Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԻՄԱ ԱՐԴԵՆ ԿՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵՆ ՓԱԹԵԹՆԵՐԸ

Հունվար 21,2011 00:00

Երեկ կեսօրին ՀՌԱՀ-ը հնարավորություն է ընձեռել «Ա1+»-ին լուսանկարելով պատճենել «Արմնյուզ» եւ «Արմենիա» հեռուստաընկերությունների մրցութային առաջարկները, որոնցից ամեն մեկը կազմում է 233 էջ:

Այս հանգամանքը նկատի ունենալով՝ Վարչական դատարանում 16.30-ին նշանակված դատական նիստի ընթացքում «Մելտեքս» ընկերության շահերի ներկայացուցիչ Ալեքսանդր Սահակյանը դատավոր Քրիստինե Մկոյանին տեղեկացրեց, որ հայցվոր կողմն իր պահանջը չի պնդում, հայցը հետ է վերցնում եւ խնդրում կարճել գործը, քանի որ պահանջը փաստացի կատարվել է:

Հիշեցնենք, որ «Ա1+»-ը դատարանից պահանջել էր պարտավորեցնել ՀՌԱՀ-ին տրամադրել «Արմնյուզ»-ի եւ «Արմենիա»-ի մրցութային փաթեթների կրկնօրինակները: Դատարանը, հիմք ընդունելով «Ա1+»-ի ներկայացուցչի հայտարարությունը, որոշեց կարճել գործը:

Ալեքսանդր Սահակյանն «Առավոտի» հարցին, թե որն է այժմ լինելու իրենց հաջորդ քայլը՝ պատասխանեց. «Հաջորդ քայլը լինելու է ՀՌԱՀ-ի թիվ 96-Ա «Արմնյուզ» ՓԲԸ-ին հաղթող ճանաչելու մասին որոշումը վիճարկելու մասին պահանջը դատարան ներկայացնելը»: Նշեց, թե այժմ ուսումնասիրելու են այդ երկու հեռուստաընկերությունների ներկայացրած փաթեթները:

Հիշեցնենք, որ «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները կասկածներ էին հայտնել, թե «Արմնյուզը» եւ «Արմենիան» օգտագործում են տեխնիկական նույն միջոցները եւ գուցե նաեւ աշխատակազմը: Մեր հարցին, թե չի՞ կարծում արդյոք, որ եթե մրցութային փաթեթներում անգամ կային այս կասկածը հիմնավորող փաստաթղթեր՝ դեկտեմբերի 16-ից հունվարի 20-ը շահած ժամանակահատվածը բավարար էր, որ ՀՌԱՀ-ը հասցներ չեզոքացնել այդ նյութերը՝ փաստաբանը պատասխանեց. «Տեսել եմ այդ փաստաթղթերը՝ ներկայացված փաթեթներում էջերը կարված ու համարակալված էին: Եվ չեմ ենթադրում, թե ՀՌԱՀ-ը նման քայլի է գնացել՝ փաթեթներում կատարել փոփոխություններ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել