Լրահոս
Օրվա լրահոսը

Շնորհակալություն պարտության համար

Հունվար 20,2011 00:00

Ֆուտբոլի Հայաստանի վերջին առաջնությունում 4-րդ տեղը գրաված Երեւանի «Միկան»  Սանկտ Պետերբուրգում ընթացող ԱՊՀ եւ բալթյան երկրների չեմպիոնների «Համագործակցության գավաթի» խաղարկության «B» խմբի վերջին հանդիպումում 2:1 հաշվով առավելության հասնելով Ուզբեկստանի չեմպիոն «Բունյոդկորի» նկատմամբ՝ երկրորդ տեղով անցավ քառորդ եզրափակիչ, որտեղ երեկ հանդիպեց Ադրբեջանի «Ինտերի» հետ:
Խաղից առաջ «Միկայի» գլխավոր մարզիչ Արմեն Շահգելդյանը ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել էր, թե այդ խաղն իր համար ընդամենը մարզական հանդիպում է, որում մերոնք ձգտելու են հաղթանակի: Նա նաեւ հասկացնել էր տվել, որ անհաջողության մատնվելուն կարեւորություն, առավել եւս՝ քաղաքական աստառ տալու անհրաժեշտություն չկա: Մարզիչն, անշուշտ, ճիշտ էր պատասխանել հարեւան հանրապետության լրագրողի հարցին. ֆուտբոլն էլ սպորտ է, որտեղ ամեն բան հնարավոր է: Սակայն պարտվել էլ կա՝ պարտվել էլ: Այսպիսի սկզբունքային խաղում սեփական դարպասը չորս անպատասխան գնդակ ընդունելը, ինչը խոշոր հաշվով պարտվել է նշանակում, առավել ցավալի է, քան խմբային մրցաշարի արգելքը հաղթահարել չկարողանալու տարբերակը կարող էր լինել: «Armsport.am»-ի վկայությամբ՝ «Միկայի» գլխավոր մարզիչը հայ մարզասերների համար այդ նվաստացուցիչ պարտությունից հետո նույն ադրբեջանական լրագրողներին հայտարարել է, թե թիմը մրցաշար եկել է լավ ֆուտբոլ ցուցադրելու համար: Ու անգամ «չոր» հաշվով պարտությունից հետո շնորհակալություն է հայտնել իր սաներին: Գուցե մարզական տեսանկյունից նա ճիշտ է: Բայց արդյոք Շահգելդյանի հետ համամի՞տ են ֆուտբոլասերները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել