Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ իջնի վերեւից, չեմ բարձրանա ներքեւից»

Հունվար 21,2011 00:00

Մենահամերգից առաջ երեկ լրագրողների հետ հանդիպեց երգչուհի Էմմին, ով այս տարի Հայաստանը կներկայացնի «Եվրատեսիլ» երգի մրցույթում: Նա հայտնեց, որ մենահամերգին իր հետ բեմում կլինեն ԱՄՆ-ից ժամանած «Ֆրեշ» բենդի ճանաչված երաժիշտները: Համերգը կկայանա հունվարի 30-31-ին՝ Ազգային օպերային թատրոնում:

«Համերգին կհնչեն երգեր, որոնք մինչ այսօր եղել են իմ ձայնասկավառակներում, հնչել են հեռուստատեսությամբ, ռադիոյով, երգեր, որ սիրվել են, եղել՝ հիթեր: Կլինեն նաեւ նոր ստեղծագործություններ»,- հայտնեց Էմմին:

Մեր հարցին՝ արդյոք հանդիսականին չի՞ պատրաստվում բեմական նոր հնարքներով զարմացնել, ինչը երգչուհու մոտ լավ է ստացվում, Էմմին այսպես պատասխանեց. «Երեւի թե բոլորը սպասում են, որ ես կիջնեմ վերեւից կամ կբարձրանամ ներքեւից… այդպիսի բան այս անգամ չի լինի: Իսկ համերգը կառանձնանա որակյալ կենդանի հնչողությամբ: ԱՄՆ-ից ժամանած իմ ընկերները նույնպես լավ են տրամադրված, չնայած այս պահին սուսիկ- փուսիկ են: Բացեմ մի փոքրիկ գաղտնիք՝ տղաները կփորձեն երգել հայերեն»:

Երգչուհին խոսեց նաեւ «Եվրատեսիլի» մասին: «Ունենք շատ հայտեր Եվրոպայի տարբեր երկրներից, նույնիսկ Իսպանիայից, Գերմանիայից, Բուլղարիայից, Շվեյցարիայից, Շվեդիայից, Հայաստանի հայտնի եւ անհայտ կոմպոզիտորներից: Չեմ ուզում հիմա առանձնացնել որեւէ երգ, որովհետեւ կարող է ուղղակի շեղեմ այն կոմպոզիտորներին, ովքեր դեռ հայտը չեն ներկայացրել»,- ասաց Էմմին:

Երգիչ Միհրանի համագործակցության մասին էլ երգչուհին հետեւյալը նշեց. «Մեր համագործակցությունը կախված է երգից: Բանակցություններն արդեն տարվել են, եւ նա մեզ սիրով կմիանա՝ երգի ընտրությունից հետո»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել