Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՇՆԱՆԱՅԻՆ ՎԱՅՈՑ ՁՈՐ»

Հունվար 21,2011 00:00

\"\"

ՀՀ նկարիչների միության ցուցասրահում բացվեց «Աշնանային Վայոց ձոր» ցուցահանդեսը: Նկարներում մեր երկրի գողտրիկ անկյուններից մեկն էր՝ Վայոց ձորը, իր բնությամբ, շրջակա միջավայրով եւ պատմաճարտարապետական հուշարձաններով։

Ելույթ ունենալով ցուցահանդեսի բացման ժամանակ, կազմակերպիչներից մեկը՝ «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանն ասաց, որ Լոռվա ձորում սկիզբ առած փառատոնը գնաց-հասավ Արցախ եւ իր հաջորդ հանգրվանն ունեցավ Վայոց ձորում։ «Արդյունքն այս ցուցահանդեսն է, ուր ներկայացված է ավելի քան 120 աշխատանք,- ասում է Սերգո Երիցյանը,- ամենակարեւորը, որ այս ամենը արդյունք է պլեներային՝ հենց տեղում նկարչության։ Իսկ այդտեղ շատ մեծ է անմիջականությունը, գույների ճիշտ ընտրությունը, թեմատիկ բազմազանությունը»։

Կազմակերպիչները ցուցահանդեսը նվիրել են Մոմիկի ծննդյան 750-ամյակին եւ դա եւս հետաքրքիր ստեղծագործական մեկնակետ դարձավ արվեստագետների համար։ «Շատ բնական է, որ այստեղ տիրապետող են Մոմիկի ստեղծած պատմաճարտարապետական հուշարձանների նկարչական անդրադարձները,- մեր թղթակցի հետ զրույցում ասաց արվեստաբան Անի Մարգարյանը,- դրանք ինքնատիպ նկարչական մոտեցումներ են Նորավանքի, Արենիի, Արատեսի, Ուլգուրի եկեղեցիների նկատմամբ։ Մի խոսքով, արվեստագետները վրձնել են Վայոց ձորի ձեռակերտ ու անձեռակերտ հրաշալիքները»։

Վայոց ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանը եւս կարեւորելով ցուցահանդեսի նշանակությունը, նշեց, որ երեւանյան ցուցադրությունից հետո այն կհանգրվանի Եղեգնաձորում եւ տեղի բնակչությունը եւս կծանոթանա ներկայացված աշխատանքներին։

Կազմակերպիչները ավելացրին նաեւ, որ փառատոները եւ ցուցահանդեսներն արդեն համահայաստանյան բնույթ ունեն եւ գարնան գալու հետ մտածում են նկարչական նոր փառատոների հասցեների մասին։ Ծրագրեր կան, որ փառատոնը կունենա նաեւ միջազգային բաղադրիչ, մասնավորապես՝ հայաստանցի նկարիչները կմեկնեն Սիրիա, իսկ մենք կհյուրընկալենք Սանկտ Պետերբուրգի նկարիչներին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել