Իսկ երաժշտական թերապիան պայքարում է նորածինների ժառանգական հիվանդությունների դեմ
Հին Հռոմում հղիությունը սրբություն էր համարվում, եւ հին հռոմեացիները հղի կանանց աշխատում էին շրջապատել գեղեցիկով, փորձում հոգեպես աջակցել նրանց: Հնում նաեւ կարծում էին, որ հղի կնոջ երեւակայությունը մեծ ազդեցություն ունի սաղմի զարգացման վրա, եւ հղի կինն իր մտքերով կարող է աջակցել կամ վնասել երեխային: Ուստի հին Հռոմում հղի կանայք ծննդաբերությանը նախորդող շրջանն անպայման անցկացնում էին գեղեցկության հետ շփվելով՝ բնության մեջ, նուրբ մեղեդային երաժշտություն լսելով, ամրակազմ հերոսների քանդակները դիտելով: Հազարամյակներ են անցել, ու հին հռոմեացիների այս համոզմունքներն ապացուցվել են ժամանակակից բժշկության կողմից:
«Առավոտի» հարզախույզը մի շարք մայրիկների շրջանում ցույց տվեց, որ հղիության ընթացքում նրանց նախընտրած երաժշտությունը մեծ ազդեցություն է թողել իրենց երեխաների վրա: Օրինակ՝ 5-ամյա Արթուրի մայրիկ Աննա Խաչատրյանն ասաց. «Հղիության ընթացքում ինձ շատ էր դուր գալիս լսել բլյուզ: Այդ երաժշտությունն ինձ մի տեսակ հանգստացնում էր: Հիմա որդիս է դարձել բլյուզի սիրահար»: «Առավոտը» այս թեմաների շրջանակներում զրուցեց Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի գինեկոլոգիայի բաժնի վարիչ, ԵՊԲՀ մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ամբիոնի ասիստենտ, բ.գ.թ. Մարինա Ոսկանյանի հետ: Երաժշտության ազդեցության մասին տիկին Ոսկանյանն ասաց. «Անգլիացի մասնագետներն այժմ մտադրված են ստեղծել մի ինքնատիպ երաժշտական թերապիա, որը կպայքարի մի շարք ժառանգական հիվանդությունների դեմ՝ մինչեւ երեխայի ծնվելը: Ապացուցված է, որ երեխան դեռ ներարգանդային կյանքում ընդունակ է լսել երաժշտությունը: Ավելին, նա կարողանում է արտահայտել նաեւ իր հույզերը. հանգիստ լիրիկական երաժշտությունը ստիպում է նրանց տխրել, իսկ աշխույժ երաժշտությունը՝ ուրախանալ»: Հղի կանանց խորհուրդ չի տրվում լսել ռոքային, ռաբիս երաժշտություն: Այս ժանրի ստեղծագործոթյունները բացասական ազդեցություն են թողնում պտղի վրա: Տիկին Ոսկանյանը նշեց. «Պտղի զարգացման վրա բարենպաստ ազդեցություն է թողնում դասական երաժշտությունը: Այնպիսին, որն առավել մոտ է ալֆառիթմերին. օրինակ՝ Մոցարտի, Վիվալդիի ստեղծագործությունները հանգստացնում են պտղին: Իսկ ռոք երաժշտության ռիթմերը քայքայում են ապագա երեխայի գլխուղեղի բջիջները, եւ անգամ հնարավոր է ներարգանդային մահ: Ռոքի տակ ներարգանդային կյանքում երեխաները մեծանում են չար ու ագրեսիվ»: Նշված թեզն ապացուցելու համար գիտնականները կատարել են հետեւյալ փորձը. հղի կանանց խնդրել են օրական երեսուն րոպե լսել որեւէ երաժշտություն: Երեխաների ծնվելուց մեկ տարի անց հայտնաբերվել է, որ նրանց մայրիկների լսած երաժշտությունը իրենց համար առավել սիրելի ու նախընտրելի են դարձել: Հղիության ընթացքում իրենց ազդեցությունը կարող են թողնել նաեւ գույները, այն ֆիլմերը, որոնք հղի կանայք դիտում են մինչ ծննդաբերելը: Ըստ մեր զրուցակցի՝ ապագա մայրիկներին խորհուրդ է տրվում կրել մեղմ գույներ՝ վարդագույն, բաց կապույտ եւ այլն: Դիտել «happy end»-վ ֆիլմեր: Սակայն գինեկոլոգն ամենից շատ կարեւորում է հղիների առողջ ապրելակերպը, որի հիմքում ընկած է ճիշտ ընտրված սննդակարգը: Մ. Ոսկանյանը հղի կանանց խորհուրդ է տալիս. «Պետք է սնվել հավասարակշռված եւ ոչ բարձր կալորիականություն ունեցող մթերքներով: Պետք է օգտագործել ոչ յուղային մսամթերք, զերծ մնալ կծու, գրգռող համեմունքներ պարունակող ուտեստներից, լոբազգիներից: Հղի կնոջ սննդակարգում պետք է գերակշռեն թարմ մրգեր, բանջարեղեններ եւ հացազգիներ: Թարմ մրգերից տնային պայմաններում պատրաստված հյութերը, սառեցված հատապտուղներն ու չրեղենը եւս օգտակար են: Կաթը, յոգուրտը, պանիրը, թթվասերն ու կաթնաշոռը նպաստում են երեխայի մկանային եւ ոսկրային համակարգի նորմալ զարգացմանը: Իսկ կարագն ու քաղցրեղենը դասվում են բարձր կալորիականություն ունեցող մթերքների շարքին: Նրանց մեջ քիչ են վիտամիններն ու օգտակար հանքանյութերը: Պետք է խուսափել կոնֆետների, գազային ըմպելիքների օգտագործումից, քանի որ դրանք պարունակում են արհեստական նյութեր, որոնք վնաս են հղիներին»: