Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ջահելներին՝ տուն, ձկներին՝ Եվրոպա, մանկատան սանին՝ Իտալիա

Հունվար 21,2011 00:00

Երեկ կայացավ ՀՀ կառավարության հերթական նիստը, որի 45 րոպե տեւողության ընթացքում դակվեց 29 որոշում:

Կառավարության հերթական նիստը անցավ «Հարցեր չկա՞ն: Ընդունված է: Հաջորդը» խորագրի ներքո: Վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ, կարծես, առանձնապես «քեֆ չուներ», անգամ նիստերին նախորդող իր ավանդական խոսքը չասաց:

Արագացված կարգով ընդունված այդ որոշումներից առանձնացնենք մի քանիսը, որոնք կհետաքրքրեն մեր ընթերցողներին:

Կառավարության որոշմամբ «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» պետական ծրագրով տրամադրված վարկերի տոկոսադրույքները 2011թ. առաջին եռամսյակում համաֆինանսավորելու համար ՀՀ ֆինանսների նախարարությանը հատկացվեց 22 մլն դրամ։ Դա ընդհանուր գումարի միայն մեկ չորրորդն է: ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի խոսքով՝ 2011-ին լինելու է 88 մլն դրամի սուբսիդավորում կառավարության կողմից՝ եռամսյակը մեկ անգամ: Հիշեցնենք, որ այս ծրագրի շրջանակում մինչեւ 2010թ. դեկտեմբերի 28-ը տրվել է 223 վարկ՝ ընդհանուր 1 մլրդ 797 մլն դրամ գումարով, որից կառավարությունը սուբսիդավորել է 35 մլն դրամը: Այս տարի նախատեսվում է հիպոթեքային վարկերի թիվը հասցնել 300-ի:

Բացի այդ, կառավարությունը որոշեց հաստատել սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը, սահմանել ձկնամթերքի հիգիենային ներկայացվող առանձնակի պահանջները։ Այս որոշումը պայմանավորվում է դեպի ԵՄ երկրներ ձկնամթերք արտահանելու ցանկությամբ: Իր խոսքում ՀՀ վարչապետը նշեց, որ 2010թ. էականորեն աճեց թարմ ձկան արտադրությունը, եւ այդ միտումը պետք է պահպանել եւ զարգացնել, իսկ ընդունվող կարգը կխթանի ձկնարդյունահանման ոլորտում բարենպաստ պայմաններ ստեղծելուն։ ԵՄ-ի պահանջած չափորոշիչներին համապատասխանեցվեց նաեւ շշալցված հանքային ջրերին ներկայացվող պահանջների վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը: Առաջ դեպի Եվրոպա՝ ձկով եւ հանքային ջրերով…

Կառավարության նիստում հաստատվեց նաեւ ՀՀ քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կանոնադրությունը եւ կառուցվածքը։ Փաստորեն, խեղճ քաղաքաշինության նախարարությունը մինչ այժմ մյուս նախարարությունների համեմատ տուժածի վիճակում էր՝ ԾԻԳ չուներ: Երեկ ծնվեց նախարարության ԾԻԳ-ը, եւ դրանով իսկ, ըստ վարչապետի, կտարանջատվեն քաղաքաշինության նախարարության՝ որպես քաղաքականություն մշակողի, եւ ԾԻԳ-ի՝ որպես ծրագրեր կատարողի գործառույթները, իսկ նախարարությունը նաեւ կվերահսկի ԾԻԳ-ի գործունեությունը:

Որոշվեց անփոփոխ թողնել ընտանեկան նպաստի եւ միանվագ դրամական օգնության վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների չափերը: Ընդունվեցին ՀՀ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության գրանցման եւ կազմման չափորոշիչները, որոնց շնորհիվ հնարավորություն կստեղծվի պահպանել, մոռացությունից փրկել ոչ նյութական մշակութային ժառանգությունը եւ ապահովել դրա կենսունակությունը։ Այս չափորոշիչները հաստատվեցին պայմանով՝ «առանց հնարավոր բյուջետային հատկացումների»:

Կառավարությունը նպատակահարմար գտավ միավորել ՀՀ նախագահի աշխատակազմում գործող երկու ՊՈԱԿ-ներ՝ «Քաղաքական հետազոտությունների ինստիտուտ»-ը (Գառնիկ Իսագուլյանի ղեկավարած) եւ «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնը» (Արա Սաղաթելյանի ղեկավարությամբ)։

Կառավարությունը շռայլ գտնվեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության մշակած «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի հանդեպ (տեղեկատվական տեխնոլոգիաները առաջնահերթություն են, չէ՞, վերջապես) եւ ծրագրի հետագա ֆինանսավորումն իրականացնելու համար 1 մլրդ դրամ հատկացրեց ՀՀ Կենտրոնական բանկին։

Կառավարությունը հավանություն է տվել նաեւ «Սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրինագծին, որն ընդունելու դեպքում կբացառվեն անպարտաճանաչ վարկառուների ինքնասնանկացման համար դատարան ներկայացվող դիմումները։

Այս ամենից բացի, երեկ կառավարությունը Արտակ Գրիգորյանին եռամսյա փորձաշրջանով նշանակեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար, հաստատեց որդեգրման մասին երկու որոշում, որոնցից մեկի մասին միայն խոսվեց, այն է՝ մի իտալացի ընտանիքի թույլ տրվեց որդեգրել Գյումրիի մանկատան 1-ամյա մի սանի, իսկ երկրորդ երեխայի մասին չբարձրաձայնվեց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել