Լրահոս
Օրվա լրահոսը

«Ստաժիրովկայից» մինչեւ Հիմարի դերը

Հունվար 21,2011 00:00

\"\"Երգիչ Դավիթ Թուջարյանը բուռն  ստեղծագործական կյանքով է ապրում

Երեկ «Ազդակ» ակումբում տարին մի քիչ ուշացումով ամփոփեց երգիչ Դավիթ Թուջարյանը, որ հայտնի է իբրեւ Սասունցի Դավիթ: Երգիչը հայտնեց, որ Սասունցի Դավիթն ընդամենը նախագիծ է եղել, եւ այն իրեն թեպետ ճանաչում է բերել, սակայն այսօր ավարտված էջ է: Նա նաեւ անցած էտապ է համարում ակումբներում երգելը, չնայած գտնում է, որ յուրաքանչյուր սկսնակ երգիչ պետք է ակումբում «ստաժիրովկա» անցնի:

Լրագրողներին երգիչը տեղեկացրեց, որ տարվա ընթացքում երկու ձայնասկավառակ կունենա՝ մեկում տեղ կգտնեն իր մայրիկի գրած երգերը, մյուսում՝ արտասահմանյան:

Դավիթի պլաններում է եվրոպական երգի շուկան նվաճելը: Համերգներ էլ տարվա ընթացքում կունենա՝ Ռուսաստան, Բեյրութ: Երեւանյան մենահամերգի մասին դժվարանում է հստակ պատասխան տալ: Իր երկրպագուներին խոստանում է առաջիկայում նոր տեսահոլովակներ մատուցել: Ի դեպ, մի քանի ամիս է, ինչ երգչի պրոդյուսերը հայտնի դիզայներ, կլիպմեյքեր Սերժ Գաբյանն է: Վերջինս լրագրողներին ասաց. «Դավիթի հետ համագործակցում ենք մոտ մի քանի ամիս: Շատ հետաքրքիր նախագծեր ունենք: Կլինեն եւ սինգլներ, եւ ալբոմ՝ անգլերեն եւ որոշակի օրիենտալ էլեմենտներով, հիմնականում մոդեռն փոփ՝ ավելի շատ «դրսի» շուկայի համար: Մյուս կողմից, դա հայերին նույնպես հետաքրքիր կլինի: Առաջիկայում շատ նյութ ունենք հանդիսականին եւ լրատվամիջոցներին ներկայացնելու»:

Դավիթ Թուջարյանը խոսեց նաեւ իր դերասանական հաջողությունների մասին: Պատմեց, որ հանդես է եկել Իրանում Ֆ. Վեբերի «Ընթրիք հիմարի հետ» ներկայացման մեջ՝ Հիմարի դերում: Դերասանություն անելը իր երազանքն է եղել: «Թատերական արվեստը ինձ հոգեհարազատ է, երազում էի դերասան դառնալու մասին: Բավական բարդ դեր էր ինձ վստահված՝ առաջին անգամվա համար: Պատասխանատու քայլ էր: Բարեբախտաբար ամեն ինչ լավ անցավ, դահլիճն էլ լիքն էր»:

Ասուլիսի վերջում երգիչը նշեց, որ եթե հրավեր ունենա որեւէ ներկայացման մեջ խաղալու, սիրով կհամաձայնի, թեպետ կենտրոնացած է երգի վրա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել