստին մասնակցել են ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, խորհրդի անդամները։ Նշվել է, որ 2010թ. ընթացքում արձանագրված 12-ամսյա 9,4% գնաճի միայն 7,5 տոկոսային կետը պայմանավորվել է պարենային ապրանքների գների աճով: Ընդ որում, գյուղատնտեսական պարենային ապրանքների գների աճի նպաստումը կազմել է 5,0 տոկոսային կետ, հացամթերքինը՝ 2 տոկոսային կետ:
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2010թ. դեկտեմբերի 1,8% գնաճն արձանագրվել է բացառապես պարենային ապրանքների գների աճի հաշվին: Չնչին նվազում է գրանցվել ծառայությունների սակագներում՝ տրանսպորտի եւ հանգստի կազմակերպման ծառայությունների հաշվին: Ոչ պարենային ապրանքների գներն անփոփոխ են մնացել:
Նիստում նաեւ նշվել է, որ 2010 թ. հունվար-նոյեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ, արձանագրվել է 2,6% տնտեսական աճ: Ընդ որում, արդյունաբերության ճյուղի ավելացված արժեքի աճը կազմել է 9,6%՝ պայմանավորված մետաղական հանքաքարերի արդյունահանման, սննդամթերքի, խմիչքների, շինանյութերի, քիմիական արդյունաբերության, մետալուրգիայի եւ ոսկերչական արտադրատեսակների արտադրության ծավալների աճով։ Անփոփոխ են մնացել շինարարության ճյուղի եւ ծառայությունների ոլորտի ավելացված արժեքի աճի տեմպերը՝ համապատասխանաբար՝ 3,5% եւ 4,9%: Ընդ որում, մատուցված ծառայությունների ծավալում մեծ բաժին է կազմել ֆինանսական եւ ապահովագրական գործունեությունը:
Շարունակվել, սակայն, նախորդ ամսվա համեմատությամբ, փոքր-ինչ դանդաղել է է գյուղատնտեսության ճյուղի անկումը, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ կազմել է 14,4%, ընդ որում, բուսաբուծության ենթաճյուղի անկումը կազմել է 20,5%, իսկ անասնապահության ենթաճյուղինը՝ 1%:
Տարեվերջին հիմնական ապրանքների միջազգային շուկաներում պահպանվեցին գնաճային ճնշումները. ավելին, գրեթե բոլոր հումքային ապրանքների (ցորեն, շաքար, նավթ, պղինձ) միջազգային գներն արձանագրեցին վերջին երկու տարիների ընթացքում առավելագույն արժեքները։
Արձանագրվել է, որ արտաքին հատվածի ազդեցությունների ներքո ՀՀ տնտեսությունում շարունակաբար ավելանում են գնաճային ռիսկերը:
Խորհուրդը մտահոգված է արտաքին հատվածի եւ գյուղատնտեսության ճյուղի 2010թ. զարգացումների արդյունքում արձանագրված բարձր գնաճի՝ երկրորդային ազդեցությունների եւ գնաճային սպասումների ավելացմամբ: Մյուս կողմից՝ խորհուրդը գտնում է, որ համախառն պահանջարկի դանդաղ տեմպերով վերականգնումը դեռեւս գնաճային ճնշումներ չի ստեղծում, ինչպես նաեւ քիչ հավանական է համարում 2011թ. ընթացքում գյուղատնտեսության ճյուղի 2010թ. զարգացումների շարունակումը եւ դրանից բխող գնաճային ճնշումների ավելացումը:
Այդուհանդերձ, խորհուրդը միակարծիք է, որ ձեւավորված գնաճային միջավայրի եւ արտաքին հատվածից ակնկալվող ռիսկերի ուժգնացման պայմաններում ավելանում են նպատակային միջակայքի վերին սահմանի գերազանցման ռիսկերը: Վերոնշյալն առավել մանրամասն կքննարկվի առաջիկայում հրապարակվելիք 2011թ. առաջին եռամսյակի Դրամավարկային քաղաքականության ծրագրում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել