Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱՐՏԱԳՆԱ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ՀԱԳԵՑԵԼ Է

Հունվար 21,2011 00:00

Եվ ասում է, որ ժամանակն է նոր կյանք սկսելու

\"\"Սոցիալական վատ պայմանները շատ հաճախ ստիպում են աղջիկներին անկողին մտնելու նույնիսկ պարսիկի, արաբի, թուրքի եւ այլ ազգի տղամարդկանց հետ: Շահը մոռացնել է տալիս անգամ ազգային արժանապատվությունն ու ազգային արժեքները: Զրուցակիցս՝ Վիկտորյան (անունը փոխված է), ապրել է հոր, մոր, իրենից երեք տարով փոքր եղբոր հետ: Սոցիալ-տնտեսական պայմանները ծնողների միջեւ վեճերի ծագման պատճառ են դառնում: Մայրը երեխաների դաստիարակությամբ էր զբաղված, հայրը՝ գործազուրկ էր: Երկար վեճերից հետո ծնողները ամուսնալուծվում են: Մայրը եղբոր հետ է մնում, Վիկտորյան՝ հոր: Տարիներ շարունակ մորից ու եղբորից լուր չկար, մի օր իմանում է, որ նրանք Ռուսաստանում են: Տարիներն իրենց գործը արել էին, ու Վիկտորյան վիրավորանքից ատելությամբ է լցվում մոր նկատմամբ: Խզվում են բոլոր կապերը: Դպրոցը լավ գնահատականներով ավարտելուց հետո աղջիկը ընդունվում է բուհ: Նա մի տեսակ քաշվում, անհարմար էր զգում համակուրսեցիներից, քանի որ վերջիններս լավ էին հագնվում, տարբեր հագուստների համար յուրահատուկ պայուսակներ, բջջային հեռախոսներ ունեին: Մի օր ընկերները նրան հրավիրում են ակումբ՝ ուրախանալու: Հրավերը ընդունելով՝ իր իսկ խոսքով, չի պատկերացնում, որ «կյանքը գլխիվայր շուռ կգա»: Ակումբում ծանոթանում է մեծահարուստ մի տղայի հետ, որն էլ աղջկան «ոսկե սարեր» է խոստանում: Սակայն մեկ գիշեր Վիկտորյայի հետ անցկացնելուց հետո մոռանում է նրան՝ ասելով. «դե մի բաժակ ավել էի խմել, մի բան ա՝ ասել եմ, էլի»: Սա մեծ հարված է լինում տասնութամյա «աղջկա» համար: Վախենալով հորից եւ պատահածի հետեւանքներից, ոչ մեկին ոչինչ չի պատմում: Վիկտորյան շարունակում է իր ակումբային կյանքը, լինում է մայրաքաղաքի բոլոր ակումբներում, որոնցից մեկում էլ ծանոթանում է ոմն Անուշի հետ: Վերջինս նրան առաջարկում է աշխատանք Թուրքիայում: Զրուցակիցս թերեւս չցանկացավ Անուշի մասին այլ մանրամասներ ասել: «Ես հիմա ոչ մի շփում չունեմ նրա հետ»,- ասաց Վիկտորյան: «Սկզբից վախենում էի , բայց հետո մտածեցի՝ գումար կաշխատեմ, մի գործ կբացեմ եւ կօգնեմ հորս»,- պատմում է Վիկտորյան: Նա ընդունում է Անուշի «աշխատանքի» առաջարկը: Թողնելով ուսումը, մի քանի օր անց Վիկտորյան՝ իր նման բախտակից աղջիկների ու երկու համասեռամոլ տղաների հետ, մեկնում է Թուրքիայի Բուրսա քաղաք: «Այնտեղ մեզ արդեն սպասում էին Անուշի հաճախորդները, որոնց սեռական ցանկություններն էլ պետք է բավարարեինք»,- պատմում է Վիկտորյան: Բուրսայում մեկ ամիս անցկացնելուց հետո նրանք վերադառնում են Հայաստան: Կատարած աշխատանքի համար Վիկտորյան շատ լավ է վարձատրվում եւ գոհ է մնում ստացած գումարից: Գնում է լավ զգեստներ, կոշիկներ, պայուսակներ, երկու քարտանի թանկարժեք բջջային հեռախոս: Նոր, գեղեցիկ ու գրավիչ իրերը նոր դռներ են բացում Վիկտորյայի համար: Սկսում է այցելել այնպիսի վայրեր, որտեղ միջինից բարձր խավն էր լինում: Այդպիսի վայրերից մեկում նա ծանոթանում է սեւամորթ մի տղայի հետ, ով աշխատելու նպատակով ապրում է Երեւանում: Յոթ ամիս ապրում է սեւամորթ տղայի եւ նրա ընկերների հետ: «Ինձ պետք էին մարդիկ, ովքեր ֆինանսապես ապահովված էին եւ ինձ կտային սրտիս ուզածը, իսկ այդ սեւամորթ տղաները իմ համար գնում էին այն, ինչ ուզում էի, մնացածը արդեն երկրորդական էր»,- կարծես փորձում էր արդարանալ Վիկտորյան:

Որոշ ժամանակ անց հերթական արտագնա աշխատանքի առաջարկ է ստանում Անուշից, եւ քանի որ սեւամորթ տղաների՝ Երեւանում մնալուն հաշված շաբաթներ էին մնացել, Վիկտորյան ընդունում է Անուշի առաջարկը: Այս անգամ եւս ուղղությունը Թուրքիայի Բուրսա քաղաքն էր, որտեղ, ինչպես առաջին անգամ, նրանց դիմավորում են թուրք հաճախորդները: Այնտեղ եղած ժամանակ Վիկտորյան եւ իր հետ մեկնած այլ աղջիկներ մի օր որոշում են գնալ թուրքական ակումբներից մեկում ուրախանալու: Ակումբում լավ հարբելուց հետո դուրս են գալիս փողոց՝ հաճախորդներ որսալու: Բայց բախտը նրանց չի ժպտում: Աղջիկները ձերբակալվում են Բուրսայի ոստիկանության աշխատակիցների կողմից եւ ոստիկանության բաժանմունքում անցկացնում 13 օր: Անուշի ծանոթների միջամտությամբ նրանց բաց են թողնում:

Քսանչորսամյա Վիկտորյան իր անցած ուղին երիտասարդական արկածներ է համարում, չնայած շատ ժամանակ չի անցել իր կյանքի ոդիսականից: «Ուզում եմ կյանքս փոխել, կփորձեմ նորից շարունակել ուսումս, հաստատ՝ էլ չեմ վերադառնա անցյալում կատարած մութ ու սխալ գործերիս»,- համոզված է Վիկտորյան:

Արդյոք մարմնավաճառությամբ զբաղված անձը ներում չունի՞ Աստծուց ու եկեղեցուց: Այս մասին հարցրի տեր Շմավոն քահանա Ղեւոնդյանին, որի խոսքով, մարմնավաճառությունը մեղք է: Թերեւս, երբ այն կատարվում է հանուն երեխայի փրկության, միգուցե կարող է արդարացվել:

Ըստ տեր Շմավոնի, քրիստոնեական առումով դիրքորոշումն ավելի հստակ եւ ուղիղ է. «Մեղքը մնում է մեղք: Մեղքն արդարացնող որեւէ պատճառ լինել չի կարող: Սակայն այստեղ առաջ է գալիս նաեւ զղջման պարագան: Եթե մարդն անկեղծ զղջացել է իր կատարածի համար եւ հստակ որոշել է ետ կանգնել այդ ամենից, ապա միանշանակ կստանա բացարձակ ներում: Եկեղեցին քարոզում է ներողամտություն եւ բնականաբար խրախուսում է բոլոր այն մեղավոր անձանց, ովքեր ետ են կանգնում իրենց մեղավոր ճանապարհից: Սակայն առավել անպարկեշտ է քողարկվել եկեղեցով եւ շարունակել մեղսալից կյանքը: Քողարկումն էլ ինքնին նշանակում է, որ մարդն ի ցույց բոլորի գալիս է եկեղեցի, մասնակցում արարողությունների, ապացուցելու համար բոլորին, որ ինքն այլեւս պարկեշտ անձնավորություն է, բայց շարունակում է վարել նախկին կյանքը: Մարմնավաճառը պետք է հաճախի եկեղեցի, որտեղ կգտնի իր մաքրագործումը, եւ այնուհետեւ վստահաբար Աստված դրա դիմաց իրեն կտա հնարավորություն նորմալ կյանքով ապրելու: Հատկապես կարիք չկա բոլորին պատմել նրա անցյալը: Եթե մարմնավաճառը քաջություն գտնի խոստովանել քահանայի մոտ իր անցյալը, ապա վստահաբար որեւիցե դատապարտող կամ քննադատող խոսք չի լսի քահանայից, այլ՝ միայն հոգեշահ խորհուրդներ: Ուստի, մարմնավաճառը հոգեւորականներից մեկին պետք է ընտրի խոստովանահայր, հոգեւոր խորհրդական եւ աջակցող եւ շարունակի իր կյանքն այլեւս որպես բարի եւ ազնիվ քրիստոնյա»,- ասում է քահանան:

Կարեն ԱՄԻՐՋԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել