Լրահոս
Օրվա լրահոսը

«Հագիսը», պարկապզուկը եւ «Բամբիռը»

Հունվար 21,2011 00:00

Իսկ առաջիկայում՝ Ռոբերտ Բըրնսին նվիրված բարեգործական երեկո

Երեկ Հայաստանի ժողովրդական արվեստի թանգարանում Հայ-բրիտանական գործարարության պալատը եւ Երեւանում Բրիտանական դեսպանատունը կազմակերպել էին շոտլանդացի հայտնի բանաստեղծ Ռոբերտ Բըրնսին նվիրված բարեգործական երեկո, որի ընթացքում շոտլանդական պարկապզուկի ուրույն երաժշտության ներքո «հագիս» ուտեստը հանդիսավոր հանձնվեց Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլին: Բըրնսի ընթրիքը շոտլանդացիների համար ազգային տոնի արժեք ունի եւ ամեն տարի հունվարի վերջին նշվում է աշխարհի տարբեր երկրներում: Ընթրիքի առանցքը շոտլանդական «հագիս» ուտեստն է, որը ավանդաբար Շոտլանդիայից Հայաստան է ժամանում Բըրնսի ընթրիքից մի քանի օր առաջ՝ «հագիս» պատրաստող խոհարարի եւ շոտլանդացի պարկապզուկահարի ուղեկցությամբ:

Ողջունելով ներկաներին, իր խոսքում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլն ասաց. «Արդեն տասներեք տարի շարունակ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցը հյուրընկալում է Բըրնսի ընթրիքը՝ հուսալով ոչ միայն ուրախ ժամանց կազմակերպել ներկաների համար, այլ նաեւ գումար հավաքագրել բարեգործական նպատակներով: Անցած տարիներին հանգանակված գումարներով մարզային ծննդատների համար ձեռք է բերվել $74 հազար արժողության ժամանակակից սարքավորումներ, վերականգնվել է երկու նորածինների տեսողությունը, «Զատիկ» մանկատանը ստեղծվել է Ռոբերտ Բըրնսի անվան երիտասարդական կրթական կենտրոն»: Բըրնսի բարեգործական ընթրիքը նշանակված է հունվարի 22-ին: Ինչ վերաբերում է երեկվա միջոցառմանը, մասնակցում էր նաեւ «Բամբիռ» ռոք խումբը: Կատարվեցին ստեղծագործություններ՝ վերջերս լույս տեսած Armenian Scotch ձայնասկավառակից, որտեղ կան նաեւ Ռոբերտ Բըրնսի եւ Հովհաննես Թումանյանի բառերով երգեր: Մեկ համար էլ շոտլանդացի պարկապզուկահարի հետ բամբիռցի Նարեկը ներկայացրեց: Առաջին հայացքից այս տարօրինակ համադրումը բամբիռցին այսպես բացատրեց. «Երկու պոետներն էլ հումորով են եղել, երկուսն էլ խոսել են ժողովրդական պարզ լեզվով»: Ներկաներին հյուրասիրեցին վիսկի եւ հայկական կոնյակ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել