Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ընթացող շախմատի Հայաստանի կանանց բարձրագույն խմբի 66-րդ առաջնությունը երեկ հատեց եզրագիծը: Նախորդ օրը նախավերջին՝ ութերորդ տուրում Սիրանուշ Անդրիասյանը պարտության մատնեց Արմինե Բաբայանին, Անահիտ Խառատյանը՝ Վարդուհի Քալաշյանին, Նարինե Գասպարյանը՝ Աստղիկ Մեսլեջյանին, իսկ Լիա Մարտիրոսյան-Շուշաննա Սարգսյան պարտիան ավարտվեց ոչ-ոքի: Վերջին տուրից առաջ մրցաշարային աղյուսակն այսպիսի տեսք ուներ:
1. Սիրանուշ Անդրիասյան Էջմիածին 5,5 միավ.
2. Անահիտ Խառատյան Վանաձոր 4,5
3. Նարինե Գասպարյան Վանաձոր 4,0
4. Լիա Մարտիրոսյան Վանաձոր 4,0
5. Շուշաննա Սարգսյան Վայք 3,5
6. Մարիա Գեւորգյան Երեւան 3,0
7. Աստղիկ Մեսլեջյան Երեւան 2,5
8. Վարդուհի Քալաշյան Գյումրի 2,5
9. Արմինե Բաբայան Երեւան 2,5
Երեկ վճռորոշ տուրի զույգերն էին. Սիրանուշ Անդրիասյան-Լիա Մարտիրոսյան, Նարինե Գասպարյան-Արմինե Բաբայան, Վարդուհի Քալաշյան-Աստղիկ-Մեսլեջյան, Մարիա Գեւորգյան-Անահիտ Խառատյան:
Հայաստանի չեմպիոնուհու կոչումը նվաճելու եւ միջազգային մրցաշարերում կանանց ազգային հավաքականի կազմում մեր երկրի մարզական պատիվը պաշտպանելու իրավունք նվաճելու համար մրցաշարի առաջատար, միջազգային վարպետ Սիրանուշ Անդրիասյանին բավարարում էր ոչ-ոքին, ինչն էլ նա կատարեց երեկ՝ իր անվան դիմաց գրանցելով 6,0 միավոր: Հանգամանքների հաջող ընթացքի պարագայում վաստակած միավորներով նրան հավասարվել կարող էր, թերեւս, միայն Անահիտ Խառատյանը: Սակայն Հայաստանի արդեն նախկին չեմպիոնուհին պարտվեց Մարիա Գեւորգյանին ու 4,5 միավորով բավարարվեց 2011 թվականի կանանց բարձրագույն խմբի առաջնության արծաթե մեդալով: «Armchess.am»-ի երեկ հրապարակած տվյալներով, նույնքան միավորով բրոնզե մեդալը նվաճեց Լիա Մարտիրոսյանը: