Լրահոս
Օրվա լրահոսը

Ուսանողները բողոքում են

Հունվար 20,2011 00:00

Բողոքի ակցիա՝ ընդդեմ Ադրբեջանի եւ Թուրքիայի հակահայ քաղաքականության

Երեկ Հրանտ Դինքի մահվան 4-րդ եւ Բաքվի հայկական ջարդերի 21-րդ տարելիցի կապակցությամբ «ԵՊՀ երիտասարդ համալսարանականների միավորում» կազմակերպության նախաձեռնությամբ մի խումբ համալսարանականներ քայլերթ էին կազմակերպել դեպի Եղեռնի զոհերի հուշահամալիր: Համալսարանականները ծաղկեպսակ դրեցին Բաքվի ջարդերի զոհերի հուշաքարին՝ հարգանքի տուրք մատուցելով նրանց հիշատակին, այնուհետ քայլեցին դեպի Հրանտ Դինքի հուշաքար:
«ԵՊՀ երիտասարդ համալսարանականների միավորում» կազմակերպության նախագահ Գեւորգ Մելքոնյանի խոսքով, օրերս իրենք տեղեկացել են, որ Ռուսաստանում Ադրբեջանի համայնքում տարածվել է լուր, թե ՌԴ-ում ադրբեջանական կոնգրեսը պատրաստվում է 1915 թվականի Մեծ եղեռնի վերաբերյալ հանդես գալ «հակափաստարկներով». «Այս առիթով որոշեցինք ԵՊՀ ուսանողների եւ Երեւանի ճարտարապետության եւ շինարարության համալսարանի ուսանողական խորհրդի հետ համատեղ իրականացնել այս քայլերթը, միջազգային հանրությանը հասցնելու, որ հայ երիտասարդներին հուզում է խեղված պատմությունը, եւ որ մենք ամեն ինչ անելու ենք՝ կանխելու թուրքական եւ ադրբեջանական քաղաքական խաղերը: Ե՛վ Բաքվի հայերի ջարդը, ե՛ւ Հրանտ Դինքի քաղաքական սպանությունը 19-րդ դարի վերջի եւ 20-րդ դարի սկզբի օսմանյան քաղաքականության շարունակությունն են: Այսօր, ցավոք, Ադրբեջանը եւ իր մեծ եղբայր Թուրքիան դեռ չեն գիտակցում այդ ոճրագործության իրական հետեւանքները, որովհետեւ միջազգային հանրության կողմից դեռեւս պատշաճ ճանաչում չեն ձեռք բերել այս երկու կարեւոր եւ մեծ իրադարձությունները»:
Թե ի՞նչ քայլեր են իրականացվում հայ երիտասարդների եւ համալսարանականների կողմից հարեւան պետությունների նմանօրինակ գործողությունները կանխելու նպատակով, Գ. Մելքոնյանն ասաց. «Այսօրվա երթը մեր առաջին քայլերից է: Նպատակ ունենք ավելի սերտացնել սփյուռքահայ երիտասարդների հետ մեր համագործակցությունը: Պետք է կարողանանք լուրջ, փաստարկված հարվածներ հասցնել ե՛ւ Ադրբեջանի կեղծ քարոզչությանը, ե՛ւ Թուրքիայի: Ստացվում է այնպես, որ այս երկու երկրներն էլ փորձում են պատմությունը կեղծելու սկզբունքով ստեղծել սեփական երկրի չեղած պատմությունը: Արդեն հանդիպել ենք մի խումբ սփյուռքահայ երիտասարդների հետ եւ պայմանավորվել, որպեսզի կապ լինի աշխարհի բոլոր հայ երիտասարդների միջեւ, ովքեր աշխատում եւ գործում են տարբեր համալսարաններում: Սա մեզ հնարավորություն կտա՝ գոնե համակարգված հակահարված հասցնել ե՛ւ Ադրբեջանի, ե՛ւ Թուրքիայի հակահայկական լոբբինգին»:
Ինչո՞ւ են երիտասարդները որոշել իրենց ձայնը բարձրացնել Հրանտ Դինքի մահվան օրը: Գ. Մելքոնյանը ասաց. «Քայլերթի եւ հարգանքի տուրքի նպատակն այն է, որ այսկերպ մեր ձայնը լսելի լինի միջազգային հանրությանը, որ հասկանան՝ մենք ձեռքներս ծալած չենք նստում ու մեր պատմությունը երբեք չենք մոռանում»:
Քայլեթին մասնակից համալսարանականներն այնքան էլ շատ չէին: Ըստ Գ. Մելքոնյանի, ներկա էին միայն ուսխորհրդի անդամները, քանի որ ներկայումս քննաշրջան է, եւ ուսանողներին դժվար է համախմբել: Համալսարանականների ձեռքին մեր պետական եւ ԵՊՀ-ի դրոշակներն էին: Որքան նկատեցինք, նրանցից մի քանիսի համար կարծես պատվաբեր չէր դրոշ բռնելը, որովհետեւ միմյանց վրա էին գցում եռագույնը բռնելու պարտականությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել