Հայտարարել է ԱԺ Հանրապետական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը
«Այն, որ Թուրքիան Հունաստանի նախագահից ներողություն է ակնկալում նրա կողմից թուրքերին բարբարոս անվանելու համար, մեկ բան է ապացուցում. նույնիսկ 100 տարի հետո էլ Թուրքիայի մտածողության մեջ շատ բան չի փոխվել, եւ նրանք դեռեւս չեն հասկանում կամ չեն ուզում հասկանալ, որ իրենց պապերը ոչ միայն հայ եւ հույն ժողովուրդների, այլ նաեւ մարդկային հասարակության նկատմամբ ահավոր հանցագործություն են իրականացրել»,- ասել է ԱԺ պատգամավոր, ԱԺ հայ-հունական միջխորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը:
«Եթե թուրքերը փորձում են ցույց տալ, թե չգիտեն ինչի մասին է խոսքը, ապա հիշեցնեմ, որ 1,5 միլիոն հայ եւ 600-700 հազար հույն են կոտորել: Որքան շուտ Թուրքիան հաշտվի իր պատմության սեւ էջերի հետ, այնքան հեշտ կլինի նրա հարաբերությունները հարեւանների հետ: Քանի նրանք այդքան «ցավոտ» են արձագանքում իրենց անցյալում տեղ գտած մութ էջերին, նշանակում է, որ իրենք իրենց մեջ լուրջ խնդիրներ ունեն»,- ասել է պարոն Շարմազանովը:
Հիշեցնենք, որ Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասն Աթենքում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին ընդունելու ժամանակ հայտարարել էր, որ հայերին ու հույներին նախորդ դարասկզբին կոտորել է նույն բարբարոսը՝ թուրքը: Թուրքական լրատվամիջոցները հիստերիկ պաթոսով արձագանքեցին Հունաստանի նախագահի այդ արտահայտությանը՝ համարելով այն իրենց ուղղված ծանր վիրավորանք: