Լրահոս
Օրվա լրահոսը

«ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՐՈՂԱՑԱՎ ՊԱՀԵԼ ԻՐ ԸՆՏՐԱԶԱՆԳՎԱԾԸ»

Հունվար 21,2011 00:00

\"\"Կարծում է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը

– ՀՀ նախագահի ելույթները Կիպրոսում եւ Հունաստանում բավականին ակտիվորեն են քննարկվում քաղաքական ուժերի կողմից, դա նշանակում է, որ դրանցում կային մտքեր, որոնք արժե քննարկել, ընդ որում, անգամ ընդդիմադիր գործիչներն են խոսում այդ ելույթներում առկա որոշ մեսիջների կարեւորության մասին: Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ են այդքան ակտիվորեն քննարկում:

– Պատճառն այն է, որ նախագահի ելույթները բավականին լավն էին, եւ նրանում կային բոլոր շեշտերը, որոնք մեզ համար կարեւոր են: Եթե սկսում են մի հարց քննարկել, դա նշանակում է՝ ԵՄ անդամ, միջազգային լիիրավ սուբյեկտ հանդիսացող երկրում բարձր ամբիոնից այդպիսի հայտարարություններ են արվում՝ կապված եւ Թուրքիայի, եւ ԵՄ չափանիշների հետ, ապա պետք է վստահ լինես, կարողանաս արտահայտվել եւ խոսել ուժի դիրքերից: Սա նոր երեւույթ է, եւ ես պատահական չասացի, որ միջազգային ատյաններում Սերժ Սարգսյանի ելույթներում դա նկատվում է, եւ մեր երկրի նախագահը հստակ է ասում, որ մեզ հետ չի կարելի խոսել նախապայմաններով, քանի որ մենք ոչ միայն Թուրքիային, այլեւ միջազգային հանրությանը ապացուցեցինք, որ մեզ հետ չի կարելի այդ լեզվով խոսել: Ակնհայտ է, որ չեղավ որեւէ միջազգային կառույց, որը մեզ չհասկացավ, երբ մենք հայ-թուրքական արձանագրությունների գործընթացը սառեցրեցինք, նույնը նաեւ ԼՂՀ հարցի հետ կապված: Մենք այսօր որպես փաստ ունենք այն, որ արդեն Կիպրոսի Հանրապետությունը գրավոր ընդունում է, որ ԼՂՀ հարցը պետք է լուծվի ժողովուրդների կամարտահայտության հիմքի վրա եւ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Դուք ասեք՝ սա առաջընթա՞ց է, թե՞ ոչ, իհարկե՝ առաջընթաց է: Եվ եթե մենք հասնենք այն կետին, որ նման գրավոր համաձայնություններ ունենանք ԵՄ անդամ եւս մի քանի երկրներից, այդ դեպքում մենք արդեն փաստացի կունենանք ճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Սա առաջընթա՞ց է, թե՞ ոչ, իհարկե՝ առաջընթաց է:

– Ուզենք թե ոչ՝ այս տարին արդեն նախընտրական է։ Դուք հնարավոր համարո՞ւմ եք, որ հայաստանյան ընդդիմադիր բոլոր ուժերը կամ գրեթե բոլորը կհամախմբվեն եւ ընտրությունների կգնան մեկ դաշինքով:

– Ես դա ռեալ չեմ համարում, չեմ կարծում, թե ընդդիմության ամբիցիաները թույլ կտան այդ համախմբումը, անգամ մի փոքրիկ «Ժառանգությունը» ինքը իր մեջ չի կարողանում համախմբվել, ուր մնաց՝ բոլորը համախմբվեն: Դրա համար էլ այսօր երբ Տիգրան Կարապետիչը որոշակի ընդդիմադիր ելույթներ է ունենում, դրանց արձագանքում է ոչ թե իշխանությունը, այլ ընդդիմությունը, որովհետեւ եթե մարդը եկել է եւ նոր խոսք է ասում, ընդդիմադիր հատվածն իրար է անցնում, մտածում է, թե իրենից ինչ-որ բան են խլում: Իսկ իշխանությունը նման խնդիր չունի, եւ որպես իշխանություն՝ լսում է բոլորին, եւ եթե կլինեն նորմալ, առողջ առաջարկներ, ապա իշխանությունը մշտապես պատրաստ է քննարկումների, համագործակցության, եւ դրա վառ ապացույցն է այն, որ կարեւոր հարցերի քննարկմանը երկրի նախագահը մշտապես հրավիրում է բոլոր քաղաքական ուժերին։

– Ինչպե՞ս եք գնահատում ընդդիմադիր ուժերի հնարավորությունները 2012-ին:

– Եթե գնահատելու լինենք մեր ընդդիմության հնարավորությունները երկու տարի առաջ եւ հիմա, ապա իրենք պահը բաց են թողել, քանի որ երկու-երեք տարի առաջ իրենք շատ ավելի մեծ հնարավորություններ ունեին: Մեր ընդդիմությունը անցած ժամանակահատվածը ճիշտ չօգտագործեց, հանգստացավ, կարծելով, թե արդեն ունի ընտրազանգված, եւ դա մշտական է: Ընդդիմությունը չկարողացավ պահել իր ընտրազանգվածը, քանի որ այդպես չի լինում: Որպես ՀՀԿ Սպիտակի տարածքային կառույցի ղեկավար՝ կարող եմ ասել, որ ընտրազանգվածը հիասթափված է ընդդիմությունից, եւ այն ակնկալիքները, որ կային ընդդիմությունից երկու տարի առաջ, այսօր չկան: Դա է պատճառը, որ այսօր նոր «առաջընթաց» ունի Տիգրան Կարապետիչը, որովհետեւ հասարակության ընդդիմադիր մասը նոր խոսքի կարիք ունի: Ընդդիմությունը կարող էր ճիշտ աշխատելու դեպքում պահպանել իրեն հավատացող ընտրազանգվածը, բայց դա չարվեց: Ես պատասխանատու եմ Սպիտակի տարածաշրջանի 20 գյուղերի համար եւ կարող եմ ասել, որ ընտրություններից ի վեր այս տարածաշրջանում չեմ տեսել որեւէ այլ քաղաքական ուժի, որ գար եւ հանդիպեր մարդկանց հետ: Եվ եթե եկող ընտրություններից հետո ոմանք կսկսեն գոռգոռալ, թե իրենց ձայները կոնկրետ Սպիտակի տարածաշրջանում կեղծված են, քանի որ իրենք այդտեղ ձայն չեն հավաքել, ինձ համար դա պարզապես անընդունելի կլինի, որովհետեւ այսօր արդեն պարզ է, որ ընդդիմությունը գոնե մեր տարածաշրջանում ձայներ չի կարող ակնկալել: Որովհետեւ եթե երեք-չորս տարի մարդկանց հետ չես աշխատում, ապա 1-2 ամսվա մեջ ոչնչի չես կարող հասնել: Այսօր այդ մեխանիզմը չի աշխատելու, որովհետեւ հասարակությունը եւս առաջ է գնում եւ կարողանում է գնահատել կատարած գործերը: Իսկ ընդդիմությունը արդեն երկու-երեք տարի ոչինչ չի արել, համոզված եմ՝ չորրորդ տարում եւս ոչինչ չի անելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել