«Բաց» նամակ ՀՀ վարչապետին
«Համահայկական գիտական խորհուրդ» հ/կ-ի նախագահությունը եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Կենսագիտության ամբիոնը բաց նամակ են հղում ՀՀ վարչապետին՝ անհանգստացած, իրենց ձեւակերպմամբ՝ ՀՀ կառավարության գիտաավերիչ քաղաքականությամբ: «ՀՀ ներկայիս վարչապետը իր պաշտոնավարությունը սկսել է «Գիտելիքը պիտի փոխարինի տգիտությանը» կարգախոսով: Սակայն իրականում տեղի է ունենում հակառակը, քանի դեռ երկրում գործում է «Գիտության եւ գիտատեխնիկական քաղաքականության մասին» գիտաավերիչ օրենքը, որի համաձայն՝ երկրի գիտական քաղաքականությունը թելադրում են անբարոյական կանոնակարգով ղեկավարվող ԳԱԱ-ն եւ աննախադեպ կրիմինալ բնույթ ընդունած ԳՊԿ-ն: Չնայած այդ կառույցների հակագիտական գործունեության մասին անընդհատ նշվում է թե երկրի վերահսկողական ծառայությունների, թե մամուլի հրապարակումներում: Կառավարությունն այժմ նորից ԱԺ է ներկայացնում օրենքի նախագծեր՝ դրանց կյանքի հարատեւման վերաբերյալ: Արդեն չորս տարի է, ինչ ԳՊԿ-ն իրականացնում է կոռուպցիոն վտանգի տեսանկյունից անհամատեղելի գործառույթներ՝ փորձագիտություն, ֆինանսների բաշխում եւ հաշվետվությունների ընդունում: Ակնհայտ է, որ նման պարագայում ԳՊԿ-ն պիտի գործեր կրիմինալ դաշտում (տես ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության հայտարարությունը): Այսօր գիտության համար հատկացված գումարները անարգել կերպով խժռվում են ԳՊԿ-ի եւ բնագավառի հիմնարկների ղեկավարների մակարդակի վրա: Կասկածից վեր է, որ ՀՀ Վերահսկիչ պալատի ընթացիկ ստուգումները ԳԱԱ ինստիտուտներում՝ ավելի սարսափելի բացահայտումներ կանեն, քան ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության ստուգումները: Այդ ԳՊԿ ղեկավարությունը նման պետական վնասարարության համար վաղուց կենթարկվեր քրեական պատասխանատվության, սակայն նա նորից ՀՀ կառավարության թողտվությամբ իր դիլետանտությամբ եւ խմբակային մոլուցքով տարված գործելակերպով շարունակում է ավերել գիտությունը հանրապետությունում: Թվում էր, թե իշխանական օղակներում տիրող իրավիճակի շտկմանը ուղղված երկրի նախագահի վերջին ելույթներից եւ որոշակի գործնական քայլերից հետո կառավարության դիրքորոշումը կփոխվի գիտավարչական կառույցների նկատմամբ, բայց նորից ԳԱԱ-ն իր անբարոյական կանոնակարգով ընտրություններ է անցկացրել, իսկ ԳՊԿ-ն իր դիլետանտությամբ եւ կոռուպցիայով թելադրված՝ նոր թեմատիկ մրցույթ է կազմակերպում: Արդյոք դա չի՞ նշանակում երկրի նախագահի նշված քայլերի վիժեցում եւ հանրապետության գիտության վերջնական կործանման դատապարտում»,- հայտարարում են նամակի հեղինակները: Նաեւ ՀՀ վարչապետին են ուղղում մի շարք հարցեր. «ՀՀ-ում մինչ օրս չեն գործում գիտնականի եւ գիտական խմբերի ակտիվության որոշման միջազգայնորեն ընդունված չափորոշիչներ, սակայն մեզանում իրականացվում է գիտության համար հատկացված պետական միջոցների եւ բարեգործական դրամաշնորհների բաշխում, կազմավորվում են զանազան «փորձագիտական» խմբեր, շնորհվում են մագիստրոսից մինչեւ ակադեմիկոսի գիտական աստիճաններ եւ այլն: Ակնհայտ է, որ նման չափորոշիչների բացակայության պայմաններում այդ ամենը կարող է կատարվել միայն ու միայն խմբակային եւ կոռուպցիոն սկզբունքով: Մինչդեռ ԳԱԱ-ի եւ ԳՊԿ-ի տրամադրության տակ է գտնվում դեռեւս ՀՀ նախկին փոխնախագահի նախաձեռնությամբ (այժմ ՀՀ ՍԴ նախագահ), միջազգային փորձի կիրառմամբ մշակված մի սանդղակ… Արդյոք ժամանակը չէ՞, որ ՀՀ-ն ընդօրինակի քաղաքակիրթ երկրներին, եւ գիտնականները վարձատրվեն՝ ըստ իրենց զբաղեցրած գիտական պաշտոնի, իսկ պետական բյուջեն թոթափի իր վրայից այդ անիմաստ ու հսկայական բեռը: Մինչ օրս ՀՀ հարկատուների հաշվին պահվում են ԿԳՆ եւ գիտական ինստիտուտների միջեւ ավելորդ ու միջանկյալ վարչատնտեսական օղակ ԳԱԱ նախագահությունը եւ անբարոյական կանոնակարգով ձեւավորված ԳԱԱ ակադեմիկոսների եւ թղթակիցների հսկայական բանակը, որոնք առանց որեւէ պարտավորության ստանում են ցմահ տիտղոսավարձ: Արդյոք ժամանակը չէ, որ ՀՀ կառավարությունը քաղաքական կամք դրսեւորի եւ ձերբազատի պետբյուջեն պարազիտող, հանրապետությունում գիտության զարգացման հիմնական խոչընդոտ հանդիսացող ԳԱԱ նախագահությունից եւ նրա կեղծ տիտղոսակիրների բանակից ու երկրում կազմավորի փորձագիտական գործառույթով օժտված իրական ԳԱԱ… Արդյոք ժամանակը չէ, որ ՀՀ կառավարությունը օգտվի երկրի վերահսկողական ծառայությունների ստուգման արդյունքներից եւ հրաժարվի խմբակային մոլուցքով տարված ԳՊԿ եւ ԳԱԱ նախագահներ ծնող ներկա կոռումպածին գիտավարչական համակարգից: Այսօր ՀՀ կառավարությունն իր գիտական քաղաքականությունն իրականացնում է գիտության զարգացման վերաբերյալ դիլետանտ գիտելիքներով օժտված ԳՊԿ-ի նախագահ Սամվել Հարությունյանի թելադրանքով, որն արդեն չորս տարի է, ինչ իրականացնում է պետական ֆինանսներիի քրեական բնույթի բաշխում (տես ՀՀ վերահսկողության ծառայության հայտարարությունը): Առանց համապատասխան փորձագիտության, ավերված գիտության պայմաններում, երբ ինստիտուտները ուսումնասիրման տարրական գործիքներ չունեն, հսկայական գումարներ են հատկացվում ԵՊՀ-ի կազմում նոր ինստիտուտ-արագացուցիչ հիմնելու համար, երբ հանրապետությունում առկա է բնագավառում լուրջ փորձառություն ու մասնագետների հսկայական ռեսուրսներ ունեցող Ֆիզիկայի ինստիտուտը: Դժվար է հավատալ, որ այդ ծրագրի հեղինակ եւ պոլիտեխնիկական կրթությամբ պարոն Վ. Ցականովին, որը ստանձնել է ԵՊՀ-ի միջուկային ֆիզիկայի ամբիոնի վարիչի պաշտոնը (աննախադեպ զավեշտալի փաստ), իր գիտական մտահղացումներն իրականացնելու համար անհրաժեշտ է նոր արագացուցիչ: Ակնհայտ է, որ դա արվում է ԳՊԿ-ի համար պետական եւ դրամաշնորհային միջոցների լվացման եւս մեկ օջախ ստեղծելու նպատակով…»,- ասվում է վարչապետին ուղղված բաց նամակում: