Լրահոս
Օրվա լրահոսը

Դահուկորդները որոշեցին Հայաստանի չեմպիոններին

Հունվար 21,2011 00:00

\"\"

Ծաղկաձորում ավարտվել է Հայաստանի դահուկավազքի առաջնությունը, որին մասնակցել են Գյումրիի՝ 2, Աշոցքի, Վանաձորի, Հրազդանի, ինչպես նաեւ ՖԻՄԱ-ի հավաքական թիմերը: Մարզաձեւի հանրապետական ֆեդերացիայի քարտուղարությունը տեղեկացնում է, որ այն ընդգրկված է դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայի օրացույց եւ մեր դահուկավազորդների համար վերջին ստուգատեսն էր հունվարի 25-31-ը Էստոնիայում կայանալիք պատանիների ու երիտասարդների, ինչպես նաեւ փետրվարի 23-ից մարտի 6-ը Նորվեգիայի մայրաքաղաքում ընթանալիք աշխարհի առաջնությունների համար:

Ծաղկաձորում դահուկավազորդները մրցել են չորս մրցատարածությունում: Տղաների 10 կմ դասական եւ 15 կմ ազատ ոճերում հաղթողի կոչումը նվաճել է ուսանող մարզիկ Սերգեյ Միքայելյանը, իսկ 1,2 կմ սպրինտում՝ Հովհաննես Սարգսյանը (Գյումրի-1): Աղջիկների պայքարում մրցակիցների նկատմամբ բացահայտ առավելություն է ցուցադրել ՖԻՄԱ ակումբի անդամ Սյուզաննա Վարոսյանը: Նա հավասարը չի ունեցել 5 կմ դասական, 1,2 կմ սպրինտ եւ 10 կմ ազատ ոճերում: 4×5 կմ փոխանցումավազքերում թե տղաների եւ թե աղջիկների թիմերը դասավորվել են հետեւյալ հաջորդականությամբ. Գյումրի-1, ՖԻՄԱ, Գյումրի-2:

Հաղթողներն ու մրցանակակիրները պարգեւատրվել են գավաթներով, մեդալներով, հավաստագրերով եւ դրամական մրցանակներով:

«Առավոտի» հարցին, թե ովքե՞ր են Հայաստանը ներկայացնելու վերը նշված միջազգային ասպարեզներում, Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը պատասխանեց. «Դա կորոշվի մոտ օրերս՝ ֆեդերացիայի գործկոմի նիստում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել