Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Չհասցրեց պաշտոններ բաժանել

Հունվար 22,2011 00:00

«Առավոտին» հասցեագրված նամակում մեր աղբյուրը պնդում էր, որ Ամանորից առաջ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում  խիստ լարված մթնոլորտ էր: Պատճառն այն է, որ ըստ մեր նամակագրի՝ նախկին նախարարն այդպես էլ չհասցրեց խոստացած պաշտոններ նվիրել նախարարության իր «ամենաեռանդուն» աշխատակիցներին, սակայն պաշտոնանկությունից վայրկյաններ առաջ հասցրեց  սպառել նախարարության ֆինանսական սուղ միջոցները՝ այն, իր եւ նախարարության աշխատակազմի ղեկավար Էմիլ Տառասյանի համոզմամբ, «արդարացիորեն» բաժանելով նախարարության աշխատակիցների միջեւ, որպես ամանորյա պարգեւատրումներ:  Ինչպես պնդում է մեր նամակագիրը. «Ոչ ոք նախարարությունում չհասկացավ, թե, օրինակ, նախարարության աշխատակազմի ղեկավարի կինը (անձնակազմի կառավարման վարչության առաջին կարգի մասնագետը) ՀՀ տնտեսության բարգավաճման գործում արդյոք 15 անգամ ավելի ներդրո՞ւմ է ունեցել այս տարվա ընթացքում, քան նախարարության վարչություններում ռազմավարություններ մշակող ու իրականացնող մասնագետները, որ նրա պարգեւատրումը կազմեց վերջիններիս պարգեւատրման 15-ապատիկը (աշխատակազմի գերակշռող մասը ստացավ 25000-ական դրամ, սպասված 1 դրույքաչափի փոխարեն): Ի դեպ, «ստանդարտ» պարգեւատրման 15-ապատիկ եւ 20-ապատիկ ստացել են նաեւ նախկին նախարարի «բերած» գրեթե բոլոր ջահելները (նախարարի գրասենյակ, խորհրդականներ եւ էլ չգիտես ինչ նորաստեղծ ուռճացրած պաշտոնների տեր անձինք):
Սա թերեւս ամենացայտուն դրսեւորումն է նախարարությունում տիրող ավատատիրական համակարգի, ի թիվս այլ դրսեւորումների՝ օրինակ, ոլորտների հետ ընդհանրապես չառնչվող հարազատների ու բարեկամների հովանավորված գործուղումների՝ ՀՀ միջազգային համագործակցության շրջանակներում (Տառասյանի կինն այս ցանկում էլ է տեղավորվել եւ մի շարք պաշտոնյաների հետ հունվարին կմեկնի Սինգապուր)»:
Նախկին նախարար Ներսես Երիցյանն այս առումով «Առավոտին» պարզաբանեց, որ այդ տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում: Նրա խոսքով, ինքը նախարարության ոչ մի աշխատակցի  հատուկ վերաբերմունք չի ցուցաբերել: Իսկ ինչ վերաբերում է, թե ինքն այնտեղ շատ մտերիմներ ուներ, որոնց պաշտոններ էր խոստացել, պարոն Երիցյանը հերքեց՝ նշելով, որ նախարարությունում ոչ մի մտերիմ, ծանոթ, մորաքրոջ տղա չի ունեցել: Ինչ վերաբերում է պարգեւատրումները բաժանելու կարգին, նա ասաց, որ դրանք կատարել է հատուկ կարգով՝  բյուջեի կատարողականը հաշվի առնելով: Այլ ձեւով առանձնահատուկ պարգեւատրումներ երբեւէ չի արել: Պարոն Երիցյանը նկատեց, որ նախարարությունում գործուղումներն էլ  բավականին քիչ են եղել ու կրկին մասնագետների ընտրության հարցում չի առաջնորդվել խտրականությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել