Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սուրբ Աստվածածինը դեռ չի գործում

Հունվար 21,2011 00:00

\"\"Մինչ գյուղապետը նկատում է, որ եկեղեցին նորոգելու միջոցներ չկան, գյուղացիները պնդում են, որ եկեղեցու գույքն ու խաչքարերը քիչ-քիչ վաճառում են:

Կոտայքի մարզի Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը գտնվում է Մաքրավան գյուղում, հայտնի է իր հազարամյա պատմությամբ ու բազում լեգենդներով: Փոքր վանքը՝ 9-րդ, Մեծը՝ 13-րդ դարի կոթողներից է: Ժամանակին Սուրբ Աստվածածինը գործել է՝ ունեցել զանգակատուն, արեւի ժամացույց: Ս. Աստվածածնին հրաշագործ զորություններ են վերագրվել: Դեռ կանգուն է վանքի բակում տեղադրված քարե արձանը՝ օվալաձեւ անցքով, որի միջով անցնող հիվանդ երեխաները, ըստ առասպելի՝ ապաքինվում էին:

Գյուղացիները պատմում են, թե վանքը սկզբում թուրքերի համար ախոռ է ծառայել, բայց նրանց հեռանալուց հետո այն մաքրվել է, գյուղն էլ վերանվանվել է Մաքրավանք (մաքուր վանք ունեցող), իսկ 90-ականներին՝ Մաքրավան: Խորհրդային իշխանության տարիներին եկեղեցու գույքը (մետաքսյա ոսկեթել երիզներով վարագույրներ, արծաթե, ոսկեզօծ մոմակալներ ու զարդանախշեր, ձեռագիր գրքեր ու նկարներ) բռնագրավվել է եւ տեղափոխվել Էջմիածին:

Մաքրավանցի 90-ամյա Գեղամ պապը հիշում է. «1983 թ. եկեղեցին մի փոքր վերանորոգվեց, բայց հետեւանքն էլ եղավ այն, որ 30 կգ-անոց արծաթյա խաչը փոխարինվեց թիթեղյայով»: Ըստ գյուղի բնակիչ Քաջիկի՝ Սուրբ Աստվածածնի համբավն ամենքին է հայտնի, շատ զբոսաշրջիկներ, սփյուռքահայեր են գալիս, տեսնում, նկարվում եկեղեցու մատույցներում, բայց եկեղեցու վերականգնմանը դա որեւէ կերպ չի նպաստում:

2006թ. վանքապատկան խաչքարերից մեկը Ֆրանսիայում ցուցադրելու նպատակով տեղափոխում են ու նորից վերադարձնում: Իսկ մեկ այլ խաչքար այդպես էլ կորչում է՝ չի վերադառնում Մաքրավան ու Սուրբ Աստվածածին: «Հաջորդն էլ նույն բախտին կարժանանար, եթե գյուղացիներով դրանց ճամփան չկտրեինք, մինչեւ իսկ ոստիկանությունն էր խառնվել, ասում էին, թե Գարեգին 2-ի հրամանն է, բայց դե ով կհավատար դրանց: Սարից մեծ քարեր իջեցրին մեր ջահելներն ու ճամփան փակեցինք, տեսան էլ ճար չկա, հեռացան»,- պատմեց Սիրուշ տատը:

«Ուր ասես, որ չդիմեցինք, մինչեւ իսկ բնապահպանության ու մշակույթի նախարարություններ, բայց ամեն տեղ մեզ առարկում էին, թե գույքի 60%-ը Էջմիածնին է պատկանում, իսկ մնացած 40%-ը, որն այժմ նույնպես գտնվում է Մայր աթոռի իրավասության տակ, կվերադարձվի, երբ եկեղեցին գործի»,- պատմեց Գեւորգ Գեւորգյանը, ով համագյուղացի Մխիթարի հետ սկսել է եկեղեցու բարեկարգման աշխատանքները:

Մաքրավանի գյուղապետ Արայիկ Առաքելյանն էլ ասաց, որ եկեղեցու հարցը շատ անգամ է քննարկվել, բայց խնդիրն այն է, որ բավարար միջոցներ դեռ չկան Սուրբ Աստվածածինը նորոգելու համար, նույնիսկ գյուղամեջ տանող ճանապարհն է անմխիթար վիճակում, էլ ուր մնաց եկեղեցին… Մնում է հովանավորներ գտնել կամ էլ բավարարվել ունեցածով եւ սպասել պատեհ առիթի: «Մեր ուզածն էն է, որ եկեղեցին գործի, գույքը հետ բերեն, կողքի նորակառույց վանքերում ժամ ու պատարագ են անում, մերն ինչով է պակաս: Ութ հատ խաչքար ծախեցին, պղնձյա զանգն էլ տարան, լավ է, որ եկեղեցու դուռը Աշոտն ու Լիպոն սարքեցին, մենք որ մեր արժեքները չպահենք, ուրիշից ինչ պիտի պահանջենք»,- նեղսրտում է Գեղամ պապը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել