Կառավարական կայքերի միջոցով տրամադրվող տեղեկատվության թափանցիկության մակարդակով լավագույնն է ճանաչվել ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության կայքը՝ www.mtc.am:
Ըստ «Մեդիամաքսի», երեկ Երեւանում ներկայացնելով կայքերի շրջանում անցկացված մոնիտորինգի արդյունքները՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի փորձագետ Մեսրոպ Հարությունյանը տեղեկացրել է, որ թափանցիկության եւ մատչելիության աստիճանով երկրորդ տեղում է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, երրորդում՝ կրթության եւ գիտության նախարարության կայքը: Մեսրոպ Հարությունյանը հավելել է, որ 23 գերատեսչությունների շարքում վերջին 3 տեղերն են զբաղեցնում ոստիկանության, արդարադատության նախարարության եւ Պետեկամուտների կոմիտեի կայքերը: Կայքերի գործունեության դիտարկումն անց է կացվել 2010թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: «Հուսով ենք, որ մոնիտորինգի արդյունքների հրապարակումից հետո որոշ գերատեսչություններ կբարելավեն իրենց կայքերի աշխատանքը»,- ասել է փորձագետը: Դիտարկման են ենթարկվել նաեւ ՀՀ մարզպետարանների կայքերը: Տեղեկատվության թափանցիկության ցուցանիշով առաջին տեղում է Արմավիրի մարզը, վերջին տեղը զբաղեցնում է Շիրակի մարզը: