Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բորբոքվում են աչքերն ու ականջները

Հունվար 21,2011 00:00

\"\"Այս տարվա գրիպի վիրուսի առանձնահատկությունն էլ սա է

Ձմռան ամիսներին սուր շնչառական հիվանդություններով հիվանդանալու ռիսկն ավելանում է, ուստի այդ շրջանում հատկապես պետք է ուշադիր լինել առողջության նկատմամբ եւ չհիվանդանալու համար կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել: Առողջապահության նախարարությունը պարբերաբար զգուշացնում է, որ գրիպից կամ սուր շնչառական վարակներից խուսափելու համար պետք է զերծ մնալ հիվանդների հետ շփումից, օգտագործել հնարավորինս շատ հեղուկ, հաճախակի օդափոխել փակ տարածքները, իսկ հիվանդանալու դեպքում հրավիրել տեղամասային մանկաբույժին, թերապեւտին կամ ընտանեկան բժշկին, ինքնաբուժմամբ չզբաղվել, հագնվել եղանակին համապատասխան, պահպանել հազի, փռշտալու վարվելակարգը:

Ըստ հանրապետության գլխավոր վարակաբան Արա Ասոյանի էլ, պետք է հատկապես խուսափել գրիպով հիվանդների հետ շփումից. «Եթե արդեն հիվանդ եք, պետք չէ գնալ աշխատանքի: Եթե հիվանդը փոքր երեխա է, մանկապարտեզ է հաճախում կամ դպրոց, պետք է տանը մնա, որպեսզի մեծ թվով երեխաների հետ չշփվի եւ նրանց չվարակի: Հասկանալի է, որ դա դժվարություններ է առաջացնում ծնողների համար, քանի որ շատերը աշխատում են եւ չեն կարող երեխաներին տանը թողնել, բայց գրիպի վիրուսը տարածվում է օդակաթիլային ճանապարհով եւ դրանից պաշտպանվելն ամեն դեպքում դժվար է: Լավ է, որ մինչեւ մյուս շաբաթվա վերջ 1-ին դասարանի երեխաները դասի չեն հաճախելու, քանի որ արձակուրդներ են նրանց համար»: Մեր այն հարցին՝ ի՞նչն է պատճառը, որ հիմա գրիպով հիվանդացածների մոտ ավելի շատ են բարդություններ առաջանում, հատկապես՝ ականջների եւ աչքերի բորբոքումներ, հանրապետության գլխավոր վարակաբանը պատասխանեց. «Այս վիրուսի առանձնահատկությունն է: Չէ՞ որ վիրուսն էլ է փոփոխությունների ենթարկվում, նույնը չի մնում: Նախորդ տարիների գրիպից հետո հիվանդների մոտ հաճախ թոքաբորբ էր զարգանում, այս վիրուսն էլ ավելի շատ աչքերի եւ ականջների վրա է ազդում: Պետք է նշեմ, որ, ցավոք, մեծահասակները, հիվանդանալու դեպքում, մեծ դժվարությամբ են դիմում մասնագետի օգնությանը, միայն այն ժամանակ են դիմում, երբ բարդություններ են առաջանում կամ էլ ծանոթ բժիշկ են ունենում, ավելի հաճախ հոնով թեյի բուժմանն են հավատում»: Նրա խոսքերով, հենց այդ է պատճառը, որ կոնկրետ վիճակագրություն չկա, թե որքան մարդ է հիվանդացել սուր շնչառական հիվանդություններով:

Մենք Ա. Ասոյանից հետաքրքրվեցինք՝ Հայաստանում կա՞ն «խոզի գրիպով» (H1N1) հիվանդացածներ, որին նա պատասխանեց. «Ավելի ճիշտ կլինի պատասխանեմ, որ չկան հայտնաբերված դեպքեր: Եգիպտոսում, Եվրոպայում, Ռուսաստանի 6 մարզերում եւ Վրաստանում այդ վիրուսը կա, մենք այդ երկրների հետ սերտ շփում ունենք, չենք կարող 100%-ով պաշտպանված լինել այդ վարակից: Հայաստանի վրա պաշպանիչ շերտ չենք կարող անցկացնել»: Հարցին էլ, թե օդանավակայանում կրկին գործելո՞ւ են այն հսկիչ կետերը, որով կարծես թե հայտնաբերվում էին H1N1 վիրուսով վարակվածները, պարոն Ասոյանը պատասխանեց. «Այդ սարքերը, որոնք տեղադրված էին օդանավակայանում, ընդամենը ֆիքսում էին այդ պահին ջերմություն ունեցողներին, բայց պարտադիր չէ, որ այդ վիրուսով վարակվելուց անմիջապես հետո ջերմություն ունենաք: Դա մեզ որոշակի տոկոսով էր օգնում: Այդ հսկողությունը կրկին սահմանելու համար ընդամենը մի քանի ժամ է պետք, երբ անհրաժեշտություն առաջանա՝ կանենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել