Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՐԵՎԱՆԻՆ» 900 ԵՎՐՈ Է ՊԵՏՔ

Հունվար 21,2011 00:00

\"\"«Առավոտը» 2010թ. նոյեմբերի 3-ին «Աբովյանի «հիմնադրած» համայնքը» հրապարակմամբ տեղեկացրել է, որ թեեւ Էստոնիայում ապրում է հազիվ 1500 հայ, այստեղ կան «Արարատ», «Աղթամար», «Երեւան» ֆուտբոլային ակումբներ, «Նուռ» պարային խումբ, Էստոնիայի հայ երիտասարդների միություն, Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի դպրոց:

Երեկ «Երեւան» սիրողական ֆուտբոլի ակումբի նախագահ Ավետիք Գրիգորյանից տեղեկացանք, որ թիմը ֆինանսական օգնության կարիք ունի: «Մենք չենք կարողանում հավաքել 900 եվրո՝ մուծելու Էստոնիայի ֆուտբոլի միությանը՝ 2011թ. մրցաշրջանում Էստոնիայի ֆուտբոլի առաջնությանը մասնակցելու համար, որը մեկնարկելու է ապրիլին: Մեր ակումբի գլխավոր հովանավորը (ազգությամբ՝ ոչ հայ) պատրաստ է մուծել այդ գումարը, սակայն մի պայմանով, որ ակումբի անունը «Երեւան» չլինի, որովհետեւ շատ ազգային է հնչում: Այդպիսի պայմանն ընդունելի չէ, որովհետեւ ակումբը կկորցնի ամենակարեւորը՝ ազգայինը… Պարզ է, որ օգտվելով մեր տղաների ֆինանսական դժվարություններից, ցանկանում են կլանել մեր հայկական ակումբը: Ակնհայտ է նաեւ այն, որ նրանք, ովքեր ունեն նյութական միջոցներ, հեշտությամբ կհամոզեն ու կգրավեն իրենց կողմը մեր լեգեոներ-ֆուտբոլիստներին, հասնելով իրենց նպատակներին: «Երեւան» անունը օդ է, որ օգնում է օտարության մեջ գոյատեւել եւ պահպանել մեր դեռեւս չձուլված հայկական արմատներին: «Երեւան» ակումբի ապագայի համար այս տագնապալի պահին օգնության խնդրանքով ես որոշեցի դիմել Սփյուռքի իմ ազգակիցներին՝ հավաքել հարկավոր գումարը: Շատ ցավալի է կորցնել այն, ինչը տարիների ընթացքում ստեղծվել է ոչ միայն մեզ համար»,- նկատում է «Երեւան» ակումբի նախագահը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել