Թոմաս Համմարբերգի երեկվա հանդիպումների օրակարգի առանցքային հարցն էլի 2008 թվականի մարտի 1-ի դեպքերն էին:
ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարին «Առավոտին» հայտնեց, որ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը երեկ 12.45-ին եկել է «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ եւ 15.15-ին հեռացել այնտեղից: ՔԿՀ-ում անցկացրած այս 2,5 ժամվա ընթացքում նա հանդիպել է նախ՝ Հարություն Ուռուտյանին, հետո՝ Նիկոլ Փաշինյանին:
Հարություն Ուռուտյանի որդին՝ ՀՀՇ երիտասարդական կազմակերպության ղեկավար Բաբկեն Ուռուտյանը, մեզ պատմեց. «Համմարբերգը հանդիպման ժամանակ հարցեր է տվել ընթացած նախաքննության եւ դատավարության, նաեւ քրեակատարողական հիմնարկի պայմանների վերաբերյալ: Ինձ այդքանն է հայտնի»: Իսկ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման որեւէ մանրամասն հայտնի չէ: Վարդգես Գասպարին պատմեց. «Արթիկից եկած ՀԱԿ-ի մի խումբ անդամների, համախոհների հետ՝ ընդամենը 7-8 հոգի, կանգնել էինք ՔԿՀ-ի դիմաց: Այդ ընթացքում Նիկոլին տեղափոխել էին մի մասնաշենքից մյուսը: Նրանք գոռացել էին «Նի-կոլ», նա ձեռնաշղթաներով երկու ձեռքը վերեւ էր բարձրացրել: Այդ ամենը ես չեմ տեսել՝ հեռախոսով խոսում էի, ինձ պատմեցին: Սա տեւել է մի քանի վայրկյան»: Ի դեպ, հավաքվածները պարզել են ցուցապաստառներ. «Ես ունեի մի պաստառ, որի վրա գրված էր՝ Նոբելյան խաղաղության մրցանակակիր, իրավապաշտպան Շիրին Էբադին Նիկոլ Փաշինյանին այցելելուց հետո վրդովված ասել էր, թե կալանավայրն այն տեղը չէ, որտեղ պետք է պահել լրագրողին: Հուսով եմ, որ Համմարբերգը տեսավ այդ պաստառը, եւ դա ինչ-որ չափով կունենա մի փոքր ազդեցություն»:
ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը երեկ հանդիպել է նաեւ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին: ՀՀ դատախազության կայքէջում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ անդրադարձ է եղել մարտի 1-2-ի դեպքերի եւ 10 անձանց մահվան կապակցությամբ հարուցված քրեական գործի նախաքննության արդյունքներին. «Աղվան Հովսեփյանը նախեւառաջ շնորհակալություն հայտնեց Թոմաս Համմարբերգին՝ նախաքննական մարմնին ցուցաբերած առարկայական օգնության, այն է՝ Իռլանդիայից մասնագետի ծառայությունների առաջարկման համար: Գլխավոր դատախազը կարեւորեց ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի երաշխավորած մասնագետի կատարած աշխատանքը եւ հույս հայտնեց, որ նաեւ Թոմաս Համմարբերգի հեղինակությունը կնպաստի հասարակության մեջ վստահության ամրապնդմանը՝ փորձագիտական եզրակացության նկատմամբ:
Աղվան Հովսեփյանը մասնավորապես նշեց, որ թե՛ մարդու իրավունքների հանձնակատարի երաշխավորած մասնագետի, թե՛ ՌԴ-ից ուղարկված փորձաքննության եզրակացություններով պարզվել է, որ «Չերյոմուխա-7» գազային նռնակի կրակված փամփուշտի նույնականացում տեխնիկապես, փորձաքննությունների գործող մեթոդոլոգիան հնարավորություն չի տալիս:
Գլխավոր դատախազը պարոն Համմարբերգին ներկայացրեց նաեւ ոստիկանության զորքերի մատյաններում հաշվառված զենքերի փորձաքննության ուղղությամբ կատարված աշխատանքները, որ հետազոտվել ու փորձաքննության են ուղարկվել ոչ միայն մատյաններում հաշվառված, այլ նաեւ պահեստներում գտնվող բոլոր զենքերը: Ըստ փորձաքննության արդյունքների՝ ոստիկանության զենքերի հաշվեկշռում չկան զենքեր, որոնցից արձակվել են այդ գնդակները: Աղվան Հովսեփյանը նաեւ նշեց, որ մարտի 1-2-ին զանգվածային անկարգությունների ժամանակ մահացած անձանց մարմիններից հայտնաբերված գնդակները պահպանվում են ու ցանկացած ժամանակ, եթե որեւէ փորձագետ ցանկություն ունենա կրկնակի փորձաքննություն անցկացնելու, ապա սիրահոժար կտրամադրվեն դրանք»:
Հաղորդագրության համաձայն՝ Թոմաս Համմարբերգը հույս է հայտնել, որ կարվի բավարար աշխատանք՝ հնարավորինս բացահայտելու մարտի 1-ի 10 մահվան դեպքերը: Իսկ Աղվան Հովսեփյանը նշել է. «10 մահվան դեպքերի բացահայտման ուղղությամբ մեծածավալ աշխատանքներ են կատարվել, եւ նախաքննությունը շարունակվում է»:
Հ. Գ. Նշենք, որ պրն Համմարբերգն այսօր հանդիպելու է ՀՀ նախագահին եւ հանդես է գալու մամուլի ասուլիսով, որտեղ ի վերջո պարզ կդառնա, թե ինչ եզրահանգումներ է արել այս բոլոր հանդիպումներից, որոնց ընթացքում նա գերազանցապես լսել է եւ միայն տվել հարցեր: