Վեյկ ան Զեեում ընթացող շախմատի «Tata Steel Chess 2011» գերմրցաշարում ուժեղագույնների խմբում հանդես եկող Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը տոնեց անդրանիկ հաղթանակը:
Հայ գրոսմայստերը չորրորդ տուրում սպիտակներով հանդիպելով Ռուսաստանի ներկայացուցիչ Յան Նեպոմնյաշչիի հետ, օգտվեց սկզբնախաղում մրցակցի թույլ տված կոպիտ սխալից եւ արդեն 26-րդ քայլում նրան ստիպեց կանգնեցնել ժամացույցը: Սա Լեւոնի առաջին հաղթանակն էր մրցաշարում, ինչի շնորհիվ նա 2,5 միավորով բարձրացավ երրորդ հորիզոնական եւ Անիշ Գիրիի ու Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ միասին բաժանում է 3-5-րդ տեղերը: Իսկ մրցաշարային աղյուսակը 3,0-ական միավորով գլխավորում են աշխարհի գործող չեմպիոն Վիշվանաթան Անանդն ու Հիկարու Նակամուրան: Առաջատարների հնգյակին ընդամենը կես միավոր են զիջում միանգամից հինգ գրոսմայստերներ՝ Վլադիմիր Կրամնիկը, Էրվին Լ`Ամին, Յան Նեպոմնյաշչին, Ռուսլան Պոնոմարյովը, Յան Սմիթսը:
«B» խմբում հանդես եկող մեր հանրապետության մյուս ներկայացուցիչը՝ գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը, նույն օրը սեւերով ոչ-ոքի արեց Վութեր Սփուելմանի հետ եւ 2,5 միավորով նույնպես առաջատարների խմբում է: Նա մեկ քայլով է ետ մնում միանձնյա առաջատարից՝ Լյուկ ՄաքՇեյնից:
Երեկ Վեյկ ան Զեեում շախմատիստների համար հանգստյան օր էր: Այսօր Լեւոն Արոնյանը խաղում է Վլադիմիր Կրամնիկի, իսկ Գաբրիել Սարգսյանը՝ Լի Չաոյի հետ: