Լրահոս
Օրվա լրահոսը

Վճիռն անփոփոխ թողեց

Հունվար 21,2011 00:00

ՀՀ վերաքննիչ դատարանը մերժեց Լոռու մարզի դատախազության բողոքը՝ օրինական ուժի մեջ թողնելով Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:

2010 թ. սեպտեմբերի 23-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Վոլոդյա Ղուկասյանի նախագահությամբ բավարարել էր Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավապաշտպան կազմակերպության հայցն ընդդեմ Լոռու մարզի դատախազության անգործության, այն է՝ Լոռու մարզի դատախազությունը պարտավորվել էր օրենքով սահմանված կարգով քրեական գործ հարուցելու կամ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում կայացնել եւ դրա պատճենը ներկայացնել հանցագործության մասին հաղորդում ներկայացրած իրավապաշտպան կազմակերպությանը:

Դրանից հետո Լոռու մարզի դատախազությունը դիմեց ՀՀ վերաքննիչ դատարան, որն էլ մերժեց դատախազության հայցը, այսպիսով, ՀՀ վերաքննիչ դատարանը օրինական ուժի մեջ թողեց Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:

«Կայացվել է օրինական որոշում, դատավարության ընթացքում նյութական ու դատավարական իրավունքի խախտումներ ոչ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի, ոչ վերաքննիչ դատարանի կողմից թույլ չեն տրվել, եղել է օրինական դատական նիստ»,-տեղեկացրեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան Արայիկ Զալյանը:

Լոռու մարզի դատախազությունը, սակայն, իրավունք ունի 15-օրյա ժամկետում վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկել ՀՀ վճռաբեկ դատարան:

Հիշեցնենք, որ անցած տարվա օգոստոսին իր խախտված իրավունքները պաշտպանելու համար Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավապաշտպան կազմակերպություն էր դիմել վանաձորաբնակ Շուշանիկ Սարգսյանը:

Շուշանիկը պատմել էր, որ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժանմունքի քննիչ Վ. Դոլմազյանն ու ոստիկանության երեք աշխատակիցներն անօրինաբար խուզարկել են իր բնակարանը:

Քննիչի կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման մասին իրավապաշտպան կազմակերպությունը հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, ինչն էլ մակագրվել է Լոռու մարզի դատախազություն: Լոռու մարզի դատախազությունը, սակայն, որոշում չէր կայացրել, այլ կազմակերպության ուղարկած հաղորդմանը պատասխանել էր գրությամբ:

«Որոշման օրինական ուժի մեջ մտնելուց հետո Լոռու մարզի դատախազությունը պարտավորվելու է կատարել դատարանների կայացրած որոշումները, հակառակ դեպքում՝ այն կկատարվի հարկադիր կարգով»,- եզրափակում է իրավաբանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել