Քաղաքացու եւ քաղաքապետի վեճի մեջ Գիշյաններն իրար դեմ են դուրս եկել
Սամվել Գիշյանը «մարտական» է տրամադրված:
Հունվարի 18-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում (նստավայրը՝ Նոյեմբերյան) վերսկսվեց գործարքը վավեր ճանաչելու հայցով՝ Սամվել Գիշյանն ընդդեմ Նոյեմբերյանի քաղաքապետարանի եւ գույքն ապօրինի տիրապետումից ազատելու պահանջով Նոյեմբերյանի քաղաքապետարանի հակընդդեմ հայցով դատավարությունը: Այս վեճին «Առավոտը» անդրադարձել է 2010թ. նոյեմբերի 11-ին «Ճանապարհային վեճ» հրապարակմամբ: Հիշեցնենք, որ Սամվել Գիշյանը մոտ 15 տարի առաջ գնել է Նոյեմբերյանի նախկին շուկայի 2800 քմ մակերեսով տարածքը, նաեւ «Կարգավորիչ շիտեր» անունը ստացած փակ 2 ջրամբարներով տարածքը՝ 140 քմ մակերեսով: Այս տարածքների համար ունի սեփականության վկայականներ՝ տրված համապատասխանաբար 1995 եւ 1997 թվականներին: Քաղաքապետը պնդում է, որ տարածքով պետք է ճանապարհ բացել:
Քաղաքացին ընդդեմ քաղաքապետի եւ քաղաքապետն ընդդեմ քաղաքացու հայցերի դատաքննությանը կարելի է «Գիշյանների դատ» անունը տալ: Քաղաքապետարանի շահերը ընդդեմ Սամվել Գիշյանի՝ դատարանում պաշտպանում էին Նոյեմբերյանի քաղաքապետի տեղակալ Խաչիկ Գիշյանը եւ քաղաքապետարանի իրավաբան Գիգուշ Գիշյանը: Սամվել Գիշյանը դատին չէր ներկայացել: Նա դատարանին հայտնել էր, որ հունվարի 10-ին դիմել է Նոյեմբերյանի քաղաքապետարան, որպեսզի ստանա քաղաքապետի 2000թ. թիվ 253 եւ 2010թ. թիվ 258-Ա որոշումները, նաեւ՝ ավագանու 2000 եւ 2010 թվականների նիստերի արձանագրությունները: Իսկ Անշարժ գույքի կադաստրի Նոյեմբերյանի տարածքային ստորաբաժանումից Սամվել Գիշյանը փորձում է ստանալ՝ վեճի առարկա նախկին շուկային հարակից տարածքի համար քաղաքապետարանին հանձնված համայնքային սեփականության 3 վկայականների տրման հիմքերը: Ըստ Սամվել Գիշյանի, այս փաստաթղթերը ապացուցողական նշանակություն ունեն եւ մինչ դրանց ստացումը՝ հարկ է հետաձգել դատաքննությունը:
Սակայն քաղաքապետարանի ներկայացուցիչ Գիշյանները դեմ էին դատը հետաձգելուն: Ըստ նրանց, Սամվել Գիշյանը ժամանակին գնել է շուկայի եւ դրա հարակից «Կարգավորիչ շիտեր» օբյեկտի կոնստրուկցիաները եւ ոչ թե դրանց զբաղեցրած հողը, որ սխալ չափումների հետեւանքով Սամվել Գիշյանը 2000 քառակուսի մետրից զատ, մոտ 2800 քառակուսի մետր տարածք է զբաղեցնում: Քաղաքապետի տեղակալն ասաց, որ Սամվել Գիշյանի կողմից ապօրինի զբաղեցրած տարածքում է գտնվում սելավատար, իսկ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նման տարածքները չեն կարող օտարվել: Քաղաքապետարանի Գիշյանները ասացին նաեւ, որ քաղաքի 40 բնակիչներ դիմել են քաղաքապետարան, որպեսզի վերականգնվի իրենց փողոցից դեպի քաղաքի կենտրոն ճանապարհը, որն անցնում էր նախկին շուկայի կողքով, իսկ այսօր Սամվել Գիշյանը դարպաս է տեղադրել, ճանապարհը փակվել է, ու մարդիկ շրջանցիկ, երկար ճանապարհ են անցնում:
Ինչո՞ւ է այդ խնդիրը նոր ծագում՝ հարցրեց դատավոր Ա. Կուրեխյանը: Քաղաքապետի տեղակալ Խաչիկ Գիշյանը ասաց, որ խնդիրը սրվել է 1,5 տարի առաջ, երբ գործարար Յուրա Հարությունյանին պատկանող տարածքում փակվեց այդ փողոցը քաղաքի կենտրոնին կապող արահետը:
– Եթե Յուրան չփակեր այդ ճանապարհը, կարող էիք եւս 10 տարի սպասել, որ 20 տարվա վարձակալության պայմանագիրը լրանար: Մինչեւ ձեր դեմ հայց չեն ներկայացնում, դուք հակընդդեմ հայց չեք ներկայացնում,- նկատեց դատավոր Կուրեխյանը:
– Համայնքի հողերի գույքագրում ենք կատարում,- արդարացան քաղաքապետարանի ներկայացուցիչները:
– Նոյեմբերյանը Մոսկվա չէ, փոքր տեղ է, հնարավոր չէ՞ր այդ գործերն արագ կատարել,- հարցրեց դատավորը:
Վիճելի տարածքը գտնվում է քաղաքի կենտրոնում, քաղաքապետարանի շենքից մոտ 100 մ հեռավորությամբ:
Դատավորը քաղաքապետարանի իրավաբան Գիգուշ Գիշյանին հիշեցրեց, որ նա նախորդ դատական նիստում խոստացել էր դատարան ներկայացնել ավագանու 2000 եւ 2010թթ. որոշումները, քաղաքապետի որոշումները: Սակայն պարզվեց, որ քաղաքապետարանի ներկայացուցիչները ձեռքի տակ չունեին ոչ միայն ավագանու որոշումները, այլ նաեւ քաղաքապետի 2010թ. դեկտեմբերի 2-ի թիվ 258-Ա որոշումը, որով Սամվել Գիշյանի հետ 2000թ. կնքված վարձակալության պայմանագիրը չեղյալ է համարվել: Քաղաքապետարանի ներկայացուցիչները ենթադրում էին, որ այդ որոշման քաղվածքն էլ բավարար է:
– Թո՞ւղթ եք խնայում,- հեգնեց դատավորը:
Քաղաքապետի տեղակալ Խաչիկ Գիշյանը ասաց, որ կարող է 5 րոպեում գնալ-բերել, ինչը դատավորը չընդունեց: Սամվել Գիշյանը դատարան ուղարկած ապացույցների թվում ներկայացրել էր նաեւ «Առավոտի» վերը հիշատակված այն համարը, որտեղ նշված էր ճանապարհ բացելու նպատակով քաղաքապետարանի աշխատողների կողմից կտրված ընկուզենու մասին:
– Մեր տարածքն է, մեր տնկած ծառը կտրել ենք, տուգանքն էլ վճարել,- հատուկ «Առավոտի» թղթակցի համար դատարանում շեշտեց Խաչիկ Գիշյանը: Դատաքննությունը ավարտվեց: Դատարանի վճիռը կհրապարակվի փետրվարի 2-ին: