Երբ սերը մի օր բացում է թեւերը ու գրկում մեզ՝ մենք ինքնամոռաց հանձնվում ենք, երջանիկ, որ վերջապես արժանացանք ճակատագրի ողջ հմայքին, առանց ենթադրելու, որ մեզ գրկող սիրո թեւերը ընդամենը մեզ գամում են խաչին: Թվում է նաեւ, որ մենք ներս ենք մտնում մի դռնով, որտեղով մեզանից առաջ ոչ ոք չի անցել, թերեւս մենք առաջինն ենք եւ միակը… Այնինչ՝ թվում է միայն: Որովհետեւ աննկատ վրա է հասնում հոգիներ ամայացնող քամին եւ առաջինը մեզ՝ թվացյալ երջանիկներիս վտարում մենության անբախտություն:
Տարիներ առաջ, երբ ես առաջին անգամ տեսա Թաջ Մահալը, կապույտ ձկան նման լողալով՝ եկավ, եկավ ու ինձ քսվելով անցավ հոգիս սարսռացնող մի անհայտ, անծանոթ զգացողություն: Ես նույնիսկ ձայնը լսեցի, որն ասում էր՝ այլեւս երբեք, երբեք, երբեք, քանի որ ապագան վաղուց անցել է, իսկ անցյալը այլեւս ետ չի գալու:
– Ի՞նչն է մղում մեզ, երբ առանց մտածելու նետվում ենք սիրո բաց գիրկը,- մտածում էի՝ նայելով արեւի տակ շողշողացող իր գեղեցկությունից շփոթված տաճարին,- առնչությունը հավերժականի՞ն, թե՞ մեր սահմանափակ երեւակայության հուսահատությունը: Գուցե ուզում ենք ձերբազատվել մեր ներսի դատարկությունից եւ հետեւելով համընդհանուր չճանաչված անփորձությանը՝ ազատություն գտնենք ուրիշի մեջ, եւ օգտվելով սիրո շնորհած բարձրագույն բարիքներից՝ ոչնչացնենք սերը, մի բան, որ մեզ երբեք էլ չի հաջողվի: Քանի որ սերը մեր սեփականությունը չէ, սերը ապրում է իր կյանքով եւ սիրում է միայն իրեն ու այցելում է մեզ միայն այն ժամանակ, երբ որ ինքն է ուզում, որպեսզի ուրախացնի մեզ՝ չնվիրելով ցանկալի երջանկությունը, եւ երբ հեռանում է՝ ուզում է լսել մեր լացը՝ իր հետ չտանելով, սակայն, մեր բոլոր արցունքները…
Սերը ընդամենը մի կենդանի կղզի է անհոգի դատարկության մեջ, շարունակում էր ինձ հուշել խորհրդավոր տաճարը, եւ մեզ տրված է բախտի յոթ օր, քանի որ մնացյալը այլեւս անբախտությունն է: Որովհետեւ յոթերորդ օրը նա անպայման լքում է մեզ եւ հեռանում մեզանից՝ ինչպես կռունկների երամ, որի մարմրող ձայնը մենք լսում ենք արդեն հեռվից եւ տեսնում, թե ինչպես է այն անվերադարձ անհետանում հեռու հորիզոնում՝ թողնելով մեզ վերահաս աշնան գիշերվա դեմ մեն-մենակ: Հետո, շատ ավելի ուշ, ես հասկացա, որ արցունքի պես անպաշտպան այդ տաճարը, ինձ համար բացելով սիրո խորհուրդը, ինձ պատմում էր իր մասին, քանի որ սերը ինքն էր, իսկ մենք՝ ընդամենը յոթ օրվա ուխտավորներ: