Լրահոս
Օրվա լրահոսը

Հաղթանակ՝ տաժանակիր պայքարում

Հունվար 20,2011 00:00

\"\"Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը Մելբուռնում մեկնարկած «Մեծ սաղավարտի» խաղարկության առաջին մրցման՝ «Australian Open»-ի առաջին փուլում հաղթեց Ավստրալիայի եւ համաշխարհային թենիսի պատմության մեջ  մեծ ռակետի լավագույն վարպետներից մեկին՝ Լեյթոն Հյուիթին: Բայց ի՜նչ գնով: Պայքարը տեւեց շուրջ հինգ ժամ, մի բան, որը բացառիկ երեւույթ է ընդհանրապես թենիսի եւ, մասնավորապես, Ավստրալիայի բաց առաջնության գոյության ընթացքում:
Նալբանդյանի այս հաղթանակը նշանակալի է նաեւ նրանով, որ Դավիթն ու Լեյթոնն իրենց մարզական կարիերայի ընթացքում կորտում հինգ դիմակայություն էին ունեցել, որոնցից երեքում հաջողությունը երեք անգամ ուղեկցել էր ավստրալացուն: Եվ հասկանալի է, որ ժամանակին աշխարհի ուժեղագույն թենիսիստների այս հակամարտությունը սկզբունքային բնույթ էր կրում, ինչը, թերեւս, նաեւ անձնական էր: Ի վերջո, Նալբանդյանը հաղթեց 3:6, 6:4, 3:6, 7:6 (7:1), 9:7 հաշվով:
Այդ դաժան պայքարից հետո Նալբանդյանի հաջորդ մրցակիցը լինելու է լիտվացի Ռիչարդաս Բերանսկիսը: Բայց կհասցնի՞ Դավիթը վերականգնել ուժերը եւ հաղթահարել նաեւ երկրորդ շրջանի արգելքը: Թեկուզ այն պարագայում, որ Բերանսկիսի անունը համաշխարհային թենիսի ներկայիս օրակարգում առանձնապես հաճախ չի հիշատակվում: Սա ասում ենք՝ հաշվի առնելով վերջին մեկ տարում Դավիթ Նալբանդյանին անընդհատ հետապնդող վնասվածքներն ու դրանց ապաքինման համար հարկադրված բուժումները, որոնք խանգարում են հայ թենիսիստին՝ իրական հնարավորությունները դրսեւորել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել