Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԳԼՈԲԱԼ ԳՈԼԴԸ» ՄԵՂՔ ՉՈՒՆԻ՞

Հունվար 22,2011 00:00

\"\"Ընկերությունից վստահեցնում են, որ կապալառուների հանդեպ պարտքեր կուտակելու մեղքի մեծ բաժինը կանադական «Կալդերա ռեսուրսիզինն է»:

Արդեն քանի տարի է՝ «Գլոբալ գոլդ» ընկերությունը, որը զբաղվում է հանքարդյունաբերությամբ, բավականին խոշոր պարտքեր ունի տարբեր ընկերություններին եւ աշխատակիցներին ու ոչ մի կերպ չի կարողանում այդ պարտքերը մարել: Օրերս էլ «Արմինֆո» լրատվական գործակալությունը եւս մեկ անգամ հիշեցրեց այդ պարտքերի մասին, ավելացնելով նաեւ, որ ընկերությունը, գործնականում, այլեւս նյութական ակտիվներ չունի Հայաստանում, որոնցով  կարելի էր վճարել պարտքերի դիմաց: Այն բանին, որ ընկերությունը պարտքեր ունի աշխատակիցներին, «Առավոտը» բազմիցս անդրադարձել է: Ընդ որում, 14 աշխատակիցներ դատարանի վճռով իրենց գումարները ստացել են: Սակայն մի քանի տասնյակ աշխատակիցներ էլ վերջերս են դիմել դատարան՝ իրենց չվճարված աշխատանքի պարտք ու պահանջը ստանալու հայցով: Մեզ հետ զրույցում նախկին աշխատակիցներից մեկը պատմեց, որ մոտ 2 ամիս առաջ մի քանի տասնյակ աշխատակիցներ դիմել են աշխատանքի տեսչություն, որպեսզի վերջինս ստուգումներ իրականացնի «Գլոբալ գոլդում»: Նախկին աշխատակիցների ներկայացմամբ. «Տեսչությունն այդպես էլ ոչ մի բան չարեց: Մենք նամակ գրեցինք վարչապետին, վարչապետն էլ նամակը մակագրեց կրկին տեսչությանը: Մտածեցինք, որ տեսչությունը մի բան կանի: Մեզ հրավիրեցին տեսչություն, բայց ընդամենը նրա համար, որ երեսներիս ասեին՝ մինչեւ վարչապետը թույլտվություն չտա, մենք չենք կարող ստուգումներ կատարել: Ու մինչեւ այսօր ոչ մի ստուգում չի արվել»: Ինչ վերաբերում է չվճարված աշխատավարձերին, ապա «Գլոբալ գոլդից» էլ «Առավոտին» վստահեցրին, որ ունեն պարտքեր, սակայն մինչեւ դատական գործընթացը չավարտվի, պարզ չի լինի, թե ում որքան են վճարելու կամ վճարելո՞ւ են առհասարակ: 
 «Գլոբալ գոլդի» Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Աշոտ Պողոսյանի խոսքերով. «Սոցիալական պատասխանատվությունից ելնելով՝ մենք ասել ենք՝ գնացեք տուն, մենք ձեր աշխատավարձերը կհաշվարկենք, եւ երբ վարկ ստանանք  եւ սկսենք աշխատել ու եկամուտ ստանալ, ձեր աշխատավարձերը կվճարենք: Կան աշխատակիցներ, որոնք բանկերից  վարկեր են վերցրել: Մենք անգամ միջնորդել ենք, բանկերին փաստաթուղթ ենք տվել, որ նրանց վարկ տան, վստահեցնելով, որ նրանք մեզ մոտ աշխատում են եւ կմարեն իրենց պարտքերը: Հետո խնդիրներ եղան, աշխատավարձերը չկարողացանք վճարել, այդ աշխատակիցներն էլ դիմել են դատարան: Հնարավոր է՝ նման բան էլ է եղել: Ես հասկանում եմ այդ մարդկանց լարվածությունը: Բայց մենք այս պահին աշխատում ենք, արտադրանք ենք ստանում, եւ ամեն ինչ հարթվում է»:
Անցյալ տարի ընկերությունը 2,5 միլիոն դոլար վարկ ստացավ «Հայբիզնես» բանկից, ինչի համար գրավի տակ են «Մեգո գոլդի» (այն պատկանում է «Գլոբալ գոլդին») տեխնիկան եւ բաժնեմասը: Աշխատավարձերը չստացած աշխատակիցները դրանից շատ չուրախացան: Մեզ հետ զրույցում աշխատակիցներից մեկը նշեց, որ որոշ մարդիկ, այո՛, ստացան այդ գումարները, սակայն կան մարդիկ, որոնք դեկտեմբերի աշխատավարձը դեռեւս չեն ստացել:
Բացի աշխատավարձերի տեսքով պարտքերից, ընկերությունը խոշոր գումարներ ունի վճարելու նաեւ երկրաբանական հետազոտություններ իրականացնող ընկերություններին եւ փորձանմուշների ստուգումներ իրականացնող ինստիտուտներին: Այս պարտքերն էլ կուտակելու մեղքը «Գլոբալ գոլդի» տնօրենը բարդեց «Կալդերա ռեսուրսիզ» ընկերության վրա, որի հետ համագործակցելու պայմանավորվածություն ունեին: Ըստ պարոն Պողոսյանի, այդ ընկերությունը պետք է գումարներ վճարեր «Մարջանի» հանքը շահագործելու համար, որի հաշվին «Գլոբալ գոլդն» էլ իր հերթին պետք է պարտքերը վճարեր: Սակայն այդ ընկերությունն, այսպես ասած, «քցեց» «Գլոբալ գոլդին», ինչի արդյունքում խոշոր պարտքեր հավաքվեցին: Այս պահին քրեական գործ է հարուցված «Կալդերա ռեսուրսիզի» դեմ, իսկ ավելի կոնկրետ՝ ընկերության ներկայացուցիչ Ազատ Վարդանյանի դեմ՝ առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակության եւ կազմակերպության ծառայողների կողմից իրենց լիազորությունները չարաշահելու փաստի առթիվ:
Պարոն Պողոսյանը վստահեցրեց, որ ներկայումս այլ աղբյուրներ են փնտրում,  եւ կարելի է ասել՝ արդեն գտել են երկրաբանական հետազոտություններ իրականացնող ընկերությունների՝ պարտքերը մարելու համար:
Իսկ ինչ վերաբերում է «Արմինֆոյի» տեղեկատվությանը, որ «Գլոբալ գոլդը» գործնականում այլեւս նյութական ակտիվներ չունի Հայաստանում, ապա Ա. Պողոսյանը վստահեցրեց, որ դա այդպես չէ, ինչի ապացույցն է ընկերության վեբկայքը, որտեղ տեղադրված են ֆինանսական վիճակի բոլոր տեղեկատվությունները: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել