Հարավային եւ Հյուսիային Կորեաները բանակցություններ վարելու մասին անսպասելի պայմանավորվածություն են ձեռք բերել: Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Հյուսիսի՝ Կորեայի Ժողովրդա-դեմոկրատական Հանրապետության իշխանությունները Հարավային Կորեային առաջարկել են բարձր մակարդակով ռազմական բանակցություններ սկսել, ինչին Սեուլը համաձայնել է: Բանակցություններն անցնելու են երկու երկրների պաշտպանության նախարարների մակարդակով՝ ռազմական արդի խնդիրները քննարկելու նպատակով:
Նման հեռախոսային առաջարկով հինգշաբթի օրը հանդես է եկել Հյուսիսային Կորեայի պաշտպանության նախարար Կիմ Յոն Չուն (նկարում): Փխենյանում պարզաբանել են, որ պատրաստ են Հարավային Կորեային տալ բանակցությունների վայրն ու ժամանակը ընտրելու, ինչպես նաեւ օրակարգը ձեւավորելու իրավունքը:
Հարավկորեական իշխանությունները հաստատել են ինչպես Հյուսիսային Կորեայից այդպիսի առաջարկություն ստանալու, այնպես էլ այդպիսի բանակցություններ վարելու Սեուլի տված համաձայնության փաստը:
Հարավային Կորեայի պաշտպանական գերատեսչության բարձրաստիճան մի ներկայացուցիչ ասել է, թե եթե այդպիսի բանակցություններ իրականում տեղի ունենան, ապա Սեուլը, ըստ ամենայնի, կբարձրացնի Յոնպխեյնդո կղզում հյուսիսկորեական բանակի կողմից գնդակոծությունների եւ «Չխոնան» պարեկային նավի խորտակման հարցերը:
Հիշեցնենք, որ 2011թ. սկզբին ԿԺԴՀ-ն բազմիցս էր առաջարկել Սեուլի հետ բարձր մակարդակով բանակցություններ կազմակերպել, բայց Հարավային Կորեան մինչ այս մերժել էր նման առաջարկները: