Երեկ կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա էր անցկացնում Հայաստանի կենսաթոշակային ֆոնդի թոշակների վճարման ծառայության համակարգի նախկին աշխատակիցների մի մասը: Նշենք, որ աշխատանքից ազատվել է 300 հոգի, որոնցից 70-ին «Հայփոստ» ընկերությունը խոստացել է աշխատանքի վերցնել, սակայն մինչեւ հիմա ոչ մեկին էլ չի ընդունել: Հիշեցնենք, որ նախորդ տարվա վերջին կառավարությունը որոշեց կենսաթոշակների վճարումն իրականացնել «Հայփոստի» բաժանմունքների միջոցով՝ այդ պատճառով թոշակների վճարման ծառայության 300 աշխատող մնաց առանց աշխատանքի: Վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ էր հայտարարել, որ ազատված աշխատակիցները կարող են աշխատանքի անցնել «Հայփոստում»:
Նշենք, որ այս աշխատակիցներին աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը աշխատավարձի վերջնահաշվարկ չի տրամադրել։ Նրանց աշխատանքային գրքույկներում աշխատանքից ազատումը հիմնավորվել է պայմանագրի լուծարմամբ, այնինչ՝ ակցիայի մասնակիցները պնդում էին, որ որպես ազատման հիմք պետք է նշվեր ծառայության լուծարման հանգամանքը: Հավաքվածներին կարճ ժամանակով լսեց կառավարության նիստին գնացող աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը, որը խոստացավ այդ խնդիրն ուսումնասիրել եւ բողոքողներից մի քանիսին հրավիրեց նախարարություն։