Ինչո՞ւ քրեական գործի վարույթ չսկսվեց
Երեւանի նախկին քաղաքապետին պաշտոնանկ անելու բուն պատճառը դեռ հայտնի չէ: Խոսակցություններ են գնում, որ Գ. Բեգլարյանը նախագահի արարողակարգի աշխատակցին առեւանգել, այնուհետեւ բռնություններ է գործադրել: Նախագահն էլ այդ անվայելուչ արարքից զայրույթ է վերապրել եւ պահանջել նրա անհապաղ հրաժարականը:
Ասում են՝ Հատուկ քննչական ծառայությունը քրեական վարույթ է սկսել, իսկ Գալուստ Սահակյանն էլ արտաբերել է. «Հրաժարական տալով՝ նախկին քաղաքապետը կայացրել է լուրջ քաղաքական որոշում, եւ այդ դեպքում քրեական հետապնդման մասին խոսելն ավելորդ է»:
Իմիջիայլոց, Երեւանի քաղաքապետը ընտրվում է, եւ, ըստ Սահմանադրության, նախագահը նրան պաշտոնանկ անելու լիազորություններ չունի (55 հոդված): Իմ պատկերացմամբ, եթե պաշտոնանկ անելու առիթը իրոք հիշյալ միջադեպն է, ապա կամային մղումների դրսեւորմամբ հրաժարական պահանջելու փոխարեն, անհրաժեշտ էր օրինական հետաքննություն կատարել՝ պարզաբանելով՝ տեղի ունեցածը հանցագործությո՞ւն է, զանցա՞նք, թե՞ ընդհանրապես, դեպքը տեղի չի ունեցել:
Օրինակ, մարդուն առեւանգելը նշանակում է անձին գտնվելու վայրից բռնազավթել եւ նրա կամքին հակառակ այլ տեղ տեղափոխելը (Քրեական օրենսգրքի 131 հոդված): Ընդհանրապես, այդ գործողությունը կատարվում է անձին պահելու մտադրությամբ, մինչդեռ տեղափոխված վայրից տուժողին կարող են արձակել անմիջապես: Դա տեղի է ունենում այն դեպքում, երբ առեւանգումը կատարվել է ուրիշ հանցագործություն կատարելու նպատակով՝ կողոպտելու, գույքին տիրանալու եւ այլն:
Եթե նախկին քաղաքապետը կատարել է հիշյալ գործողությունները եւ տուժողի կյանքին եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրել, ապա արարքը առաջացնում է Քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի հանցակազմը, որը պատիժ է նախատեսում 4-8 տարի ժամկետով ազատազրկում: Այդ արարքը ծանր հանցագործություն է եւ համարվում է հանրային հետապնդման գործ:
Ծեծը կամ այլ բռնի գործողությունները, որոնք չեն առաջացրել Քրեական օրենսգրքի 117 հոդվածի հետեւանքները (առողջությանը թեթեւ վնաս պատճառելը), մարմնական վնասվածքի հատուկ տեսակ չեն համարվում եւ կապված չեն առողջությանը վնաս պատճառելու հետ, մինչդեռ դիտվում են մարդու առողջության դեմ հանցագործություն (Քրեական օրենսգրքի 118 հոդված): Օբյեկտիվ կողմից ծեծն իրենից ներկայացնում է տուժողին բազմաթիվ հարվածներ հասցնել, ըստ որում, մեկ անգամ հարվածելը, եթե չի առաջացրել Քրեական օրենսգրքի 117 հոդվածի հատկանիշները, դեռեւս ծեծ չի համարվում, այդ արարքը դիտվում է ուրիշ հանցագործություն կատարելու միջոց (խուլիգանություն, վիրավորանք եւ այլն):
Ծեծ հանցագործությունը համարվում է մասնավոր հետապնդման գործ, եւ կարող են քրեական գործեր հարուցվել ոչ այլ կերպ, քան տուժողի բողոքի հիման վրա եւ կասկածյալի կամ մեղադրյալի, կամ ամբաստանյալի հետ հաշտվելու դեպքում ենթակա են կարճման (Քրդատօրի 33 հոդված, 183 հոդված):
Նկատենք, որ դիտարկվող հանցագործությունների վտանգավորության աստիճանը եւ բնույթը տարբեր են, իսկ երբ հանցակազմի տարրերից բացակայում են, արարքը հանցագործության կազմ չի առաջացնում:
Տրամաբանական հարց է ծագում. ինչո՞ւ քրեական գործի վարույթ չեն սկսում, չէ՞ որ ՀՀԿ խմբակցությունը մեկ տարի առաջ հարայ-հրոցով ընտրեց այդ քաղաքապետին:
Բանից պարզվում է՝ վարչախմբի վերնախավի հրահանգները եւ էմոցիաները վեր են օրենքներից, ըստ որում, նրանք յուրացրել են նաեւ քրեական հետապնդում իրականացնող մարմինների, դատախազի, դատարանի լիազորությունները եւ գործում են ինքնակամ (ինքնագլուխ):
Այսպես, եթե ՀՀԿ խմբակցության ղեկավար պարոն Գալուստ Սահակյանն ասել է. «Քրեական հետապնդման մասին խոսելն ավելորդ է», ուրեմն Սահմանադրությունը եւ մյուս օրենքները ուժը կորցնում են:
Եթե արտաբերել է. «Քաղաքական լուրջ որոշում է կայացվել», ուրեմն դա քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանք է:
Նույն կերպն է, երբ իշխանական վերնախավը վերապրում է գրգռումներ:
Բերված ինքնիրավչությունը կամ պաշտոնեական լիազորությունները անցնելը բացառություններ չեն: ՀՀԿ քաղաքական կուսակցության գաղափարախոսը պարզաբանումներ է տալիս ոչ միայն առանձին քրեական դեպքերով, այլեւ ներպետական եւ արտաքին հարաբերությունների հանգուցային հարցերով եւ լղոզում իրականությունը:
Օրինակ, ռազմագերիների եւ զոհվածների աճյունների փոխանակման մասին Աստրախանում ընդունված հայտարարության առնչությամբ նա արտաբերել է. «Այն գերիները, որոնք ՀՀ քաղաքացիներ են, ՀՀ իշխանությունների խնդիրն է, մնացածը՝ ԼՂ իշխանությունների խնդիրը»:
Նկատենք, որ խնդիրը վերաբերում է պատերազմ վարելու արգելված միջոցների եւ մեթոդների կիրառմանը, ինչի ռեժիմը կարգավորվում է «Ռազմագերիների նկատմամբ վերաբերմունքի մասին» 1949թ. Ժնեւի կոնվենցիայով եւ կոնվենցիային հարակից 1977թ. լրացուցիչ արձանագրությամբ:
Կոնվենցիայում հիշատակված է «պատերազմող կողմեր» հասկացությունը, իսկ Արցախի կոնֆլիկտում միջազգային կառույցները հակամարտող կողմեր ճանաչել են Հայաստան եւ Ադրբեջան պետություններին: Թե այս պարագայում ԼՂՀ-ն ինչպես կարող է լուծել ռազմագերիների եւ զոհվածների աճյունների փոխանակումը՝ անտրամաբանական է:
Կամ՝ Սասուն Միքայելյանին, Նիկոլ Փաշինյանին եւ այլոց անվանում է քրեական հանցագործներ, երբ նրանք անմիջական որեւէ հանցագործություն չեն կատարել, կազմակերպել, դրդել կամ օժանդակել կատարողներին, այլեւ, ինչպես բնորոշել են նաեւ միջազգային համապատասխան կառույցները, դատապարտվել են քաղաքական համոզմունքների համար (այդ պարագայում էլ «քրեական հետապնդումը ոչ թե ավելորդ է եղել», այլ պարտադիր):
Օրինակները կարելի է թվարկել, մինչդեռ սուտը եւ կեղծիքը անբարոյական դրսեւորումներ են, որոնք, ի դեպ, գաղափարախոսության եւ դիվանագիտական ոլորտներում հաճախ խրախուսվում են:
Հիտլերը «Իմ պայքարը» աշխատությունում ասել է, որ գաղափարախոսությունը պետք է առաջացնի «ֆանատիզմ», երբեմն էլ՝ «հիստերիա», եւ նրանում ակնարկ անգամ չպետք է լինի, թե կարող է որեւէ այլ կարծիք լինել տվյալ հարցի վերաբերյալ: Այսինքն՝ գտնում էր, որ սուտը պետք է լինի վիթխարի եւ միտք չունի զբաղվել մանր-մունր ստախոսություններով:
Երբ «սպիտակ աղավնիները» ակնարկում են, թե անվայելուչ վարմունքի առնչությամբ վարչակազմի վերնախավը վերապրել է բարոյական զգացմունք՝ վրդովմունք, ինչը նախկին քաղաքապետին պաշտոնանկ անելու առիթն է, մանր-մունր ստախոսություն է: Տվյալ պարագայում մղումները բարոյական էմոցիաներ չեն, այլ արտաքուստ նույն կերպ արտահայտված վերապրումներ են, որի ետեւում թաքնված են անձնական շահեր եւ հակակրանք:
Եթե բարոյականության նորմերը եւ բարոյական արարքը գնահատում են, ապա նույն անձինք ինչո՞ւ մարտի 1-ին բարոյական չարիք՝ դեւիանտ (շեղվող վարքագիծ) դրսեւորեցին եւ կյանքից զրկեցին ու խեղանդամ դարձրին իրենց բողոքն արտահայտող հարյուրավոր մարդկանց, ինչո՞ւ պարտակեցին հանցագործներին եւ պատասխանատուներին:
Մանր-մունր ստախոսություններ են նաեւ կաշառակերության եւ կոռուպցիայի դեմ պայքարի ուղեցույցը: Դա ըստ էության ֆորմալիզմ եւ կեղծ բարեպաշտություն է, քանզի պաշտոնական հանցագործություններ համարվող հիշյալ արարքների սուբյեկտները, այսինքն՝ պետական մարմիններում, տեղական ինքնակառավարման մարմիններում, դրանց կազմակերպություններում, զինված ուժերում գործողություններ իրականացնող անձինք ամբողջությամբ իշխող կոալիցիայի մարդիկ են կամ մերձավորները, հետեւաբար, պետությունից այլ թալանողներ եւ ժողովրդին այլ կեղեքողներ չկան: