Համերգին կմասնակցի նաեւ լոնդոնաբնակ ջութակահար Ալեքսանդր Սիտկովեցկին, ով մաեստրոյին ճանաչում է ձայնագրություններով:
Էդ. Թոփչյանը (ձախից)՝ Ա. Սիտկովեցկիի հետ:
Վերջին շրջանում երեւանյան համերգասրահները հյուրընկալեցին համաշխարհային հռչակ ունեցող շատ երաժիշտների: Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀՊՖՆ) հետ էլ ելույթ ունեցան ինչպես անվանի երաժիշտներ, այնպես էլ արեւմուտքի հայտնի համերգասրահներում ճանաչված, խոստումնալից երիտասարդներ: «Արամ Խաչատրյան» համերգասրահում այսօր ՀՊՖՆ-ի այս տարվա առաջին համերգին, որը կղեկավարի Էդուարդ Թոփչյանը, երաժշտասերը կհանդիպի 27-ամյա, ազգությամբ ռուս, լոնդոնաբնակ ջութակահար Ալեքսանդր Սիտկովեցկիին: Երեկոն նվիրված է աշխարհահռչակ դիրիժոր Օհան Դուրյանի հիշատակին: Ջութակահարը ուսումնառությունը սկսել է Լոնդոնի Մենուհինի անվան երաժշտական դպրոցում, ապա շարունակել տեղի «Ռոյալ» ակադեմիայում, վարպետության դասեր է առել աշխարհահռչակ Մաքսիմ Վենգերովից եւ այլ աշխարհահռչակ երաժիշտներից: Որպես մենակատար հանդես է եկել ճանաչված նվագախմբերի, այդ թվում՝ «Ռոյալ ֆիլհարմոնիկի», BBC-ի հետ:
«Առավոտի» հետ հանդիպման ժամանակ Սիտկովեցկին հայտնեց, որ սիրով համագործակցում է ոչ միայն նվագախմբերի հետ, այլեւ ելույթներ է ունենում կամերային բեմերում, օրերս էլ BBC ռադիոկայանը կենդանի կատարմամբ հեռարձակել է իր մենահամերգը: Հետաքրքրվեցինք՝ բացի Խաչատրյանի կոնցերտից, իր երկացանկում ի՞նչ հայ կոմպոզիտորների երկեր ունի եւ արդյո՞ք լսել է Դուրյան դիրիժորի մասին: Մեր զրուցակիցն ասաց. «Լոնդոնում մտերիմ եմ հայաստանցի թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանի հետ, նրա միջոցով ծանոթ եմ հայ կոմպոզիտորական դպրոցին, հաճախ դուետով ելույթ ենք ունենում: Մտադիր ենք մոտ ապագայում մեկ երեկոյի ընթացքում հնչեցնել միայն հայ կոմպոզիտորների գործեր: Ցավում եմ, որ մաեստրո Դուրյանին անձամբ չեմ ճանաչել, սակայն լսել եմ նրա ղեկավարած տարբեր նվագախմբերի ձայնագրություններն ու հիացել»:
Հետաքրքրվեցինք՝ դժվար չէ՞ 1-2 փորձից հետո հանդես գալ անծանոթ նվագախմբի հետ: Արվեստագետն ասաց, որ թեեւ յուրաքանչյուր նվագախումբ անհատականություն է, սակայն, եթե նրա ղեկը պրոֆեսիոնալի ձեռքում է, ուրեմն ոչ մի դժվարություն այդտեղ լինել չի կարող: Հավելեց նաեւ, որ հայկական նվագախումբը, Թոփչյանի ղեկավարությամբ, այնուամենայնիվ, տարբերվում է մյուսներից՝ երաժիշտների ջերմությամբ, ինչն էլ անդրադառնում է կատարման վրա:
Կարճատեւ զրույց ունեցանք նաեւ վերջերս Գերմանիա կատարած համերգային շրջագայությունից վերադարձած Էդ. Թոփչյանի հետ, որն ուսանել է Օհան Դուրյանի մոտ եւ նրա՝ իբրեւ երաժշտի կայացման ճանապարհին մեծ են եղել աշխարհահռչակ սըր Ջորջ Շոլթիի, Կլաուդիո Աբբադոյի եւ Նելլո Սանտիի խորհուրդները: Թոփչյանը տեղեկացրեց, որ կայանալիք համերգին կհնչի Դուրյան կոմպոզիտորի «Կռունկը»՝ Կոմիտասական սյուիտից, նշելով, որ մաեստրոն իր ուսուցիչներից մեկն էր, ում համարում է մեր ազգի բոլոր ժամանակների մեծագույն դիրիժոր ու խոնարհվում նրա տաղանդի առջեւ: Անդրադառնալով հյուրախաղին, նշեց, որ Գերմանիայի Կասսել քաղաքում հունվարի 16-ին Deutshe Kamer Philharmonic-ի եւ լեհ դաշնակահարուհի Էվա Մարիցկիի հետ հնչեցրել է Մոցարտի 19-րդ կոնցերտը եւ ասաց, որ կերազեր Հայաստանում էլ տեսնել դասական արվեստին նվիրված այնպիսի հանդիսատես, ինչպես Գերմանիայում է: Հավելեց նաեւ, որ այդ երկրում գործող սիմֆոնիկ նվագախմբերի թիվը հաշվվում է հարյուրներով, իսկ Բեռլինի՝ թվով 6, Մյունխենի՝ 5, Դրեզդենի՝ 4, Շտուտգարդի՝ 3 նվագախմբերը համաշխարհային ճանաչում ունեն: