«Օրրան» հասարակական-բարեգործական կազմակերպությանը սատար կանգնելու եւ կազմակերպության տարրական դպրոցի սաներին դասագրքեր ու աշխատանքային տետրեր նվիրելու համար «Օրրանի» հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը շնորհակալագիր է հղել Երեւանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանի տնօրեն Աշոտ Ալիխանյանին: Ինչպես նշված է շնորհակալագրում, «Օրրան» կազմակերպությունը, որի առաքելությունը սոցիալապես անապահով ընտանիքներին, փողոցում հայտնված երեխաներին եւ միայնակ ու կարիքավոր ծերերին օգնության ձեռք մեկնելն է, իր բարեկամների եւ ընկերների օժանդակության շնորհիվ է, որ կարողացել է օրեցօր ընդլայնվել եւ այսօր արդեն ունենալ երկու կենտրոն՝ Երեւանում եւ Վանաձորում: Այդ կենտրոններում «ապահով եւ տաքուկ տանիքի տակ ամենօրյա սնունդ, կրթություն, դաստիարակություն եւ առողջապահական-հոգեբանական ծառայություններ են ստանում փողոցից կտրված ավելի քան 150 երեխաներ»,- ասված է շնորհակալագրում։ «Ձեզ պես նվիրատուների շնորհիվ է, որ այն այսօր ունի մեծ եւ հարուստ գրադարան, որը նպաստում է օրրանցիների արդյունավետ դասապատրաստմանը եւ կրթության լիարժեք իրականացմանը: Օրրանցիները անչափ հպարտ են իրենց կողքին Ձեզ պես բարեկամ եւ նվիրատու ունենալու համար»,-գրված է: