Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵՐԿԱՐԱՏԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Հունվար 22,2011 00:00

\"\"ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանի ներկայացմամբ, ՀՀԿ-ն իր գործընկերներից այսպիսի ակնկալիք ունի

– Ընդդիմությանը գումարվեց Տիգրան Կարապետիչը, իհարկե, որոշ կասկածներ կան, որ Կարապետիչը անկեղծ ընդդիմություն չէ, բայց եթե ընդդիմություն է, կնշանակի՝ շարքերը համալրվում են, իսկ իշխանական ուժերը ունե՞ն բավարար հակակշիռ ընդդիմությանը, թե՞ իրենք իրենց ներսում են դառնալու ընդդիմություն:
– Բավականին հետաքրքիր գործընթացներ են տեղի ունենում հենց Ձեր նշած բազմաթիվ ընդդիմությունների շրջանում: Կարծում եմ՝ ավելի դաժան մրցակցություն է գնում ով է ավելի ընդդիմադիր կոչմանն արժանանալու համար, ընդդիմության մեջ իսկական ընդդիմադիրի իմիջի համար: Ըստ էության, պայքարը գնում է ոչ թե ընդդեմ իշխանության, այլ ընդդիմադիր ուժերի միջեւ: Ցավոք, Հայաստանում իսկական ընդդիմադիր է ընկալվում այն ուժը, որը ամեն ինչում, ցանկացած հարցում դեմ է իշխանությանը, հայհոյում է, եւ ինչքան շատ է հայհոյում, այնքան ընդդիմադիր է: Իսկ այն ուժը, որ փորձում է քաղաքակիրթ մեթոդներ կիրառել, այսինքն՝ չհայհոյել, այլ պարզապես քննադատել, ապա անմիջապես տվյալ ուժին մեղադրում են իշխանության հետ համագործակցության մեջ: Ի դեպ, նման բան կատարվում է նաեւ ձեր՝ լրագրողական աշխարհում. եթե որեւէ լրագրող ավելի հավասարակշռված է, ավելի զուսպ եւ չի հայհոյում իշխանություններին, ընդհանրապես չի ընկնում հայհոյանքների դաշտը, այսպես կոչված՝ ավազակապետական քարոզչական բառապաշարը չի գործածում, ապա իրենք իրենց ընդդիմադիրի դիմակով ներկայացնողները տվյալ լրագրողին կամ լրատվամիջոցը փորձում են կապել իշխանության հետ: Նույնը կատարվում է նաեւ քաղաքական դաշտում: Այստեղից էլ առաջանում է մրցակցություն՝ որպեսզի լավ ընդդիմադիր լինես կամ ընկալվես, ուրեմն պետք է հայհոյես: Եվ սա նախընտրական տարում ավելի ու ավելի է ակտիվանալու: Բայց սրա դեմ կա բնական պայքար՝ հասարակությունն ինքն է մերժում այդ կարգի ընդդիմադիրներին: Մի ընդդիմադիր ուժ, որը 2-3 տարի առաջ իր հետեւից կարող էր ավելի շատ մարդ տանել, այսօր 5 հազար հոգի անգամ դժվարությամբ է հավաքում:
– Հարցս Կարապետիչի մասով տվեցի, բայց Դուք կարծես շրջանցեցիք:
– Շրջանցելու խնդիր չկա, Տիգրան Կարապետիչը, իհարկե, այս բոլոր տարիներին ներկայացել է որպես չափազանց կոլորիտային անձնավորություն, եւ հիմա նրա օգտին աշխատում է հենց այդ կոլորիտը: Այն, որ իրեն մեղադրում են, թե համագործակցում է իշխանության հետ, շատ լավ է, թող միմյանց խփեն-ոչնչացնեն, մեր ուզածն էլ դա է, շարունակեք եւ ինքնաոչնչացվեք:
– Մինչդեռ որոշակի, արդեն իսկ զգալի խնդիրներ նաեւ դուք եք ունենալու՝ իշխանությունը, կոալիցիան հաստատ չի կարող ընդմիշտ լինել, դուք ձեր ներքին խնդիրները ինչպե՞ս եք հաղթահարելու:
– Գաղտնիք չէ, որ քաղաքական կոալիցիաները գործում են որոշակի ժամանակահատվածի համար: Ընտրությունների ժամանակ նախկին կոալիցիոն գործընկերները արդեն մրցակիցներ են: Գուցե եւ կպահպանեն խաղի կանոնները, միմյանց չհայհոյելու, չսեւացնելու հարցում կարող են մի փոքր զսպված լինել, ընդամենը: Հանրապետականը կոալիցիա կազմելով իր գործընկեր կուսակցությունների հետ՝ մեծ ռեսուրս եւ երկարաժամկետ համագործակցության ակնկալիք է ունեցել եւ ցանկանում է այդ համագործակցությունը տեսնել մյուսների կողմից:
– Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի հետ հանդիպման ժամանակ մի խումբ իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ, ի թիվս այլ առաջարկների, առաջարկել էին պատժամիջոցներ կիրառել Հայաստանի նկատմամբ, մասնավորապես՝ կրճատել ֆինանսական օգնությունը, իշխանության որոշ ներկայացուցիչների մուտքը արգելել եվրոպական երկրներ, ինչպես նաեւ խոսել են բանակի խնդիրներից: Ի՞նչ եք կարծում՝ այս առաջարկներին ինչ արձագանք կտրվի:
– Սկսեմ բանակից: Վերջին տարվա ընթացքում բանակի խնդիրները մեր հասարակության ուշադրության կենտրոնում են, եւ կա տարաբնույթ մոտեցում այս խնդրին: Մի մասը խնդիրներին անդրադառնում է սրտացավությամբ, դրանք կարգավորելու ցանկությամբ, բայց եւ կա մարդկանց կամ կազմակերպությունների մի հատված, որոնք պարզապես չարախնդում են եւ իրենց պահվածքով նպատակ են հետապնդում թուլացնել մեր բանակը, որը նույնն է, թե՝ թուլացնել պետությունը: Ես դա համարում եմ հանցագործություն: Նման մարդիկ ձգտում են եվրոպական կառույցներին ներգրավել մեր բանակի ներքին խնդիրների մեջ: Սրան շատ հստակ գնահատական պետք է տրվի եւ հստակ վերաբերմունք: Ինձ համար ոչ թե անհասկանալի է, այլ ամբողջովին հասկանալի է, թե ինչու են որոշ, այսպես ասած՝ իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ դրսի կառույցներին հրավիրում մեր բանակից ներս: Որպեսզի ասածս հասկանալի լինի՝ տեսեք, թե ուրիշ ինչ են առաջարկում: Առաջարկում են, որ Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառվեն: Չեն ասում՝ իշխանության, ասում են՝ Հայաստանի նկատմամբ: Այս գործելակերպի իմ գնահատականը սա է՝ սրանք ակնհայտ գործողություններ են՝ ուղղված մեր ժողովրդի եւ պետության շահերին: Երկար տարիներ որոշ գրանտակերների կողմից ձեւավորված 5-րդ շարասյան գործողություններ են պետության դեմ:
– Իսկ ինչո՞ւ չեք մտածում, որ այդ առաջարկները արվել են ի շահ պետության:
– Դուք կարծում եք, երբ առաջարկում են տնտեսական սանկցիաներ կիրառել Հայաստանի դեմ, դա նշանակում է, որ ի շահ պետությա՞ն են առաջարկում, կամ երբ առաջարկում են արգելել որոշ պաշտոնյաների մուտքը եվրոպական երկրներ, սա ե՞ւս ի շահ է:
– Գուցե որոշ պաշտոնյաների վարկային եւ այլ կարգի ախորժակը սահմանափակելու համար է նման բան առաջարկվում։
– Պաշտոնյաների ախորժակը սանձազերծելու համար ներքին շատ մեթոդներ կան: Հանրապետության նախագահն ինքը ձեռնարկել է այդ գործընթացը, փորձե՞լ են փաստարկված, հիմնավորված որեւէ առաջարկ ներկայացնել ՀՀ նախագահին, իհարկե՝ չեն արել: Դրանք իրենք ներկայացրել են իրենց վճարողին, որովհետեւ իրենք իրականացնում են վճարովի ծառայություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել