Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԶԻՋՈՒՄՆԵՐ ԷԻՆ ՍՊԱՍՈՒՄ, ԲԵԼԱՌՈՒՍԻՑ՝ ՈՉ

Հունվար 21,2011 00:00

Հայաստանյան ընդդիմադիրները սրանով բացատրեցին եվրոպական  կառույցների կողմից Հայաստանում եւ Բելառուսում տեղի ունեցած հետընտրական իրադարձությունների նկատմամբ երկակի մոտեցումը:

Երեկ հայտնի դարձավ, որ Եվրախորհրդարանը բանաձեւ է ընդունել, որով առավել քան խիստ պատժամիջոցներ է կիրառում Բելառուսի նկատմամբ: Մասնավորապես, արգելում է բելառուս պետպաշտոնյաներին, դատավորներին եւ ուժային կառույցների ղեկավարներին, որոնք առնչություններ ունեն դեկտեմբերի 19-ին Բելառուսի նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած բողոքի ցույցերի ճնշման հետ, մուտք գործել ԵՄ տարածք, նաեւ տնտեսական պատժամիջոցներ է փորձում կիրառել՝ մասնավորապես կոչ անելով ԱՄՀ-ին սառեցնել Բելառուսին տրամադրվող վարկերը: Բանաձեւի հեղինակները խստորեն դատապարտել են բելառուսական ոստիկանության եւ ՊԱԿ-ի կողմից ուժի գործադրումը եւ պահանջել են դեկտեմբերյան իրադարձությունների միջազգային անկախ հետաքննություն իրականացնել, նաեւ Բելառուսին կոչ են արել նոր քվեարկություն անցկացնել, որը կհամապատասխանի միջազգային չափանիշներին:

Նկատենք, որ որքան էլ ԵՄ կողմից ընդունված բանաձեւը համարժեք լինի Բելառուսում տեղի ունեցած իրադարձություններին, միեւնույն է՝ դա երկակի չափանիշի կիրառման փաստ է: Հիշեցնենք միայն, որ Բելառուսում հետընտրական զարգացումների ժամանակ 36 մարդ է կալանավորվել, զանգվածային անկարգությունների ճնշման դեպքում էլ զոհեր չեն եղել: Այլ էր Հայաստանում 2008-ի նախագահական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակը. ընտրությունները կեղծվեցին, իսկ հետընտրական բողոքի ցույցերը ճնշելու արդյունքում 10 մարդ սպանվեց, ավելի քան հարյուրավոր ընդդիմադիրներ, այդ թվում՝ կուսակցության առաջնորդներ եւ ՀՀ նախագահի թեկնածուի նախընտրական շտաբի պետ Ալեքսանդր Արզումանյանը, հայտնվեցին բանտերում: Թվում է, թե Հայաստանում եւ Բելառուսում տեղի ունեցած այդ դեպքերն իրենց հետեւանքներով անհամեմատելի են, բայց արի ու տես, որ եվրոպական ոչ մի կառույց Հայաստանի նկատմամբ ոչ միայն այսօրինակ պատժամիջոցներ չկիրառեց, ինչը պահանջել եւ այսօր էլ պահանջում են հայաստանյան որոշ ընդդիմադիրներ եւ իրավապաշտպաններ, այլեւ շարունակում են ֆինանսական աջակցություն ցուցաբերել Հայաստանին:

Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, եվրոպական կառույցների հետ դիվանագիտություն վարելու հարուստ փորձ ունեցող, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, Լիբերալ կուսակցության ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը մեկնաբանելով Բելառուսի նկատմամբ Եվրախորհրդարանի կիրառած խիստ պատժամիջոցների փաստը՝ ասաց. «Նախ՝ Բելառուսը, որպես պետություն, Եվրոպայի կողմից ընկալվում է միանգամայն այլ պրիզմայով, եւ այն արձագանքը, որը կա Եվրամիության կողմից Բելառուսում տեղի ունեցող իրադարձություններին՝ համարժեք է, առավել եւս, որ Բելառուսը գտնվում է Եվրոպա-Ռուսաստան բաժանարար գծի վրա: Այդ իմաստով ԵՄ-ի համար շատ կարեւոր է, որ Եվրոպայի տարածքում կայունություն լինի. Եվրոպան շատ զգայուն է այդ հարցերում: Բայց Եվրոպան նաեւ երկակի ստանդարտներ է կիրառում, եւ դա ակնհայտ է, երբ վերհիշում ենք, թե Եվրոպան ինչպես արձագանքեց 2008թ. հայաստանյան ընտրություններին եւ մարտիմեկյան դեպքերին: Դա երկակի ստանդարտի մաքուր կիրառման օրինակ է, եւ Հայաստանի նկատմամբ Եվրոպայի ավելի հանդուրժողական վերաբերմունքի հիմնական պատճառը երկուսն են. առաջինը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրն է, երկրորդը՝ հայ-թուրքական հարաբերությունները: Այսինքն՝ Եվրոպան վախենում է Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել՝ մտածելով, որ Հայաստանն արդյունքում ավելի կհակվի դեպի Ռուսաստան, որով կվտանգի նաեւ ԼՂ հիմնախնդրի կարգավորումը, որը Եվրոպան ակնկալում է ԵԱՀԿ ՄԽ-ից: Եվ, ի վերջո, Եվրոպան Հայաստանի առնչությամբ երկակի չափանիշներ կիրառեց՝ հիմնականում ԱՄՆ-ի ճնշման տակ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ պայմանավորված: Դա էր այն գինը, որի համար Եվրոպան աչքերը փակեց «Մարտի 1»-ի 10 զոհերի, հարյուրավոր քաղբանտարկյալների առկայության փաստի վրա: Դրա դիմաց Արեւմուտքը ստացավ Սերժ Սարգսյանի՝ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու եւ ԼՂ հարցում խնդրի կարգավորման համատեքստում որոշակի առաջընթաց գրանցելու խոստումները»: Իհարկե, Հովհ. Հովհաննիսյանի ասելով, Եվրոպայի այդ սպասելիքները չարդարացան, բայց «նա դեռ սպասելիքներ ունի»: Նշանակո՞ւմ է արդյոք դա, որ Եվրոպան առաջիկայում էլ աչք կփակի Հայաստանում տեղի ունեցող եւ ժողովրդավարությունից հեռու գործընթացների վրա: «Կարծում եմ՝ այո, բայց ամեն ինչ վերջ ունի, այդ թվում՝ Եվրոպայի ու եվրոպական կառույցների կողմից Հայաստանի նկատմամբ չհիմնավորված մոտեցումները»,- ասաց ՀԱԿ ներկայացուցիչը:

Այն, որ Հայաստանի եւ Եվրոպայի սրտում գտնվող նախկին խորհրդային տարածքի երկրների նկատմամբ միջազգային կառույցները երկակի չափանիշներ են կիրառում՝ ակնհայտ եւ որոշակիորեն պատճառաբանված համարեց նաեւ խորհրդարանական ընդդիմության՝ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը: «Երկակի չափանիշները կամ «ռեալ պոլիտիկը» ամբողջ աշխարհում քաղաքականության մեջ ընդունված մեթոդաբանություն է, որը կիրառվում է նաեւ կոնկրետ դեպքում: Իսկ դրա պատճառները, կարծում եմ, հետեւյալն են. նախ՝ Հայաստանի պարագայում մեր երկրից պահանջելու եւ ստանալու քայլեր կային, եւ ՀՀ իշխանությունները պատրաստ էին դրանց»,- ասաց Ա. Մարտիրոսյանը՝ հստակեցնելով, որ խոսքը Հայաստանի կողմից զիջումների մասին է՝ ե՛ւ հայ-թուրքական, ե՛ւ ԼՂ հարցում: «ՀՀ-ն զիջումների գնաց, ինչը մենք տեսանք հայ-թուրքական՝ նախապայմաններ պարունակող արձանագրությունների ստորագրման հարցում, նրանք զիջումների գնացին նաեւ ԼՂ հարցում՝ համաձայնեցին Մադրիդյան սկզբունքներին, որտեղ հստակ մատնանշված է ազատագրված տարածքների վերադարձը, ինչն արձանագրված էր նաեւ Աստանայում եռանախագահողների եւ երկու երկրների նախագահների ստորագրած հայտարարության մեջ, ուր հղում էր արված ՄԱԿ-ի ու նաեւ ԵԱՀԿ Հելսինկյան սկզբունքներին, Մոսկոկի եւ Լ’Աքվիլայի հայտարարություններին, որտեղ միանշանակ դրված է ազատագրված տարածքների վերադարձի խնդիրը»,- արձանագրեց նա:

Պատգամավորը նաեւ հավելեց, թե ԵՄ չինովնիկները որոշակի վախեր ունեն՝ կապված Ռուսաստանի հետ Հայաստանի առավել սերտ մերձենալու համատեքստում, ու փորձում են իրենց, այսպես ասած, «լողացող» քաղաքականությամբ Հայաստանին պահել Եվրոպայի տիրույթում. «Իհարկե, ես չեմ կարծում, թե Ռուսաստան-Հայաստան հարաբերությունները սրանից ավելի մերձենալու տեղ ունեն: Դրանից ավելի միայն ՌԴ-ի հետ Հայաստանի միավորումը կարող է լինել, թեեւ չեմ կարծում, որ Ռուսաստանն ինքն այս պահին ցանկանա»:

Մեր հարցին՝ Եվրոպան առաջիկայում ե՞ւս Հայաստանի նկատմամբ ավելի մեղմ վերաբերմունք կդրսեւորի եւ երկակի չափանիշներ կկիրառի, «Ժառանգության» պատգամավորն այսպես պատասխանեց. «Չեմ կարծում, թե Եվրոպայի այդ մոտեցման մեջ կտրուկ փոփոխություն լինի, որովհետեւ մենք տեսանք, որ ընդամենը մեկ-երկու ամիս առաջ ԵՄ-ն ավելի քան 100 մլն եվրո վարկ տրամադրեց Հայաստանին՝ իբր, բարեփոխումներ անելու համար, միջազգային ֆինանսական կենտրոններն էլ շարունակում են ֆինանսավորել Հայաստանին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել