Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՄԱՐԻԱՆՆԱՅԻՑ» ՍՊԱՌՈՂՆԵՐԸ ՆԵՂԱՑԵԼ ԵՆ

Հունվար 21,2011 00:00

\"\"Կաթնամթերք արտադրող ընկերությունը բոլոր սպառողներին խոստանում է 3D ակնոց նվիրել, բայց ընդամենը մի քանիսն են ստանում այդ նվերը:

Ամանորի տոներին, հատկապես հունվարի 1-10-ը, որոշ սննդամթերքներ չեն վաճառվում, քանի որ գրեթե բոլորի սառնարաններում մոտ 20 օրվա պահուստ է լինում: Այդ օրերին առավելեւս վատ է վաճառվում կաթնամթերքը, ուստի որոշ ընկերություններ դիմում են հնարամիտ միջոցների: Կաթնամթերք արտադրող «Մարիաննա» ընկերությունն էլ որոշեց իրենց որոշ ապրանքների հետ 3D ակնոցներ վաճառել: Ընկերությունը «Արմենիա» հեռուստաընկերությամբ գովազդ հեռարձակեց, որտեղ շեշտվում էր, որ գնելով «Մարիաննայի» որեւէ ապրանք, կստանաք այդ ակնոցը: Գովազդը լսելուց հետո, բազմաթիվ սպառողներ վազեցին խանութ, բայց միայն մի քանիսն էին հասցնում գնել ակնոցով ապրանքը: Եվ քանի որ գովազդում ասվում էր՝ «գնելով որեւէ ապրանք», որոշ սպառողներ էլ որեւէ ապրանքի տեղ գնում էին, ասենք՝ թթվասեր կամ կաթնաշոռ, սակայն այդպես էլ ակնոց չէին ստանում: Սպառողների այն դժգոհություններին, թե ինչո՞ւ ակնոցը չեն տալիս, վաճառողները պատասխանում էին՝ այդ ապրանքի հետ ակնոց չկա: Ակնոցները լինում էին «Մարիանայի» պանրիկների 5 հատանոց փաթեթի մեջ: Ըստ էության, այդ գովազդը մոլորեցնում էր սպառողին, եւ շատերը փոշմանում էին, որ գնել են թթվասեր: Այցելելով մայրաքաղաքի մի քանի խանութներ՝ մենք էլ փորձեցինք ձեռք բերել այդ ակնոցներից, սակայն մոտ 10 մեծ եւ խոշոր խանութներից այդպես էլ չհաջողվեց այն գնել: Բոլոր խանութներում կամ պատճառաբանում էին, թե «3D ակնոցներից մի քանի հատ են բերում, այն էլ անմիջապես վաճառվում է», կամ էլ՝ «Արդեն քանի օր է՝ չենք ստացել, առաքիչներն ամեն օր ասում են՝ կբերենք ու տենց էլ չեն բերում»:

Այն, որ այդ ակնոցները նման մեծ պահանջարկ կունենային, անգամ «Մարիաննա» ընկերության ղեկավարությունը չէր սպասում: Փոխտնօրեն Տաթեւիկ Հակոբյանի խոսքերով՝ «Չինք պատկերացնում, որ բոլորը կուզենան 3D ակնոց ունենալ: Առանց իմանալու՝ դա իրենց դուր կգա՞, թե՞ ոչ, ուզում են գնել»:

Մեր այն դիտարկմանը, որ գովազդում հնչող «որեւէ» բառը մոլորեցրել է սպառողներին, ընկերության փոխտնօրենն ասաց. «Եթե միայն լսում են գովազդը, ապա այո, գուցեեւ մոլորեցնում է, բայց եթե ուշադիր դիտեին, ապա կնկատեին, որ վերեւի մասում մանր տառերով գրվում են այն ապրանքների տեսակները, որոնց հետ տրվում է ակնոցը: Գովազդը 3-րդ օրը գնացել է հետեւյալ կերպ. գրվել է՝ 5 հատ պանրիկ + 3D ակնոց: Հետո «որեւէ ապրանքից» մեկը եղավ բիֆիդո կեֆիրը, կաթնային կոկտեյլը: «Որեւէ» բառը արդարացված է»: Մեր այն դիտարկմանը, որ սպառողներին, այսպես ասած, «շախի գցեցիք», բայց ակնոցներն այդպես էլ բոլոր գնորդներին չհասան, տիկին Հակոբյանն ասաց, որ տրանսպորտի հետ կապված խնդիրներ են եղել եւ չեն հաշվարկել, որ ցանկացողներ շատ կլինեն. «Մենք մտածեցինք նախապատրաստել հասարակությանը, որ նման ակցիա է լինելու: Գովազդը գնաց եթեր, բայց այդ ընթացքում պետական հաստատությունները չէին աշխատում: Դրանք սկսեցին աշխատել հունվարի 10-ից, իսկ մենք հազիվ կարողացանք ակնոցների մի մասը ներմուծել դեկտեմբերի 30-ին ու հասցրեցինք խանութներին մի քանի հատով բաժանել: Հաջորդ պարտիան կարողացանք մաքսազերծել հունվարի 10-ին: Տհաճ բան եղավ, ու սպառողները մեզանից նեղացան: Բայց մենք փորձում էինք գոնե 3-4 հատով, բայց բոլոր խանութներին հասցնել այդ ակնոցները: Մենք անգամ Ղարաբաղ, Վանաձոր, Էջմիածին եւ այլ քաղաքներ էինք առաքում: Ակցիան շարունակվելու է: Հիմա պետք է այնպես անենք, որ գոնե ակնոցները չստացած խանութները 2-3 հատով ստանան: Բացի այդ, ակնոցով ապրանքները փոխվելու են: Եվ այն, որ ասում ենք «որեւէ» ապրանք, լինելու է հալած պանրիկների հետ, բիֆիդո-կաթնաշոռի հետ եւ այլ ապրանքատեսակների»: Տիկին Հակոբյանին փոխանցեցինք, որ իրենց առաքիչները հենց խանութներում սպառողներին վստահեցնում էին, որ եթե ցանկանում են 3D ակնոցով ջնարակած պանրիկը գնել, ապա ավելի լավ է հենց գործարանից ձեռք բերեն: Ընկերության փոխտնօրենն էլ դրան ի պատասխան վստահեցրեց, որ նման բան չի կարող լինել, եթե գործարանում լիներ, անպայման խանութներ կառաքեին. «Բացի այդ, անգամ մեր առաքիչները առաջին պարտիայի ժամանակ չեն կարողացել գնել այդ ապրանքները, միայն 2-րդ պարտիայի ժամանակ, այն էլ շարքային սպառողի պես գնել են մթերքը, որի հետ կա նաեւ ակնոցը»:

Ինչ վերաբերում է նրան, որ Ամանորի տոներին կաթնամթերքի սպառումը նվազում է, ուստի նման ակցիա են մտածել, տիկին Հակոբյանն ասաց, որ նման խնդիր չունեն, պարզապես «Արմենիա TV»-ն 3D ֆորմատի ֆիլմեր ցուցադրելու համար որոշել է համագործակցել «Մարիաննայի» հետ, որի միջոցով հեռուստադիտողները կարող են ձեռք բերել այդ ակնոցները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել