ՀՌԱԿ 19-րդ համագումարում սենսացիաներ չեղան
Երեկ տեղի ունեցած ՀՌԱԿ 19-րդ համագումարի առաջին նիստը նախընտրական չէր, այլ աշխատանքային: Այդ պատճառով քաղաքական այլ ուժերի ղեկավարներ համագումարին հրավիրված չէին: Մեկ-մեկուկես ամիս հետո արդեն կներկայացվեն 2010-ի հաշվետվությունն ու մշակված նոր ծրագրային դրույթները, որոնք նաեւ կուսակցության նախընտրական ծրագրերի հիմք են դառնալու: Հիշեցնենք, որ անցած տարեվերջին հրաժարականի դիմում էր ներկայացրել ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը՝ պատճառաբանելով, որ իր աշխատանքն այսուհետ կապված է լինելու Սփյուռքի հետ. նա փորձելու է սերտացնել կուսակցական կապը Սփյուռքի եւ հայրենիքի միջեւ՝ ակտիվացնելով այստեղ կատարվող ներդրումները: Հարություն Առաքելյանը երեկ եւս խորհուրդ տվեց «սենսացիաներ չփնտրել», ասաց, որ իրենք շարունակելու են աշխատել նույն թիմով: Քաղաքական գծի փոփոխություն չի լինելու: Համենայնդեպս, հայ-թուրքական եւ ղարաբաղյան հարցերի վերաբերյալ ՀՌԱԿ-ը շարունակելու է հետամուտ լինել իր դիրքորոշմանը. «Մենք ասում ենք, որ կա մեկ ճանապարհ՝ միջազգային դատարան: Երբ որ չկա ընդհանուր գործ, երբ Սփյուռքը արհամարհվում է, երբ առանձին փորձում են թուրքերի հետ սիրախաղ անել, այստեղ արդեն շատ բարդանում է մեր հայրենակիցներին Սփյուռքում բացատրել, թե միլիոնուկես զոհված, հայրենիքը կորցրած այս պատմությունը եւ հարյուր հազարավոր արխիվային փաստաթղթեր ունենալով՝ ինչո՞վ է զբաղված հայրենի կառավարությունը: Բայց մերն են, մերոնք են, մեր կառավարությունն է։ Մենք առայժմ իրենց հայ ենք համարում եւ կարծում ենք՝ աշխատանքը ճիշտ կառուցելու դեպքում՝ լինի դա արտգործնախարարությունը, սփյուռքի նախարարությունը, Ցեղասպանության թանգարանը, համատեղ աշխատանքի դաշտ մենք տեսնում ենք»,- ասաց Հարություն Առաքելյանը։ Նա իր խոսքում հիշեց նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ կուսակցության եւ իր դեմ ուղղված «խաչակրաց արշավանքը»: «Ես, իրոք, հպարտ եմ, որովհետեւ Հայաստանում քիչ կան կուսակցություններ, որոնց փորձի պետությունը պառակտել, ու չստացվի»,- ասաց Առաքելյանը՝ ավելացնելով, որ արդյունքում իրենց կուսակցությունը ոչ թե պառակտվեց, այլ ավելի ամրացավ։ Նա հիացմունքով նկատեց, որ «վարչապետի ձեռամբ» ստեղծված համանուն 4 հոգանոց կուսակցությունն այժմ հայհոյում է կառավարությանն ու իշխանությանը:
Հարություն Առաքելյանի առաջարկով կուսակցության համագումարը ՀՌԱԿ ատենապետ ընտրեց Էդվարդ Անտինյանին: Վերջինս մինչեւ Հարություն Առաքելյանի հրաժարականը զբաղեցնում էր կուսակցության փոխատենապետի պաշտոնը, մինչ այդ նա Հովհաննես Հովհաննիսյանի ղեկավարած Հայաստանի ազատական առաջադիմական կուսակցության փոխնախագահն էր՝ ապա՝ նախագահը, իսկ 2009-ին «Դաշինք» եւ «Ազգային վերածնունդ» կուսակցությունների հետ ՀԱԱԿ-ը նույնպես լուծարվեց եւ միացավ ՀՌԱԿ-ին: Առաջիկա ընտրություններին ՀՌԱԿ-ը կմասնակցի առանձին, թե դաշինքով՝ դեռ պարզ չէ. առայժմ ուսումնասիրելու են այլ կուսակցությունների կեցվածքը: Նորընտիր ատենապետի ծրագիրը դեռ բանավոր է՝ ընտրությունների նախաշեմին ուժեղացնել կուսակցությունը: Էդվարդ Անտինյանն իր խոսքում հնարավոր գործընկերների շարքում առայժմ նշեց միայն «Ժառանգության» անունը. «Լիբերալ-դեմոկրատական արժեքները ովքե՞ր են իրականացնում, ովքե՞ր են դա ներկայացնում: Իշխանական կուսակցությունների մեջ նայեք, ընդդիմադիր կուսակցությունների մեջ նայեք: Ճշմարտության առաջ չմեղանչելու համար ասեմ, որ «Ժառանգություն» կուսակցությունը դեռ այն ժամանակվանից, որ ստեղծվել է, 2008 թվականի ճգնաժամից առաջ նորից առաջ քաշեց ազգային ազատական գաղափարախոսությունը»։
Համագումարի աշխատանքներին մասնակցող Ռամկավար ազատական կուսակցության Կենտրոնական վարչության ատենապետ Մայք Խարափյանը ողջունելով նախկին եւ ներկա ատենապետերին՝ իր խոսքում նաեւ մասամբ գաղտնազերծեց ՌԱԿ-ի անելիքների մի մասը: Կուսակցությունն այսուհետ ջանալու է աշխարհասփյուռ հայերի նյութական կարողությունների ժառանգորդ գրանցել Հայաստանի Հանրապետությանը: Նախատեսվում է ստեղծել կառավարության հսկողության տակ աշխատող մարմին, որտեղ կկենտրոնացվի արտերկրներում հայերի՝ տարիներ շարունակ կուտակած հարստությունն ու կդրվի ի նպաստ հայրենիքի: ՌԱԿ ատենապետի խոսքով՝ այսօր քչացող հայ համայնքների կարողությունները հիմնականում մնում են տվյալ երկրների կառավարություններին կամ այլազգի անհատների տնօրինության տակ: Նման նախադեպ Հնդկաստանում ունեցել ենք: Որպեսզի «հայկական հարստությունը» չկորչի, կուսակցությունն իր կառույցներով լծվելու է այդ գործին: