Լրահոս
Օրվա լրահոսը

«Որեւէ ընդդիմադիր գործիչ թող չմեծամտանա»

Հունվար 21,2011 00:00

Ինչպե՞ս բացահայտել Տիգրան Կարապետյանի «ական» լինել-չլինելը՝ ըստ Ժիրայր Սեֆիլյանի

«Դժբախտաբար, գլխավոր խնդիրը մեր երկրում միշտ եղել է ընդդիմադիր դաշտում: Ընդդիմությունը ոչ նախկինում, ոչ այսօր չի կարողացել ճիշտ գնահատական տալ երկրում տիրող իրավիճակին»,- երեկ «Իրատես դե ֆակտո» ակումբում խոսելով Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին՝ կարծիք հայտնեց Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար, «Սարդարապատ» նախաձեռնության անդամ Ժիրայր Սեֆիլյանը: Մեր երկրում ստեղծված իրավիճակին նրա գնահատականը հակիրճ է. «Մենք ունենք օկուպացիոն ռեժիմ, որի մեջ մտնում է ամեն ինչ»: Նրա համոզմամբ՝ երբ որ նման ճիշտ գնահատական տրվի, կընտրվի նաեւ ճիշտ մարտավարությունը:

Ընդդիմադիր դաշտում Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանի «ֆենոմենում» եւ նրա գործողություններում Սեֆիլյանը տեսնում է եւ դրական, եւ բացասական երեւույթներ: Մի կողմ թողնելով բացասականները՝ բանախոսը դրականը համարում է այն, որ ԺԿ նախագահի հանրահավաքին հազարավոր մարդկանց մասնակցությունը նշանակում է, որ որեւէ ընդդիմադիր գործիչ չպետք է մեծամտանա եւ մտածի, որ «ժողովուրդը միայն իրենն է»: Ենթադրաբար ՀՀ առաջին նախագահի «բոստանը քար նետեց» Սեֆիլյանը: Տիգրան Կարապետյանի հանրահավաքին հազարավոր մարդկանց մասնակցությունն, ըստ նրա, նաեւ նշանակում է, որ մեր երկրում մուգ գույներն այնքան են մգացել ու խտացել, այնքան վատ է ժողովրդի վիճակը, որ ժողովուրդը պատրաստ է ապստամբելու. «Ժողովուրդը ապստամբելու պատրաստ է եղել եւ նախկինում, եւ այսօր, պարզապես ընդդիմության առաջնորդները պահանջվող որակի չեն եղել, որ նավը հասցնեն խաղաղ ափ»: Իսկ այն խոսակցությունները, թե Տիգրան Կարապետյանը «ական» է ընդդիմության համար, Ժիրայր Սեֆիլյանն ասաց, որ եթե ինքը լիներ Լեւոն Տեր-Պետրոսյանի փոխարեն, ով հավակնում է լինել ամբողջ ընդդիմության ղեկավարը, կհայտարարեր Տիգրան Կարապետյանի հանրահավաքին մասնակցելու մասին: Սրանով, ըստ Սեֆիլյանի, անմիջապես կպարզվեր Տիգրան Կարապետյանի «ական» լինելու հանգամանքը: Իսկ հակառակ պարագայում պետք է Տիգրան Կարապետյանի հետ համագործակցության եզրեր գտնել ու ժողովրդին առաջ տանել: Հարցին՝ ինչո՞ւ «Սարդարապատը» չմիացավ ԺԿ նախագահի հանրահավաքին, Ժիրայր Սեֆիլյանը պատասխանեց, որ իրենց շարժումը չի ցանկանում մասնակցել արկածախնդրության, իսկ լուրջ մասնակցության համար իրենք դեռեւս պատրաստ չեն. պատրաստ լինելուն պես՝ իրենք դուրս կգան փողոց ու այնտեղից չեն գնա, մինչեւ չհասնեն համակարգային փոփոխության: «Սարդարապատ» շարժումը Հայաստանի ընդդիմությանը հորդորում է եւ մինչեւ 2012 թ. մայիս շարունակելու է հորդորել չմասնակցել հերթական խորհրդարանական ընտրություններին, ինչպես նաեւ արտահերթ ընտրությունների:

«Եթե իշխանությունները եւս մեկ անգամ համարձակվեն բանակի ուժը կիրառել ժողովրդի դեմ, այս անգամ ժողովուրդը պետք է բռնի ուժին պատասխանի բռնի ուժով»,- հայտարարեց բանախոսը: Նա վստահ է, որ Հայաստանում բացառվում է քաղաքացիական պատերազմի հնարավորությունը, քանի որ՝ «Մեր երկրի կեղեքողները մի քանի տասնյակ ընտանիքներ են: Ժողովուրդը, բանակը, ներքին զորքերը… մեծամասնությունը ժողովրդի հետ է: Հիշեք՝ մարտի մեկին ի՞նչ եղավ. բանակը եկավ-կանգնեց ժողովրդից կիլոմետրեր հեռու: Մինչեւ ժողովուրդը չգնաց, չցրվեց, նրանք չհամարձակվեցին բանակը մոտեցնել ժողովրդին, որովհետեւ բանակը միավորվելու էր ժողովրդի հետ, չկասկածեք»: Վերհիշելով 2008-ի մարտիմեկյան դեպքերը՝ բանախոսը ուշագրավ տեղեկություն հրապարակեց. «Մարտի մեկին, կեսօրին, ներքին զորքերի զորամասերի 50 տոկոսից ավելի զինվորները փախել էին տուն: Ընտանիքները վազում էին իրենց երեխեքին այդ զորամասերից փախցնելու: Ով որ կարծում է, որ բանակը կարող է հանել ժողովրդի դեմ, թող դա հանի իր մտքից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել