Կրթահամալիրում հաջողությամբ օգտվում են տեղեկատվական տեխնոլոգիաներից
Երեկ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մեկնարկեց «Հանրակրթական դիջիտեք 2011. թվային միջոցները հանրակրթության արդյունավետ գործիքներ» միջազգային 3-րդ ստուգատեսը:
Կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի խոսքով, ստուգատեսը նպատակ ունի ցուցադրել եւ գնահատել կիսամյակի ընթացքում կրթօջախի սովորողների տեղեկատվական տեխնոլոգիաներից օգտվելու ունակություններն ու ստացած գիտելիքները:
«Ստուգատեսի ընթացքում երկու շաբաթ անընդհատ համացանցում տեղադրվելու են նյութեր եւ սոցիալական տարբեր ցանցերով լայն հասարակությանը հնարավորություն կտրվի հետեւել ստուգատեսին, որի արդյունքում կգնահատվեն արված աշխատանքները՝ խրախուսական մրցանակներով: Ստուգատեսի գլխավոր «անելիքը» սովորողի եւ ուսուցչի կատարած հետազոտական աշխատանքները, թվային նյութերը լայն հասարակությանը ներկայացնելու կարողությունն է: Դրանք կարող են լինել տեսանյութեր, էլեկտրոնային դասեր, շտեմարաններ, էլեկտրոնային գրատախտակով դասի նյութեր, ռադիոնյութեր, ֆիլմեր եւ այլն, այսինքն՝ այն, ինչ հնարավոր է բոլոր թվային միջոցներով ստեղծել: Իսկ այս ամենը պետք է ընդամենը համացանցում կարողանալ ներկայացնել: Այսկերպ մենք ցանկանում ենք սովորողի մեջ ամրապնդել ինտերնետը, տեխնոլոգիաները՝ որպես ուսուցման միջոց, գործիք»,- ասաց Աշոտ Բլեյանը:
Երկշաբաթյան ստուգատեսի ընթացքում, բացի աշխատանքներ ներկայացնելուց, կրթահամալիրում տեղի են ունենալու նաեւ «բաց դասեր», քննարկումներ, թե ինչպես է կրթօջախում կիրառվում թվային տեխնիկան, ստուգատեսի նյութերի դիտում, գնահատում, ինչպես նաեւ վարպետաց դասեր՝ Հայաստանում գործող ընկերությունների ներկայացուցիչների, մասնագետների դասավանդմամբ:
Ստուգատեսի ընթացքում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի, ՀՀ ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, «Յունիքոմփ» ընկերության եւ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության միջեւ ստորագրվեց համագործակցության համաձայնագիր: Ա. Բլեյանի հավաստմամբ, նման համաձայնագրի ստորագրումը հանրակրթության ոլորտում աննախադեպ է. «Մենք այս 4 կազմակերպություններով հուշագրով կմեկտեղենք մեր ուժերը, եւ կրթահամալիրը կդառնա կադրերի պատրաստման լավագույն վայր: Մասնագիտական լսարանը ստիպված կլինի ոչ թե բողոքել դպրոցից, այլ օգնել դպրոցին, առաջադրել խնդիրներ եւ լուծումներ տալ դրանց»:
Ա. Բլեյանը բարձր գնահատեց թվային միջոցներով աշխատելու կրթահամալիրի սաների ոգեւորությունը, սակայն դժգոհեց ԿԳ նախարարության տրամադրած ինտերնետ կապի որակից: Կրթահամալիրի տնօրենը նշեց, որ իրենց դասընթացների հիմնական մասը պայմանավորված է համացանցից օգտվելով, սակայն՝ «Թըս-թըս կապ է… Նախարարությունը պետական ծրագրով այնպիսի կապ է տրամադրել դպրոցներին, որ դրանք հազիվ մեկ կամ երկու համակարգչի ծառայեն: Ժամերով սպասում ես, թե երբ պետք է բացվի պահանջածդ էջը: Նախարարությունը, որ այդքան գումար է գանձում բյուջեից այդ կապի համար, թող հասանելիք գումարը տա ինձ, ես գնամ ինձ համար նորմալ կապ ձեռք բերեմ…»:
Այս «մասով» ԿԳՆ կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արեգ Գրիգորյանը «Առավոտին» պարզաբանեց, որ կրթօջախներին տրվող ինտերնետային կապը տրամադրվում է Հայաստանի դպրոցների ընդհանուր ցանցից, որում ընդգրկված է 944 դպրոց. «Այդ դպրոցներից ոչ մի բողոք չենք ստացել: Աշոտ Բլեյանի առաջարկը չեմ ընդունում եւ չի էլ կարող ընդունվել: Սա պետական ծրագիր է, պատկանում է ԿԳ նախարարությանը, եւ մենք չենք կարող գումար տրամադրել նրան՝ այլ կապ ընտրելու համար: Նրա կրթահամալիրի մի քանի մասնաճյուղեր օգտվում են մեր տրամադրած կապից: Պարոն Բլեյանի բողոքն ինքս չեմ լսել, չգիտեմ կոնկրետ ինչից է բողոքում, իսկ ասել, թե կապը լավը չէ, հարաբերական է. նայած, թե ինչի մասին է խոսքը կամ ինչից է ցանկանում օգտվել նա»: