Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԸՆԴԴԵՄ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԱՐԱՐՈՒԹՅԱՆ

Հունվար 21,2011 00:00

«Մենք Ադրբեջանի կեղծարարությունների հետ կապված միջազգային հետաքննություն ենք սկսել»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանահայերի լիազոր ներկայացուցիչների համագումարի կազմկոմիտեի քարտուղար Մարիամ Ավագյանը: Որպես կեղծարարության գագաթնակետ՝ կազմկոմիտեն համարում է այն, որ Ադրբեջանը կեղծարարությունների արդյունքում կարողացել է իր Շահիդների գերեզմանատունն աշխարհին ներկայացնել իբրեւ Ադրբեջանի ազատության եւ անկախության համար զոհված անձանց գերեզմանատուն, որտեղ այցելում են Ադրբեջան ժամանող պաշտոնյաները՝ արարողակարգի համաձայն: «Տարիներ շարունակ կեղծարարությամբ զբաղվելով՝ Ադրբեջանն ուզում է աշխարհին ապացուցել, որ ինքն անմեղ է»,- հայտարարել է կազմկոմիտեի անդամ Ռոման Գյուլբանդյանը: Կազմկոմիտեի ներկայացուցիչը հատուկ ընդգծեց, որ Շահիդների պուրակում թաղված են ոչ թե Ադրբեջանի անկախության եւ ազատության համար զոհվածները, այլ 1990թ. հունվարին հայերին զանգվածաբար սպանողներն ու ոչնչացնողները: Բանախոսները նշել են, որ հիշյալ պուրակում թաղված են նաեւ մի քանի ռուսներ, ինչով պաշտոնական Բաքուն ցանկացել է ցույց տալ, որ գերեզմանատանը թաղվածներն ինտերնացիոնալ կազմ ունեն: «Մենք պետք է պայքարենք, որ վերջ դրվի Շահիդների պուրակի մասին Բաքվի այդ միֆին»,- հայտարարել է Ռոման Գյուլբանդյանը՝ ավելացնելով, որ իրենք պատրաստվում են Բաքվի կեղծարարությունների դեմ պայքարը հասցնել մինչեւ անգամ Հաագայի դատարան: Կազմկոմիտեի անդամները պատրաստվում են Հայաստանի արտգործնախարարության միջոցով նամակ ուղարկել բոլոր այն երկրներին, որոնց հետ Հայաստանն ունի դիվանագիտական հարաբերություններ՝ կոչ անելով Ադրբեջան կատարած այցերի ժամանակ չայցելել Շահիդների պուրակ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել