Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿԱՂԱՄԲ ԷԼ ՉԻ ԱՐՏԱՀԱՆՎԻ

Հունվար 21,2011 00:00

Եթե միջին շուկայական գները չիջնեն

\"\"Հայաստանի գյուղմթերք արտահանող խոշորագույն՝ «Սպայկա» ընկերությունը դադարեցրել է կաղամբի մթերումները: Պատճառը վերջին շրջանում միջին շուկայական գների կտրուկ աճն է:

«Հայկական շուկայում կաղամբի գներն այնքան են բարձրացել, որ արտահանման համար այլեւս մթերումներ չեն արվում: Իսկ դա նշանակում է, որ միջին շուկայական գների բարձրացմամբ մեր կաղամբը դրսում դառնում է անմրցունակ»,- «Առավոտի» հետ զրույցում ասում էր «Սպայկա» ընկերության զարգացման ծրագրերի համակարգող Կարեն Բաղդասարյանը: Նրա խոսքով, եթե նախորդ տարի կաղամբի մթերման միջին շուկայական գինը մոտ 60 դրամ էր, ապա այս տարի շուկայում գները կրկնապատկվել են: Այս ամսվա սկզբին կաղամբը շուկայում կարելի էր գտնել 100-120 դրամով, հիմա 150 դրամից պակաս կաղամբ չկա: Պարոն Բաղդասարյանի խոսքով, եթե այսպես շարունակվի, առաջիկայում հայկական կաղամբի արտահանումը կդադարեցնեն. «2010-ին 60 դրամով կաղամբ մթերելը շահավետ էր, որովհետեւ Ռուսաստանում երաշտի հետեւանքով շուկայական գները կտրուկ բարձրացել էին: Իսկ այս տարի, եթե նույնիսկ 60 դրամի հասնի, էլի շահավետ չի լինի, ու կդադարեցնենք արտահանումը»: Նրա խոսքով, անցած տարի Ռուսաստանում երաշտի հետեւանքով մոտ 1 միլիոն տոննա կաղամբ պակաս արտադրվեց: Արդյունքում հայկական կաղամբը ռուսական շուկայում լավ իրացվեց: «Մենք կարողացանք մուտք գործել ռուսական շուկա, ու այնտեղ հաստատուն կմնանք, եթե մրցունակ գներ սահմանվեն տեղական շուկայում, եւ ֆերմերներն էլ շարունակեն մեզ հետ համագործակցել: Կաղամբ արտադրողները պետք է որակյալ ապրանք տրամադրեն, բայց ամբողջ խնդիրն այն է, որ նրանք դեռ չեն կարողանում որակ ապահովել: Սա հայկական շուկայում ամենամեծ խնդիրն է»: Պարոն Բաղդասարյանի խոսքով, նոր տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս ավելացնել բերքը՝ իջեցնելով ինքնարժեքը. «Եթե դա տեղի ունենա, մենք կարող ենք գյուղացիներին հետաքրքիր առաջարկներ անել կաղամբի եւ բանջարաբոստանային կուլտուրաների հետ կապված»:

Չնայած մտավախություններին, ընկերությունը նախատեսել է 4000 տոննա կաղամբ: Ռուսաստան կաղամբ է սկսել արտահանել նաեւ «Ավանգարդ-Տրանս» ընկերությունը: Երեկ առաջին անգամ ընկերությունը Ռուսաստան է ճանապարհել ոչ թե միրգ, այլ կաղամբ: Ընկերության տնօրենի՝ Ահարոն Խլղաթյանի խոսքով, կաղամբով լի մի մեքենա են ճանապարհել ՌԴ:

Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանն էլ մտավախություն ունի, որ կաղամբի արտահանումը կնպաստի տեղական շուկայում գների բարձրացմանը: Նրա խոսքով, շուկան կանոնակարգված չէ. «Նկատի չունեմ, թե պետք է արտահանման շուկան փակեն: Պարզապես մեզ օգտակար կլինի հարեւան Վրաստանի փորձը: Օրինակ, երբ Վրաստանում կարտոֆիլի արտադրությունն առատ է, սկզբում իրենցն են վաճառում, հետո՝ մերը: Այդպես էլ մենք այդ ճանապարհով գնանք: Մանավանդ, որ հարեւան պետությունը մեր դեմ կիրառում է այդ սանկցիաները»: Մեր զրուցակիցը նաեւ անդրադարձավ ոլորտը կարգավորող օրենսդրական նախագծին, որը այդպես էլ չհաստատվեց. «Անընդհատ խոսում ենք օրենսդրական դաշտից, բայց ոչինչ չենք անում: Այդպես էլ չընդունեցինք գյուղմթերք արտադրողի մասին օրենք, որը ամեն ինչ իր տեղը կդներ: Օրենքը դեռ ԱԺ-ում քրքրվում է ու տարբեր պատճառներով չի ընդունվում: Արդյունքում գյուղացին էլի մնում է մենակ ու անպաշտպան: Դրա համար շատ գործարարներ առիթից օգտվում են՝ գյուղացուն շահագործում են, ապրանքը նրանից էժան գնում ու շուկայում էլ բարձր գներ թելադրում: Գյուղացին գինը չի բարձրացնում, գործարարն է գին թելադրողը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել