Լրահոս
Օրվա լրահոսը

Վարորդը կրակել է ոստիկանների վրա

Հունվար 21,2011 00:00

\"\"Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը, ժամը 2-ի սահմաններում, ոստիկանության «Պահպանություն» միավորման Կենտրոնականի բաժնին կից ոստիկանները Տիգրան Մեծի պողոտայում, «Սիլ» հյուրանոցի մոտ կասկածանքով կանգնեցրել են «Մերսեդես C 280» մակնիշի 22 ՍՍ 310 համարանիշի ավտոմեքենան: Վարորդը դիմել է փախուստի: Ոստիկանության աշխատակիցները հետապնդել են «Մերսեդեսին» եւ «Սթարի» դիմաց աքցանի մեջ առել: Վարորդը դուրս է եկել մեքենայից, իր մոտ եղած, դեռեւս անհայտ տեսակի ատրճանակից կրակոց արձակել եւ դիմել փախուստի:

Մեր՝ դեպքի վայրում գտնվելու ժամանակ եկել էին արդեն ոստիկանության Էրեբունու բաժնի աշխատակիցները՝ բաժնի պետ Ավետիք Աբրահամյանի, օպերգծով տեղակալ Միհրան Քեշիշյանի եւ ծառայության գծով տեղակալ Ռազմիկ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Բաժնի ոստիկաններն ամբողջ գիշեր ավտոմատներով զինված հսկում էին տարածքը:

Դեպքի վայրում փորձաքրեագիտական աշխատանքներ էին կատարում ոստիկանության փորձաքրեագիտական կենտրոնի փորձաքրեագետները:

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Էրեբունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 316 հոդվածի (Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ) հատկանիշներով:

Դեպքի վայրում տեղազննման աշխատանքներ կատարելուց հետո առավոտյան Էրեբունու քննչական բաժնի քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց Էրեբունու բաժնի տուգանային հրապարակ:

Ոստիկանությունը նշված ավտոմեքենայի մեջ հայտնաբերել է 1 անձի վարորդական վկայական եւ ավտոմեքենայի տեխնիկական անձնագիր: Նախաքննության շահերից ելնելով՝ ոստիկանությունը դեռ չի հրապարակել փաստաթղթերի տիրոջ տվյալները:

Ոստիկանության Էրեբունու բաժնում ձեռնարկվում են օպերատիվ-քննչական աշխատանքներ՝ փախուստի դիմած վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:

Նշված «Մերսեդեսի» վարորդին ոստիկանները կասկածում են երեկ Աբովյան-Իսահակյան փողոցների խաչմերուկում փոխանակման կետի վրա կատարված հարձակման մեջ: «Առավոտի» տեղեկություններով, «Մերսեդեսը» գրանցված է Գյումրիի Խ. Հայրիկի 1-ին թաղամասի 5ա շենքի բնակիչ Հայրապետ Հակոբի Գեւորգյանի անվամբ, իսկ ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է Գյումրիի բնակիչ՝ 30-ամյա Գոռ Գագիկի Պալոյանի վարորդական իրավունքի վկայականը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել