Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿԱԼԱՆԱՎՈՐԸ ՀԱՑԱԴՈՒԼ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ

Հունվար 21,2011 00:00

\"\" \"\"

34-ամյա վանաձորցի Աշոտ Հարությունյանը, որ կասկածվում է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Ստեփանավանի նստավայրի դատավոր Ա. Թովմասյանի ու դատական կարգադրիչների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ, հունվարի 16-ից հացադուլ է հայտարարել:

Այսկերպ նա իր բողոքն է արտահայտում իրեն անարդարացիորեն կալանավորելու, ինչպես նաեւ նախաքննական մարմնի անօրինականությունների դեմ:

Աշոտն արդեն 2,5 ամիս գտնվում է «Վանաձոր» ՔԿՀ-ում:

Նրա հայրը՝ Սամվելը (լուսանկարում), շարունակում է պնդել, որ ոչ թե իր որդին է բռնություն գործադրել իշխանության ներկայացուցիչների նկատմամբ, այլ նրանք են բռնություն գործադրել որդու նկատմամբ եւ խուսափելու համար պատասխանատվությունից՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով գործ հարուցել որդու դեմ:

Ասում է, որ իր տղային վերագրվող արարքը որեւէ կերպ չի հիմնավորվում եւ չի համապատասխանում իրականությանը. «Այն սուտ է սկզբից մինչեւ վերջ: Իրականում դատավոր Ա. Թովմասյանն ինքն է հրահրել վեճը, բազմիցս ունեցել է այն կանխելու հնարավորություն եւ չի կանխել, մյուս կողմից էլ տղայիս նկատմամբ կազմակերպված արհեստական ապացույցներ ստեղծելով՝ կատարել է սուտ մատնություն»:

Հոր խոսքերը գալիս է ապացուցելու նաեւ դեպքին ակամա վկա դարձած Նունե Պառավյանը, ում առանց ծանուցագրի 2 անգամ հրավիրել են ոստիկանություն: Նա զարմացել էր՝ իմանալով, որ Աշոտին ձերբակալել են:

«Մեքենայի դուռը բացեցի, որ տեսնեմ՝ ինչ է կատարվում, տեսա հրում են Աշոտին, կռվում են, Աշոտին գցել էին գետնին, ոտքերով ու ձեռքերով ծեծում էին: Փողոցի այն կողմը տարան, այնտեղ էլ ծեծեցին: Չորսն էլ խփում էին: Իջա մեքենայից, ասի, հենց հիմա վերջացրեք, թե չէ միլիցիա կզանգեմ: Էդ պահին ֆորմովը մոտեցավ ինձ, ասաց՝ հենց հիմա գնա ստեղից, թե չէ քեզ էլ կխփեմ: Իմ ասելուց հետո դադարեցրին ծեծը: Թողեցին Աշոտին ու գնացին,- պատմում է Նունեն,- համ ծեծեն, համ իրե՞նք անմեղ դուրս գան, ճիշտ բան չի դա»:

«Անձին կասկածելու, դրա արդյունքում խափանման միջոց կալանքը ընտրելու մասին որոշմամբ դատարանը խախտել է անմեղության կանխավարկածը, քանի որ մարդու՝ հանցագործություն կատարելը կամ չկատարելը հիմնավորվում է դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշումով, իսկ մինչ այդ ոչ ոք չի կարող ասել՝ նա մեղավո՞ր է, թե՞ անմեղ: Միաժամանակ նույն որոշման մեջ, քանի որ տվյալ գործով վկաներ են Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Ստեփանավանի նստավայրի դատավորը, դատարանի աշխատակիցները, ուստի հիվանդանոցի սովորական աշխատակիցը որեւէ կերպ չի կարող նրանց վրա ինչ-որ ազդեցություն ունենալ»,- դատարանի չհիմնավորված պատճառաբանությունների մասին իր կարծիքն է արտահայտում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան Արայիկ Զալյանը:

Իրավաբան Զալյանը նաեւ զարմանք հայտնեց, որ չնայած տվյալ տարածքը նկարահանվում է, ինչը տվյալ գործով հիմնական ապացույցը կարող է լինել տվյալ անձին մեղադրանք առաջադրելու համար, մինչ օրս այդ տեսագրությունը չի հետազոտվել ու առանց հետազոտելու՝ անձին կալանավորել են:

Հայրն էլ ավելացնում է, որ տեսագրությունները ոչ միայն չեն ուսումնասիրվել, այլեւ կորել են. «Չկան, վերացրել են: Փաստաբանը հարցում է արել, ասել են՝ չկան: Դա հենց ապացույց է, որ մարդը անմեղ է: Ստացվում է՝ այսօր իմ տղային ծեծի ենթարկելու անհերքելի ապացույցը չկա»:

Աշոտի փաստաբան Տիգրան Հայրապետյանն էլ դատարանում միջնորդել էր, որ գործը քննի ՀՔԾ-ն, բայց դատարանը մերժել է միջնորդությունը:

«Տեսավ՝ օրենքը մեզ սատար չի կանգնում, մեր պայքարը ոչ մի արդյունք չի տալիս, դիմեց էդ ծայրահեղ քայլին»,- որդու՝ հացադուլի դիմելու մասին պատմում է հայրը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել